Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ

Սեպտեմբեր 06,2005 00:00

ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԵԼ Հարցազրույց «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն եւ «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ: – «Օրրան» բարեգործական կազմակերպությունը Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սեպտեմբերի 1-ից անցկացնում է միամսյակ՝ մարդկանց ուշադրությունը Հայաստանի անօթեւան ու կարիքավոր երեխաներին, ծերերի խնդիրներին կենտրոնացնելու նպատակով: Ինչպե՞ս ծնվեց այս նախաձեռնությունը: – «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հետ համատեղ գեղեցիկ ակցիա ենք սկսել՝ «Օրրանի» ամիսը Մարիոթում»: Միջոցառումը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ այս մակարդակով հասարակական կազմակերպությունը եւ մասնավոր հատվածը միասին աշխատելով՝ հանրության ուշադրությունը հրավիրելու են վերոնշյալ հարցի վրա: Հյուրանոց այցելող յուրաքանչյուր հյուր հնարավորություն կունենա նվիրատվություն անել «Օրրանին» եւ որպես հուշ իր հետ տանել մեր երեխաների ձեռքով պատրաստած կուժերը: Այնուհետեւ ամեն չորեքշաբթի երեխաները 10-15 րոպե կներկայացնեն ազգային երգ ու պար՝ ի նշան երախտագիտության: Ակցիայից հետո գուցե հանրությունը կսկսի ավելի լրջորեն մտածել այդ երեխաների ապագայի եւ մեծահասակների մասին, իսկ այլ կազմակերպություններ կփորձեն նման համագործակցությունները ընդլայնել: Սփյուռքում դաստիարակվել ենք այն ոգով, որ յուրաքանչյուր հայ երեխա մեր ընտանիքից է: 5 տարի առաջ հիմնադրվեց «Օրրանը»՝ 16 երեխաներով եւ իմ ու ամուսնուս՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցներով , հետագայում ձեռք մեկնեցին նաեւ մեր ընկերները, բարեկամները, ՀՀ կառավարությունը, նույնիսկ անծանոթները: Այսօր արդեն ունենք 4 հարկանի հարմարավետ կենտրոն, որը զբաղվում է 140 ծերերի, 65 մուրացիկ եւ կարիքավոր ընտանիքի երեխաների խնդրով: Մեկ-երկու ամսից կսկսի աշխատել մեր ատամնաբուժարանը: – Դուք, ուզեք, թե չուզեք, հետաքրքրվում եք քաղաքականությամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջ դերին՝ քաղաքականության մեջ: – Այո, հետաքրքրվում եմ քաղաքականությամբ, ամեն օր հետեւում լրատվությանը: Պիտի փաստեմ, որ հատկապես ԱԺ վերջին նիստերը ինձ ցավ են պատճառում իրենց որակով, մակարդակով՝ փոխանակ արտացոլելու մեր ժողովրդի հավաքական մտահոգությունները, ուժը: Ափսոսում եմ, որ կանանց մասնակցությունը չտեսա: Այս առումով, նրանց մասնակցությունը քաղաքականության մեջ նույնիսկ պարտադիր է, կանայք շատ բան կարող են փոխել իրենց մայրական հոգատարությամբ ու կանացի նրբությամբ: Ես, որպես կին, ողջունում եմ Ռուզան Խաչատրյանին, որին անձամբ ճանաչում եմ: Նա կարող անձ է եւ իր մասնակցությունը Կենտրոն համայնքի թաղապետի ընտրություններին շատ ճիշտ որոշում էր: Կարծում եմ՝ կանայք այս կեղտոտ, անդուր մթնոլորտը կարող են մի քիչ մեղմել, կանացի առողջ դատողությամբ մաքրություն բերել ու հավատ ներշնչել մարդկանց: Թե չէ՝ ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ խոր վերլուծություն չտեսանք, յուրաքանչյուրը փորձում էր անձնական հարցեր լուծել, անձնական գովաբանություն անել՝ ուրիշին վարկաբեկելու հաշվին: – Գաղտնիք չէ, որ Սարգսյան ընտանիքի (խոսքը Վազգեն Սարգսյանի ընտանիքի մասին է- Գ.Հ) հետ բարեկամական հարաբերությունների մեջ եք, հետեւաբար ճանաչում էիք Արմեն Սարգսյանին: Նաեւ իբրեւ իրավաբան, ի՞նչ եք մտածում Արմեն Սարգսյանի գործի մասին: – Արմեն Սարգսյանի հետ մեր բարեկամությունը ծնվել եւ խորացել է անարդարությունից: Լինելով իրավաբան, ես շատ եմ հետեւել իր դատական գործին, եւ բոլոր փաստերին, որոնք համոզիչ չեն: Շատ ցավալի էր, որ դատը չեղավ անաչառ: Արդյունքում Արմենի 2 փոքրիկները՝ Կարլենը եւ Նոնան, մեծանում են առանց հոր: Կարծում եմ՝ դատարանը չկարողացավ անաչառ ձեւով փաստել, որ նա իսկապես մեղավոր էր, եւ շատ հարցեր խորհելու տեղիք են տալիս: Թեկուզ այն, որ նրա գլխավոր վկան մինչեւ հիմա հիվանդանոցում է եւ ոչ բանտում… – Դուք ղեկավարում եք նաեւ «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը… – 14 տարի է՝ ղեկավարում եմ «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, որը հիմնադրվել է 919-ին՝ ԱՄՆ-ում: Մեր ջանքերով որոշ առարկաներ են մտել դպրոցական ծրագրի մեջ, օրինակ՝ «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Կիրառական տնտեսագիտություն»: «Քաղաքացիական կրթության» դասագիրքը ես եմ հեղինակել: Ամեն ամառ երեխաների համար կազմակերպվում է ճամբար, ուր երեխաների հետ խաղում ենք ընտրություններ, բորսա, ընդունում ենք ճանաչված հյուրերի, այդ թվում՝ ՀՀ-ում այլ երկրների դեսպանների, ԱԺ պատգամավորների, նախարարների, հայտնի կազմակերպությունների ղեկավարների եւ այլոց: Ուզում ենք, որ երեխաներն իրենց հետաքրքրությունները ընդլայնեն ոչ միայն քաղաքականության, այլեւ տնտեսագիտության մեջ եւ քաղաքացիական հասարակության հարցերով: – Երեխաները հատկապես ի՞նչ հարցերով են դիմում ձեր հայտնի հյուրերին: – Իրենք շատ անգամ հյուրերին ու ուսու ցիչներին դժվար դրության մեջ են դնում: Երեխաներ կան, որ ասում են՝ դուք մեզ սովորեցնում եք ազնիվ լինել, բայց երեկ ոստիկանը կանգնեցրեց իմ հայրիկի մեքենան եւ 1000 դրամ վերցրեց: Մենք էլ բացատրում ենք, որ վաղը իրենք են լինելու մեր ոստիկանները, մեր նախարարները, թող որոշեն ինչպես վարվել, որպեսզի այդ արատները մաքրվեն: – Դուք նաեւ 5 երեխաների մայր եք, ինչպե՞ս եք վերաբերվում ձեր երեխաների նախասիրություններին: – Շատ ուրախ եմ, որ 5 երեխաներս մեծանում են Հայաստանում, մեծերն արդեն սովորում են Միացյալ Նահանգներում, մեծ որդիս՝ 19 տարեկան Կարինը ժառանգորդն է իր մեծ հոր: 15 տարեկանում նա գիրք է գրել: Այժմ ուսանում է UCLA համալսարանում, բայց ամառները Հայաստանում է անցկացնում: Կարինը նաեւ իր թերթն է հիմնադրել՝ Bruin Standard: Ինքը սկզբում գրում էր իրենց համալսարանի թերթում, որտեղ հաճախ խմբագրում էին նյութերը ոչ իր ցանկացածի պես, ուստի որոշեց սեփական թերթ հիմնադրել: Այժմ նրա Bruin Standard-ը, որ հրատարակվում է 25000 տպաքանակով, համալսարանի թերթի օպոզիցիան է: Մյուս տղաներս՝ Տարոնը եւ Վանը, ավելի շատ սպորտով են հետաքրքրվում, Շուշին շարունակում է իր պարի դասերը Սոֆի Դեւոյանի մոտ, իսկ Արմենը փոխադրվել է 3-րդ դասարան: Նա էլ մեծ սիրահար է ֆուտբոլի եւ ոչ մի խաղ բաց չի թողնում: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել