Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹ՝

Սեպտեմբեր 07,2005 00:00

ՄՐՑՈՒՅԹ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սեպտեմբերի 4-ին ավարտվեց ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած անձանց դիմումների ընդունումը: Ամսի 5-6-ը ամփոփվում էին արդյունքները, եւ մինչեւ երեկ ուշ երեկոյան հայտնի չէր, թե ընդհանուր առմամբ քանի տեղ է հատկացվել լրացուցիչ մրցույթին մասնակցողներին: Նախապես հայտարարվեց, որ կա 120 թափուր տեղ, որին կարող են հավակնել այս դիմորդները, սակայն թիվը հաստատուն չէր: Նախարարը կարող էր տեղեր ավելացնել՝ ըստ Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանի, «կախված դիմորդների քանակից եւ բուհերի հնարավորություններից: Բուհերի ղեկավարների հետ համաձայնեցնելով՝ տեղերը կբաշխվեն»: Ընդհանուր առմամբ, այս տեղերի համար դիմել է 2000 դիմորդ: Բոլոր դիմումները մուտքագրված են հաշվիչ կենտրոն, եւ նախնական դիմում-հայտերում նշված մասնագիտությունների շրջանակներում պետք է անցկացվեր լրացուցիչ մրցույթը: Վ. Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր առավոտյան ցուցակներն արդեն հաշվիչ կենտրոնից կուղարկվեն բուհեր, սակայն ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ցուցակները կփակցվեն միայն ժամը 16-ից հետո: Նշյալ 120 թափուր տեղերի մեջ մտնում են հիմնականում Ճարտարագիտական համալսարանի, Գյուղակադեմիայի որոշակի մասնագիտություններ, առանձին մասնագիտություններ Մանկավարժական համալսարանից, «որոնց գծով նախատեսված պլանային տեղերը կամ շատ էին, կամ դիմորդներն էին քիչ, եւ նորից վերաբաշխում կատարվեց»: Ըստ մեզ հասած լուրերի, Տնտեսագիտական համալսարանը պատրաստ է ընդունել եւս 50 հոգու. «Քանի տեղ կտրվի տնտեսագիտականին, չեմ կարող ասել, օրվա վերջում կիրականացվի այդ պրոցեսը»,- երեկ որոշակի ոչինչ չասաց պրն Խաչատրյանը: Ի դեպ, երեկ օրվա վերջում մրցույթի իրականացման պրոցեսին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հանրապետական ընդունող հանձնաժողովից անմասն չպետք է մնար նախագահականի վերահսկողականը: Մեր ընթերցողներին հուզող մեկ հարցի մասին եւս. ՀԸՀ պատասխանատու քարտուղարը նշում է, որ միջին մասնագիտական հաստատությունների ընդունելության կարգի համաձայն, կենտրոնացված համակարգով քննություն հանձնած եւ մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են դիմել միջին մասնագիտական հաստատություններ՝ միեւնույն կամ մոտ մասնագիտությունների գծով, եւ մասնակցել վերջիններիս մրցույթին, եթե այնտեղ կան թափուր տեղեր: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել