Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահնիձորը»՝ Վանաձորում

Սեպտեմբեր 06,2005 00:00

«Ահնիձորը»՝ Վանաձորում Ցուցահանդես՝ նվիրված Հրանտ Մաթեւոսյանի հիշատակին Սեպտեմբերի 2-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց գեղանկարիչներ Նիկոլ Աղաբաբյանի, Հրանտ Թադեւոսյանի եւ Խաչիկ Ղարաբեկյանի աշխատանքների՝ «Ահնիձոր» խորագրով ցուցահանդեսը: Նկարիչներն այն նվիրել էին Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակին: Երեք նկարիչների համար էլ կարեւոր էր ցուցահանդեսը կազմակերպել Վանաձորում՝ ոչ հեռու մեծ գրողի ծննդավայրից: Ներկայացված էին 70 աշխատանքներ, որոնք մի քանի ամիսների ընթացքում ստեղծվել էին Ահնիձորում: Հ. Թադեւոսյանը նշեց. «Երանի այն մարդուն, որը չի եղել Ահնիձորում ու նոր պետք է գնա տեսնի: Չնաշխարհիկ մի տեղանք է, որտեղ ստեղծագործող մարդը շատ բարձրարվեստ գործեր կարող է ստեղծել: Եվ միգուցե բոլորովին էլ պատահական չէ, որ Հրանտը, ծնվելով Ահնիձորում՝ իր հետ կարծես համահայկական դարձրեց այն: Հիմա բոլորս տեղյակ ենք Ահնիձորի տեղանքին, խոսքին, կատակներին»: Խ. Ղարաբեկյանը ասաց, որ Հրանտի կերպարը իրեն հոգեկան բավարարվածություն է տալիս. «Հրանտին նվիրված աշխատանքները ստեղծելիս երբեմն կապվում էի նրա ստեղծագործությունների որոշ տողերի հետ»: Նա փաստեց, որ երեք նկարիչներն էլ աշխատել են Հրանտով ու Ահնիձորով ոգեշնչված. «Ցուցադրված նկարները առաջին հայացքից թվում են՝ իրար շատ նման են, բայց նաեւ խիստ տարբեր են»: Ըստ Հ. Թադեւոսյանի, այս ցուցահանդեսը նաեւ հոգու պարտք էր: Վանաձորի Կերպարվեստի թանգարանի տնօրեն, գեղանկարիչ Փափագ Ալոյանը նշեց, որ թանգարանում պարբերաբար կազմակերպվում են թե՛ վանաձորցի, թե՛ այլ հեղինակների ցուցահանդեսներ: «Վերջին հինգ ամիսների ընթացքում արդեն մեր 10-րդ ցուցահանդեսն ենք կազմակերպում: Ի դեպ, այս ընթացքում ներկայացված ստեղծագործողների մեծ մասը ոչ թե Վանաձորից էր, այլ Երեւանից»: Տնօրենի կարծիքով՝ այսօր Հայաստանը երկու մասի է բաժանված. «Երեւանն առանձին Հայաստան է, մարզերն՝ առանձին: Այս բացը կարգավորելու համար անհրաժեշտ է երկրում անցկացվող միջոցառումները չկենտրոնացնել միայն մայրաքաղաքում, այլ օգտագործել ցանկացած հնարավորություն՝ դրանք մարզեր տանելու համար»: Վանաձորի թանգարանը գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ: Փ. Ալոյանը փաստեց, որ քաղաքապետարանի կողմից հատկացվող գումարները միանշանակ չեն բավականացնում թանգարանին, սակայն դա իրենց չի խանգարում աշխատել: «Մեր աշխատակիցների աշխատավարձը գուցե ամենացածրն է հանրապետությունում: Մեզ մոտ միջին աշխատավարձը 13 հազար է: Հույս ունենք, որ հունվարից կբարձրացվեն»,- ասաց Փափագ Ալոյանը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել