Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳԵՈՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեպտեմբեր 06,2005 00:00

«ԳԵՈՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՖԻՔՍՎՈՒՄ Է» Ո՞վ եւ ի՞նչ նպատակով է բանակցում Թուրքիայի հետ: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի բացահայտումները: – Պարոն Կարապետյան, ամառային հանգիստը Դուք անցկացրիք Չեխիայի Կառլովի Վարի հանգստավայրում: Այստեղ լուրեր տարածվեցին, որ ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանն էլ է այդտեղ հանգստացել… – Առաջին տարին չէ, որ ես կամ Կառլոս Պետրոսյանը հանգստանում ենք այդտեղ: Այո, հանդիպում եղել է: Իմ կարծիքով Կառլոս Պետրոսյանը վարչական դաշտի միակ մարդն է, որը երբեւէ չի փնովել իշխանություններին: Դա շատ կարեւոր եւ հետաքրքիր է: Նա բացահայտ ասել է, որ հիմա քաղաքականությամբ չի զբաղվում: Ի դեպ, կողմնակից չէ հեղափոխական զարգացումներին: Անցած տարի, երբ նա դեռ ԱԱԾ ղեկավարն էր, այդ առիթով մենք հաճախ բախվել ենք: Հիմա կարող եմ ասել, որ ինքը մնացել է իր կարծիքին, ես՝ իմ: – Դեռ մեկնելուց առաջ տեղյակ էիք, որ իշխանական եւ ընդդիմադիր դաշտի շատ ներկայացուցիչներ են պատրաստվում այդ վայրում հանգստանալ, ակնկալում էիք հանդիպումներ, պայմանավորվածություններ: Արդարացա՞ն Ձեր սպասումները: – Հանդիպումների առումով՝ այո, պայմանավորվածությունների՝ ոչ: – Ո՞ւմ հետ եք հանդիպել: – Չեմ ուզում մանրամասնել, մարդիկ հանգստանում էին… կարող եմ ասել, որ սովորական մարդիկ Կառլովի Վարի չեն գալիս: Բոլոր հանդիպումների ընթացքում, անկախ նրանից, թե այդ մարդը որ թեւից էր, միանշանակ ընդունում էին մեր առավելությունները եւ ծրագրային, եւ կադրային, եւ մնացած բոլոր առումներով: Բոլորն այն կարծիքին էին, որ եթե սպասենք հերթական ընտրություններին, մենք որեւէ խնդիր չենք կարող ունենալ: Բայց ես մնացի իմ կարծիքին: Ոչ մի փաստարկ ինձ չհամոզեց, որ այս գիծը շարունակելով՝ Հայաստանն ապագա ունի: Նավթի գնի թանկացման արդյունքում Հայաստանում բենզինի թանկացումը, սպասվելիք այլ թանկացումները, Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը, նոր ծրագրերի իրականացումը, որոնց արդյունքում Հայաստանը լիարժեք կկղզիանա, մարդկանց կստիպեն հասկանալ, որ այս քաղաքական եւ տնտեսական գծով Հայաստանը ապագա չունի: Որեւէ մեկն ինձ հակառակում չհամոզեց: Իսկ ինձ նման քաղաքական գործիչներին առնել, վախեցնել՝ անհնար է: Մնում է մի բան՝ համոզել, որ իրենք ճիշտ են: – Հայաստան վերադառնալուց մի քանի օր անց ասացիք, որ մեկ օրով շտապ պետք է մեկնեք Մոսկվա: Հետո Ձեր ծրագրերը փոխվեցին եւ երեկ Դուք հանդիպել եք Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների հետ: Ի՞նչն էր նման խորհրդավորությունների պատճառը: – Ես հանդիպել եմ դեսպանատան առաջին քարտուղարի հետ: Գիտեք, բավականին հետաքրքիր իրավիճակ է ԱՊՀ-ի հետ կապված: Չնայած երեկ փորձում էին ինձ ապացուցել, որ ԱՊՀ-ն դեռ կյանք ունի, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանն ինքը ԱՊՀ-ն պահելու որեւէ մտադրություն չունի եւ դա շատ ճիշտ է՝ 2000-ից ավելի որոշումներից չորսն են աշխատում: Սափարմուրատ Նիյազովը հեռացավ: Առաջին հեռացումը նշանակում է, որ զանգն արդեն ղողանջում է: ԱՊՀ պետություններից մի մասը նայում է արեւմուտք: Ինչո՞ւ պիտի ՌԴ-ն ոչ միջազգային գներով գազ տա արեւմուտք նայող ռեժիմներին: ԱՊՀ-ն իր ժամանակը սպառել է, քանդվելու է եւ ՌԴ-ն էլ բավականաչափ կարծր դիրքորոշում է ունենալու դեպի արեւմուտք կողմնորոշում ունեցող երկրների նկատմամբ: Ինչեւէ, մեր ազգային շահը թելադրում է, որ ՌԴ-ի հետ եղբայրական հարաբերություններ ունենանք: – Դուք ասացիք թուրքական կառավարության ծրագրի մասին, ինչո՞ւ փակագծերը չեք բացում: – Հիմա ժամանակն է գործելու իշխանափոխության ուղղությամբ: Ես պարզապես ասում եմ, թե ինչու Հայաստանն այլ ճանապարհ չունի: 18 թվականի ավանտյուրայի գիրկը պիտի էլ չընկնի: Գործընթացները, որոնք կզարգանան ադրբեջանական ընտրությունների ժամանակ, որոնք կզարգանան Վրաստանում: – Գաղտնի բանակցողները հայտնի հայ-թուրքայան հաշտեցման հանձնաժողովի անդամնե՞ր են: – Ոչ: Նրանք մարդիկ են, ովքեր այսօր Հայաստանում շատ մեծ իշխանություն ունեն: Իշխանական խավի այդ ներկայացուցիչները եռակողմ՝ Թուրքիա, ԱՄՆ, Հայաստան, հանդիպումներ են ունեցել: Հիմա Ստամբուլում եւ Անկարայում երկկողմ հանդիպումներ են ունեցել բավականաչափ հետաքրքիր մարդկանց հետ: Խոսել են հայ-թուրքական հաշտեցման մասին: Մի կողմից Ռ. Քոչարյանը պետության քաղաքականության հիմքում դնում է պահանջատիրությունը, մյուս կողմից՝ իր շրջապատից բավականին ազդեցիկ դեմքեր բանակցում են, թե ինչպես հաշտեցնել: – Նրանք դաշնակցականնե՞ր են: – Ոչ: Անհասկանալի իրավիճակ է ստեղծվում: Բայց եթե գեոքաղաքական դաշտում ֆիքսվում է, թե ո՛ր խաղատան ո՛ր բլեք-ջեքի ժամանակ մարդը որքան գումար է տարվել, ուրեմն՝ ամեն ինչ է ֆիքսվում: Սեպտեմբերի 24-ը շատ հետաքրքիր բան է. Հայաստան-ՌԴ անձնագրային նոր ռեժիմ է մտցվում: Այդպես սկսեց Վրաստանի հետ՝ վիզային ռեժիմ: Որեւէ մեկը մտածո՞ւմ է՝ 2,5 մլն հայերից որքանն են ՌԴ քաղաքացի, որքանը՝ ոչ: Այդ «ոչ»-երը երբ գան Հայաստան՝ ի՞նչ կկատարվի: Եվ այլն, եւ այլն… Այնպես որ՝ ասում էին քաղաքական պահը չկար, հիմա դա էլ կա՝ սահմանադրական հանրաքվեն: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, երեկ կուսակության վարչությունը հայտարարություն է ընդունել, որով փաստելով իշխանությունների կողմից գործող Սահմանադրության «բազում եւ կոպիտ» ոտնահարումները՝ կոչ է անում «ո՛չ» ասել սահմանադրական բարեփոխումներին, որը կլինի իշխանափոխության գործընթացի սկիզբը: Իսկ հանրապետությունում գործող առողջ ուժերին կոչ է արվում միանալ իշխանափոխություն իրականացնելու գործին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել