Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՀԱՅՐԵՐԸ»

Սեպտեմբեր 07,2005 00:00

Պատմության համար արձանագրենք՝ կոալիցիոն գործիչները, որոնք ստորագրել են սահմանադրական փոփոխությունների նախագծի ներքո՝ իրականում գրեթե կապ չունեն այդ փաստաթղթի հետ: Գործող Սահմանադրության հեղինակներ ոմանք համարում են 90-ականներին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Եգորյանին, ոմանք էլ՝ Աժ իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանին:

Իսկ ովքե՞ր են սահմանադրական ներկա փոփոխությունների հեղինակները: Արտաքուստ հարցի պատասխանը կարող է թվալ շատ դյուրին: Փոփոխությունների նախագծի ներքո ստորագրել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Սակայն սահմանադրական քննարկումների ընթացքն ապացույց դարձավ, որ փաստացի հեղինակներ համարվող մարդիկ իրականում շատ անգամ ցուցաբերում էին տեքստին անտեղյակություն եւ անիրազեկություն:

Իհարկե՝ կոալիցիան եւ ՀՀ նախագահն են, որ քաղաքական պատասխանատվություն են կրում այս նախագծի համար: Սակայն, այնուամենայնիվ, կոալիցիոն գործիչները չէ, որ մշակել են այս փոփոխությունները: Այդ գործառույթն իրականացրել է աշխատանքային հատուկ խումբը, որի կազմում էին՝ մեր ունեցած տեղեկություններով, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը եւ «Ժողովրդավարություն» կազմակերպության ներկայացուցիչներ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը:

Վարդան Պողոսյանը մեր զրույցի ընթացքում հաստատեց, որ աշխատել է նախագծի տեքստի վրա հունիս-հուլիսին, այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի հետ հունիսի 23-24-ին Ստրասբուրգում սկզբունքային համաձայնությունների ձեռքբերումից հետո: «Նախագծի մշակման տարբեր փուլեր կան՝ իրավաբանական եւ քաղաքական: Այն փուլին, որի մասին ասացի, իսկապես չեն մասնակցել քաղաքական գործիչներ,- նշեց պրն Պողոսյանը:- Եղել է նախագծի փորձագիտական առումով մշակում, որից հետո արդեն կոալիցիան ու ՀՀ նախագահը համաձայնել կամ չեն համաձայնել արված առաջարկներին»:

Եվս մի քաղաքական ուժ կա, որ հավակնում է սահմանադրական փոփոխությունների առնվազն համահեղինակության: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը մեր զրույցում հայտնեց, թե փաստաթղթում առկա է իրենց դրույթների 60 տոկոսից ավելին. «Մեր անունը գրված չէ, սակայն ամրագրված են մեր մոտեցումները, այդ թվում նաեւ՝ ՄԱԿ-ի առաջարկած տեքստից ուղղակի «տրանսֆեր» են արված նույն ձեւակերպումով հոդվածներ: Ասենք՝ ԱԺ գործունեության ժամկետի վերաբերյալ՝ դա մեր «նոու-հաուն» էր: Դատախազի նշանակումն ԱԺ կողմից նույնպես մեր առաջարկած մոդելն է: ՄԱԿ-ի նախագծում նաեւ գրել էինք, թե վարչապետին կարող է պաշտոնանկ անել միայն ԱԺ-ն: Սահմանադրական դատարանին, Կենտրոնական բանկին, Արդարադատության խորհրդին վերաբերող մեր մոտեցումները նույնպես արտացոլված են այս փաստաթղթում»:

ՄԱԿ խմբակցության ղեկավարը սակայն նշեց, թե չի խոսում հեղինակային իրավունքի մասին. «Չնայած հենց փոփոխությունների ներկա նախագծում կա շատ հետաքրքիր եւ մեզ համար դուրեկան արտահայտություն՝ «ՀՀ-ում ապահովվում է մտավոր սեփականության պաշտպանությունը: Բայց քանի որ մենք աշխատավարձ ենք ստանում ԱԺ-ում օրենսդրական գործունեությամբ զբաղվելու համար՝ չենք պատենտավորում ձեւակերպումները»:

Մեր հարցին, թե այնուամենայնիվ՝ ո՞վ է գրագողություն արել ՄԱԿ-ի նախագծից, Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Չեմ մտաբերում, թե մեր քննարկումների ժամանակ ընդհանրապես անդրադարձ կատարած լինենք ԱԿ-ի նախագծին: Եկեք նաեւ հաշվի առնենք, որ ՄԱԿ-ի փաթեթը գրեթե ամբողջությամբ հիմնված էր 2001-ի նախագծի վրա: ՄԱԿ-ը նաեւ չի թաքցրել, ու շատ ազնվորեն ասել է, որ իրենք էլ օգտվել են ժամանակին ԱԺԿ-ի ներկայացրած նախագծից: Բայց դրանում որեւէ վատ բան չեմ տեսնում, քանի որ սահմանադրական նախագծերը հեղինակային իրավունքով պաշտպանված փաստաթղթեր չեն ու ցանկացա՛ծ մեկն իրավունք ունի ցանկացա՛ծ նախագծից ցանկացա՛ծ դրույթ ընդօրինակել, եթե դա համապատասխանում է իր համոզմունքներին: Փոփոխությունների ներկա փաթեթում բազմաթիվ դրույթներ կան, որոնք ուղղակիորեն վերցված են «Ժողովրդավարության» նախագծից: Եվ շատ կարեւոր է, որ հեղինակները չեն սահմանափակվում միայն իրենց նախագծով եւ փորձում են ընդօրինակել այն լավ դրույթները, որոնք կան այլ փաստաթղթերում»:

Հենց «Ժողովրդավարություն» կազմակերպությունն էր, որ «Առավոտի» էջերում ծավալուն քննադատության ենթարկեց փոփոխությունների առկա նախագիծը՝ մատնացույց անելով չլուծված խնդիրները: Գործել է «ես քեզ ծնել եմ՝ ես էլ կսպանեմ» սկզբո՞ւնքը՝ հարցին Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Իմ եւ Հրայր Թովմասյանի առաջարկները եղել են իսկապես փորձագիտական ու հաշվի են առնվել այնքանով, որքանով հարմար է գտել կոալիցիան կամ ՀՀ նախագահը: Այնպես որ, այդ առումով՝ մենք այս Սահմանադրության հայրերից չենք: Ու պատասխանատու ենք միայն «Ժողովրդավարություն» կազմակերպության նախագծի համար: Իսկ կոալիցիայի նախագծում, այո՛, իսկապես կան շատ լուրջ բացթողումներ (ինչպես խմբագրական, այնպես էլ՝ բովանդակային): Մեր մասնագիտական պարտքն է եղել թերությունները մատնանշելը: Ինչ հետեւություններ են արել այն մարդիկ, որոնք պատասխանատու են նախագծի համար՝ արդեն իրենց գործն է»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930