Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վերաբաժանվում է հայրենակցական կլանների

Սեպտեմբեր 07,2005 00:00

Հայաստանը վերաբաժանվում է հայրենակցական կլանների ՏԻՄ ընտրությունների առիթով Արամ Կարապետյանի դիտարկումները Բացահայտելով իր տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանի հնարավոր իրավահաջորդների մասին, «Առավոտի» հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն առայժմ երկու անուն բարձրաձայնեց՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի: Նրա տեղեկություններով՝ մոտ ժամանակներս հասարակությանը կծանուցվի նոր կուսակցությունների ստեղծման մասին, որոնք թվով 12-ը կլինեն: Դա պարոն Կարապետյանը պայմանավորում է իշխանությունների՝ «հաջորդ պառլամենտը լոսկուտային դարձնելու» որոշմամբ: «Դա հասկանալի քաղաքական գործընթաց է, բայց հասկանալի չէ, որ արվում է «Սյունիք», «Գորիս», «Նիգ Ապարան» եւ այլն… այսինքն հայրենակցական միությունների միջոցով՝ բաժանելով ազգը: Մի ոլորտը կլինի ապարանցիներինը, մյուսը՝ սյունիքցիներինը ու այդպես: Յոթերորդ դարում, երբ մենք պետություն չենք ունեցել՝ այդպիսի իրավիճակ եղել է: Բայց հիմա դա ամենացավալի բանն է, որի համար ամենամեծ պատասխանատվությունը կկրի Ռոբերտ Քոչարյանը»,- ասում է նա: Իսկ թե ի՞նչ նպատակով է դա արվում՝ «տարրալուծելու ղարաբաղյան կլանը»,- կարծում է Արամ Կարապետյանը: Ի դեպ, «Նոր ժամանակները» նույնպես բոյկոտում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, չնայած որ կուսակցության նախագահի համոզմամբ իրենք բավականաչափ լավ հնարավորություններ ունեն: «Հիմա այդ ընտրապայքարի մեջ մտնելը նշանակում է առճակատման գնալ, որի ընթացքում ահավոր մեծ քանակությամբ փողեր են ներդրվելու: Բացի այդ, ենթադրենք Կենտրոն համայնքում հաղթեց ընդդիմության թեկնածու Ռուզան Խաչատուրյանը: Ի՞նչ փոփոխություն պիտի անի նա թաղապետարանի գործունեության մեջ, որը ցույց տա, որ ինչ-որ բան արմատապես փոխվում է: Չէ որ ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցչի իշխանության գալը, վերջիվերջո, նշանակելու է, որ նրանից սպասելիքներն ավելի մեծ են լինելու: Կկարողանա՞ Ռ. Խաչատուրյանը կանգնեցնել Հյուսիսային պողոտայի գործընթացը, առանց պետական, լուրջ ատյանների օգնության մի քայլ առաջ գցել: Մենք, իհարկե, ողջունում ենք նրա առաջադրումը, շատ լավ է, բայց…»,- հռետորական հարցեր է հնչեցնում մեր զրուցակիցը: Այս համատեքստում նա վերհիշեց Ալթայի գուբերնատոր Միխայիլ Եվդակիմովին, մարդ, որը ժողովրդի կողմից բավականաչափ ընկալված եւ ընդունված լինելով եկավ իշխանության. «Պարզվում է՝ մահից մի քանի օր առաջ նա իր մտերիմներից մեկին խոստովանել է, որ առանց Կրեմլի նույնիսկ փողոցն ասֆալտ անելն անհնար է դարձել: Ցավոք, այսպիսին են մեր երկրները: Հիմա ամեն ինչ նպատակաուղղված է մի բանի՝ դա ռեսուրս է, որը վերցնելու պարագայում կարելի է նախագահ դառնալ: Այդպիսով՝ հերթական անգամ կընկնենք նույն ճահիճը, որում այսօր ենք: Սերժ Սարգսյանը բոլորին նշանակում է, որպեսզի հաջորդ ընտրություններում օգտագործի եւ բնավ էական չէ, թե այդ մարդը բալանս կարդալ գիտի արդյոք: Հիմա մենք է՞լ մտնենք այդ խաղի մեջ, որ ցույց տանք, թե մի երկու քաղաքապետ կարող ենք նշանակել… Եթե այդպես է՝ մարդիկ լավ էլ անում են, մեզանից ավելի հունարով, էլ ինչի ենք ընդդիմություն դարձել»,- վրդովվում է «ՆԺ» ղեկավարը: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել