Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՑՄԱՆ

Սեպտեմբեր 07,2005 00:00

ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՔԱՐԱՑԱԾ ՉԷ Քարացած չեն նաեւ տների գներն ու մարդկանց՝ փողոց շպրտելու ժամկետները Դեռեւս Հյուսիսային պողոտայի իրացման գործընթացից պարզ դարձավ, որ մեծ աղմուկ-աղաղակով ուղեկցված վտարումից օգտվել են իրացման տարածքի բնակիչներից շատերը: Դրանք բաժանվում են երեք խմբի: Առաջին խումբ՝ մարդիկ, որոնք մինչ այդ հասցրել էին զարտուղի ճանապարհներով սեփականացնել ոչ միայն իրենց, այլեւ՝ պետական սեփականության տարածքներ, եւ գնահատման ժամանակ կարողացան ներկայացնել շոշափելի ունեցվածք: Երկրորդ խումբ՝ մարդիկ, որոնք փոխշահավետ համաձայնության եկան իրացումը համակարգող ԾԻԳ-ի պաշտոնյաների հետ, իսկ երրորդ խմբում նրանք են, ովքեր համառությամբ, նյարդային կորուստների եւ ամիսների տառապանքի գնով կարողացան փոքր-ինչ ավելացնել ի սկզբանե հատկացվելիք գումարը: Տուժել են այն բնակիչները, որոնք, որպես պետության հետ գործ ունեցող օրինապահ քաղաքացիներ ընդունել են ԾԻԳ-ի ասածը՝ որպես օրենք, ենթարկվել պետական մարմնի պահանջին եւ լքել տուն-տեղն առանց խոչընդոտների եւ աղմուկի: Ճիշտ է, նրանցից ոմանք որոշ ժամանակ անց, երբ մյուսների օրինակով հասկացան, որ օրինապահ լինելն այս երկրում այնքան էլ ճիշտ չէ, կրկին բողոքեցին, ամիսներ շարունակ կառավարության եւ քաղաքապետարանի շենքերի մոտ ցույցեր արեցին եւ 3-4 հազար դոլար ավելացրին իրենց ստացածին: Իսկ մնացա՞ծը: «Առավոտը» մի քանի անգամ առիթ է ունեցել համոզվելու, որ խմբագրություն եկած բողոքարկուների «ոդիսականը» եւ նրանց հանդեպ թույլ տված անօրինականությունները տպագրելուց հետո նրանց կանչել են «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ»-ից եւ առաջարկել նոր՝ ավելի բարձր գումարաչափ: Այս ամենից պետք է եզրակացնել, որ իրացման գոտում չի գործել ու չի գործում հստակ քաղաքականություն: Բնակիչներին բոլոր դեպքերում փորձում են «քցել», ստացվե՞ց՝ լավ, եթե ո՞չ՝ տալ այնքան, որ «ձայնը կտրի»: Թերեւս ճիշտ էր շուրջ մեկ տարի առաջ երկրի նախագահի այն հանձնարարականը, որը տրվեց Հյուսիսային պողոտայի իրացման աղմկոտ ընթացքից հետո՝ նոր իրացվող գոտիներում բնակչի հետ առուվաճառքի բանակցություններում պետական որեւէ կառույց չպետք է դեր ու մասնակցություն ունենա: Ըստ հանձնարարականի՝ հիշյալ ԾԻԳ-ը պետք է միայն զբաղվեր իրացման քաղաքականությամբ, ժամանակացույցի, փաստաթղթերի մշակմամբ ու այլ «գրասենյակային» գործերով, իսկ բնակիչների հետ «լեզու թրջելը» մնալու էր միմիայն տարածքի նոր սեփականատերերի վրա: Սակայն Հյուսիսային պողոտային հաջորդած Բուզանդի փողոցի իրացման ժամանակ, չգիտես ինչու, կրկին ասպարեզ եկավ եւ գներ նշանակելու ու վտարելու պարտականությունն իր վրա վերցրեց ԾԻԳ-ը: Ինչո՞ւ: Այս հարցը երեկ «Առավոտն» ուղղեց ասուլիս հրավիրած ԾԻԳ-ի ներկայիս տնօրեն Կարեն Դավթյանին: «Իրացման պրոցեսը քարացած գործընթաց չէ, դրանով կարող էր զբաղվել նաեւ նոր սեփականատերը: Սակայն կառավարության այս տարվա մայիսի 15-ի թիվ 759-Ն որոշմամբ այդ պարտականությունը դրվեց մեր ԾԻԳ-ի վրա: Իսկ մենք կատարող անձ ենք»,- պարզաբանեց նա: Այսինքն, ենթադրենք, որ կառավարությունը, ի դեմս իր ստորադաս օղակների, չի կարողացել հրաժարվել իրացումից ստացվող ստվերային գումարներից: Մեր հաջորդ հարցին, թե «ճի՞շտ է, որ Երեւանի քաղաքապետը հանձնարարել է մինչեւ սեպտեմբերի 10-ը Բուզանդի փողոցի իրացման ենթակա հատվածն ազատել բնակիչներից», Կ. Դավթյանը պատասխանեց. «Իրացման ժամկետները նույնպես քարացած չեն: Քաղաքապետը մեզ հանձնարարել է կրկին բանակցել բողոքող բնակիչների հետ, եւ միայն բանակցությունների միջոցով գալ ընդհանուր արդյունքի»: Պարզվեց՝ դա է պատճառը, որ երկուշաբթի օրը հարկադիր կատարողները վտարման համար «չայցելեցին» Բուզանդի 15 հասցեում «ծվարած» ութ ընտանիքներին, թեպետ այդ օրվա համար վաղօրոք ուղարկել էին զգուշացման գրություններ: Այսինքն՝ ԴԱՀԿ-ի աշխատաոճն էլ «քարացած» չէ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել