Պայմանական վաղաժամկետ ազատված կապիտանին վերադարձնելու
են մեկուսարան ՀՀ քրեական եւ զինվորական գործերի վճռաբեկ պալատին վճռաբեկ
բողոքով դիմել էր զինվորական դատախազ Գ. Ջհանգիրյանը: ՊՆ N զորամասի ֆինանսական ծառայության
պետ, կապիտան Աթաբեկ Գալոյանը դատապարտվել էր 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ զորամասի
գումարները վատնելու եւ յուրացնելու համար: Կրելով սահմանված պատժի կեսը՝ 2 տարի
9 ամիս 6 օր, պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի չկրած մասից 2 տարի 8 ամիս 24
օր շուտ: Բացի այդ, անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի դատավճռով որոշվել էր հօգուտ ՀՀ
պաշտպանության նախարարության բռնագանձել 31.713.435 դրամ, իբրեւ հանցագործությամբ
պատճառված վնասի փոխհատուցում: Սակայն զինդատախազությունը գտնում է, որ նրան ազատելը
սխալ է եւ դատարանից պահանջում է վերադարձնել Ա.Գալոյանին ազատազրկման վայր: Զինդատախազության
կարծիքով՝ դատապարտյալի նկատմամբ «պատժի չկրած մասի փոխարինումը ավելի մեղմ կկիրառվեր
այն դեպքում, երբ նա օրինակելի վարքագծով եւ աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով
ապացուցեր իր ուղղված լինելը»: Արդյունքում թե՛ առաջին, թե՛ վերաքննիչ դատարանները
վճռեցին Ա. Գալոյանին վերադարձնել մեկուսարան: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով
վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Գալոյանին պայմանական վաղակետ ազատելու
հարցը, եզրակացրել է. «Ինչ վերաբերում է ՊՆ 31.713.435 դրամի չափով պատճառված վնասից
մինչ այսօր ընդամենը նրա կողմից 20.000 դրամի չափով վերականգնվելուն, ապա դատարանը
գտնում է, որ դրանով դատապարտվածը ցանկանում է մոլորության մեջ գցել դատարանին եւ
արհեստականորեն տպավորություն ստեղծել այն մասին, որ ինքը ձեռնարկում է հնարավոր
բոլոր միջոցները՝ պատճառված վնասը հատուցելու նպատակով»: Բարձրագույն կրթությամբ,
2 անչափահաս երեխայի հայր Ա. Գալոյանը պնդում է. «Նորից անազատության մեջ գտնվելով՝
վնաս է հասցվում ոչ միայն պետությանը, այլեւ այն երկու անչափահաս երեխաներին, ովքեր
2,5 տարի անհայր մեծանալով, դեռեւս այդքան ժամանակ էլ պետք է սպասեն ինձ»: Վերջինս
իրեն մեղսագրված 750.000 դրամի յուրացման կապակցությամբ «Առավոտին» հայտնեց. «Ես
ոչ թե յուրացրել եմ, այլ դատաքննությունների ժամանակ չեմ կարողացել հիմնավորել, թե
զորամասի ինչ կարիքների համար եմ դրանք օգտագործել»: Ա. Գալոյանը համաձայն չէր եւ
առարկում էր ԶԴ բողոքի այս ձեւակերպմանը, ըստ որի, նյութական վնասի չվերականգնելը
վկայում է իր ոչ օրինակելի վարքագծի մասին: Սեպտեմբերի սկզբին Վճռաբեկը նույնը
թողեց դատավճիռը: Ա. Գալոյանին մեկուսարան «կուղեկցեն», որով կխախտվի Սահմանադրության
հոդվածներից առաջնահերթը. «Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը
խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: Սակայն ո՞ր երկրում: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ