ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ՏԵՂ Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման մրցաշարի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը շաբաթ օրը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հյուրընկալեց 1-ին խմբի առաջատար, ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Հոլանդիայի ընտրանուն ու նահանջեց վերջին հորիզոնական: Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն առավելությամբ՝ 0:1: 63-րդ րոպեին միակ գոլի հեղինակը դարձավ հոլանդացիների հարձակման առաջատար Ռուդ Վան Նիստելրոյը: Հանդիպման մանրամասները ներկայացնելու որեւէ անհրաժեշտություն չկա, քանի որ այն ուղիղ եթերով հեռարձակվել է, ու ֆուտբոլասերները ամեն բան տեսել են սեփական աչքերով: Ասենք միայն, որ չնայած Հայաստանում ծարավի են ազգայինի հաղթանակներին, այդուհանդերձ, սեփական հարկի տակ արձանագրված այս պարտությունը չի ստվերում Հայաստանի հավաքականի անունը: Չմոռանանք, որ մրցակիցը ոչ այլ ոք էր, քան աշխարհի ֆուտբոլային գրանդներից մեկը: Ուժերի իրական հարաբերակցությունն իմանալով՝ ճիշտ չէր լինի մերոնցից անպայման հաղթանակ պահանջել: Բայց հարկավոր էր մեր ֆուտբոլիստներին, մարզիչներին ոգեւորել, տրամադրել պայքարի: Մինչդեռ, հանդիպման նախօրեին մամուլում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի՝ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը նախօրեին «խայտառակ հայտարարություն է արել», թե ինքը կարող է արժանանալ Օսկար Լոպեսի, Միհայ Ստոյկիցայի եւ Բեռնար Կազոնիի ճակատագրին: Ճիշտ է, խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում դա հերքվել է, սակայն երեկ ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանին խնդրեցինք տալ կատարվածի պաշտոնական մեկնաբանությունը: – Դա լրիվ ապատեղեկատվություն է,- ասաց նա:- Իրականում Հայաստան-Հոլանդիա հանդիպման նախորդ օրը մամուլի ասուլիսում, որն ընթանում էր ուղիղ հեռարձակմամբ, Հոլանդիայի հեռուստատեսության թղթակիցը Վիսմանին իրենց լեզվով՝ ֆլամանդերենով, հարցրեց, թե Հոլանդիա-Հայաստան խաղից հետո Բեռնար Կազոնիին ազատեցին աշխատանքից: Հնարավո՞ր է պարտության դեպքում նրան էլ ազատեն, որին Վիսմանը պատասխանեց, որ սա ֆուտբոլ է եւ խոշոր հաշվով պարտության դեպքում հնարավոր է, որը կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած թիմում: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչների անունների հիշատակմանը, ապա այն կապված էր Հենկ Վիսմանի օգնական թարգմանչի՝ Արամ Դանիելյանի հետ: Հոլանդացի լրագրողի հարցին, թե ինքը գո՞հ է արդյոք իր օգնական թարգմանչից, Հենկ Վիսմանն ասաց՝ «այո», քանի որ նա փորձառու թարգմանիչ է եւ աշխատել է Լոպեսի, Ստոյկիցայի եւ Կազոնիի հետ: Ասածներիս ճշմարտացիության մեջ համոզվելու համար ցանկացողները կարող են ասուլիսի տեսագրությունը թարգմանել տալ ցանկացած մասնագետի եւ համոզվել, որ շատ կոպիտ սխալ է տեղի ունեցել: Ավելացնեմ նաեւ, որ այդ հայտարարությունը բարոյահոգեբանական լուրջ ազդեցություն է ունեցել ֆուտբոլիստների ու մարզչի վրա, որովհետեւ դա արվել է խաղից ընդամենը մի քանի ժամ առաջ: – Այսինքն, այդ ասուլիսը ֆեդերացիան արդեն մասնագետներին թարգմանել տվե՞լ է: – Դրա կարիքը չկա: Ես անձամբ եմ Վիսմանից ճշտել, թե այդ օրն ինքն ի՞նչ է ասել իր մայրենի լեզվով ու նա ինձ բառացիորեն կրկնել է իր խոսքերը: Նույն օրը 1-ին խմբի մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Անդորրա-Ֆինլանդիա՝ 0:0, Ռումինիա-Չեխիա՝ 2:0: Մրցաշարային աղյուսակ 1. Հոլանդիա 9 8 1 0 21-3 25 2. Ռումինիա 11 7 1 3 19-10 22 3. Չեխիա 9 7 0 2 28-9 21 4. Ֆինլանդիա 9 4 1 4 16-14 13 5. Մակեդոնիա 10 2 2 6 10-19 8 6. Անդորրա 10 1 2 7 4-27 5 7. Հայաստան 10 1 1 8 5-21 4 Հայաստան-Հոլանդիա երիտասարդական հավաքականների խաղը նույնպես ավարտվեց հոլանդացիների առավելությամբ՝ 1:3: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ