Բազեյանի խումբն ընդդեմ կամայականությունների «Հանրապետություն» կուսակցությունից մի շարք գործիչների հեռացման մասին թեպետ արդեն մամուլում եղել է տեղեկատվություն, սակայն նրանք երեկ միայն պաշտոնապես հանդես եկան հայտարարությամբ, իրենց՝ կուսակցությունից դուրս գալու մասին։ Հիշեցնենք, որ այս հեռացումն ամենեւին էլ անսպասելի չէր, իրականում այդ նույն անդամները եւ առաջին հերթին Ալբերտ Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը արդեն մինչեւ դուրս գալը «հեռացել» էին կուսակցությունից, քանի որ սկզբունքորեն համաձայն չլինելով «Հանրապետություն» կուսակցության մի շարք անդամների եւ մասնավորապես Արամ Սարգսյանի կողմից կուսակցության անունից կատարվող հայտարարություններին եւ գործողություններին, չէին մասնակցում կուսակցության որեւէ որոշման եւ որեւէ գործողության։ «Հայտնելով մեր անհամաձայնությունը «Հանրապետություն» կուսակցության՝ վերջին շրջանում որդեգրած քաղաքական ուղեգծին, անընդունելի համարելով ներքաղաքական խնդիրները գլխավորապես արտաքին ուժերի աջակցությամբ լուծելու հույսն ու մոտեցումները, անիրատեսական գնահատելով այս կամ այն ժամկետներում երկրում հեղափոխություն իրականացնելու՝ ժողովրդին պարբերաբար տրվող խոստումներն ու վերամբարձ հայտարարությունները, անթույլատրելի համարելով սեփական անհաջողությունների համար քավության նոխազների փնտրտուքն ու ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ գործընկերներին հասցեագրվող հանիրավի մեղադրանքները եւ ընդդիմության ներսում անվստահության սերմանումը, ինչպես նաեւ ներկուսակցական խնդիրները կամայական որոշումներով լուծելու գործելակերպը, հայտնում ենք, որ մենք դադարեցնում ենք մեր անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ