Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՑ ՄԱՐԶԱԲԱԶԱՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Սեպտեմբեր 07,2005 00:00

Այս
տարվա գարնանը կառավարության որոշմամբ մայրաքաղաքի վեց խոշոր մարզակառույցներում
հիմնական նորոգում սկսվեց, որի ֆինանսավորման առյուծի բաժինը դրվեց «Հայաստան» համահայկական
հիմնադրամի վրա: Սպորտի պետական կառույցի ու ՀԱՕԿ-ի ղեկավարությունն այս ամբողջ
ընթացքում շինարարական աշխատանքները մշտապես պահել են ուշադրության կենտրոնում, պարբերաբար
այցելել օբյեկտներ: Հերթական շրջայցը կատարվեց երեկ: Բոլոր մարզակառույցներում էլ
շինարարությունը թեւակոխել է ավարտական փուլ: Շինարարները խոստանում են դրանք շահագործման
հանձնել նախանշված ժամկետներում՝ իհարկե ապահովելով բարձր որակ: Ծախսվել են հսկայական
դրամական ու նյութական միջոցներ, որպեսզի մեր առաջատար մարզիկները շուրջտարի նորմալ
պայմաններում մարզվելու հնարավորություն ունենան, իսկ երեխաներն ու ազգաբնակչությունը
կարողանան կոփել առողջությունը: Հասկանալի է, որ նման հնարավորություն ամեն անգամ
չի ստեղծվում: Ու դա քաջ գիտակցում են նաեւ շինարարները, որոնք աշխատում են «այս
ամենը նաեւ մեր երեխաների համար է» նշանաբանով: Հանրապետության մարզական ղեկավարները,
մասնագետները գոհ մնացին արվող աշխատանքից: Այս անգամ նրանց հետ էր նաեւ «Հայաստան»
համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, որն իր տպավորությունները
կիսեց «Առավոտի» հետ: – Այն, ինչ ձեզ հետ միասին տեսանք, ինձ ուրախացրեց:
Հուսով եմ, որ արված գործը կնպաստի մեր մարզիկների ցուցանիշների բարձրացմանը, ավելի
մեծ թվով երեխաների սպորտի մեջ ներգրավելուն: Եթե խոսելու լինենք մեծ սպորտի մասին,
հայաստանցի մարզիկների մրցելույթների մակարդակն օլիմպիական խաղերում ոչ ոքի չպետք
է զարմացնի, եթե նայելու լինենք նրանց մարզումային հնարավորություններին: Կարծում
եմ՝ գումարները, որ հատկացնում ենք մարզաբազաների հիմնանորոգմանը, լիովին արդարացված
են: Դա ոչ միայն սպորտի, այլեւ ազգաբնակչության առողջության, ազգային արժանապատվության
համար է եւ հույս ունեմ, որ մենք մեդալներ կտեսնենք ամենաբարձրակարգ մրցումներում:
Մենք այդ հնարավորությունն ունենք: – Հիմնադրամն այլ մարզական ծրագրեր ունի՞:
Ասենք, Հայաստանի մարզերում: – Եկեք առայժմ այս մեկն ավարտենք: Սա մեզ համար
նոր ու բավականին բարդ ծրագիր էր: Գումարը հատկացվել էր նպատակային, հատուկ մարզական
կառույցները վերանորոգելու համար: Եթե բարերարները տեսնեն ու հասկանան, որ արդյունքներ
կլինեն, կարծում եմ, շարունակություն կլինի: Համենայնդեպս, ես դա ուզում եմ: Ինչ
վերաբերում է մարզերին, գիտեմ, որ կառավարությունն այնտեղ ծրագրեր ունի եւ իրականացնում
է: «Հայաստան» հիմնադրամը մարզերում մարդկանց ամենօրյա կենսական խնդիրներով է զբաղվում՝
ջրատարներ, դպրոցներ, հիվանդանոցներ… – Մայրաքաղաքի համար որքա՞ն գումար
եք հատկացրել: – Երկու միլիոն դոլարին համարժեք դրամից ավելի: – Սպորտ
սիրո՞ւմ եք եւ որեւէ մարզաձեւով զբաղվե՞լ եք: – Մի քիչ լողով եմ զբաղվել,
հետեւաբար սպորտ սիրում եմ: Շրջայցի ավարտին, երբ հանպատրաստից վերլուծվում
էր տեսածը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Մինչեւ հիմա դժգոհությունը հիմնականում
պայմաններից էր: Այդ խնդիրներն աստիճանաբար լուծում ենք: Բայց նաեւ Սպորտպետկոմի
նախագահ Իշխան Զաքարյանի հետ միասին որոշել ենք շուտով լրջորեն զբաղվել նաեւ կադրային
հարցերով: Փոփոխություններ լինելու են: Ով չաշխատի՝ սպորտում տեղ չի ունենալու: Իսկ
ով արդյունք տա՝ կգնահատվի շատ ավելի»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել