Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍՈԼԻԴԱՐՆՈՍՏԻՑ»

Սեպտեմբեր 06,2005 00:00

«ՍՈԼԻԴԱՐՆՈՍՏԻՑ» ՄԻՆՉԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չի ափսոսում, որ «Սոլիդարնոստի» համաժողովին մասնակցելու պատճառով՝ ներկա չէր ԱԺ-ում սահմանադրական քննարկումներին: Օգոստոսի 29-31-ը նա եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Լեհաստանում մասնակցում էին «Սոլիդարնոստից մինչեւ ազատություն» խորագրով միջազգային համաժողովին, որը նվիրված էր «Սոլիդարնոստ» շարժման 25-ամյակին: Հաղորդվել է, որ ՐաֆՖի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկու, Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու եւ այլոց հետ: Իսկ ի՞նչ հանդիպումներ է ունեցել Վազգեն Մանուկյանը: Ի պատասխան նա ներկայացրեց տիրող մթնոլորտը. «Այնտեղ բոլորս մնում էինք նույն հյուրանոցում: Եվ այդ հյուրանոցի դահլիճում էլ տեղի էր ունենում համաժողովը: Ակումբի տպավորություն էր թողնում՝ միասին սուրճ էինք խմում, նախաճաշում, միջանցքներում խոսում իրար հետ: Ուստի՝ շատ մարդկանց ենք հանդիպել, 2-3 խոսք փոխանակել: Դրանք չէի ներկայացնի որպես պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում տեղի էին ունենում լուրջ քննարկումներ: Ավելի շատ՝ ծանոթություններ էին: Ինձ համար ուրախալի էր, ասենք, Վալենսայի հետ ծանոթանալը: Հետաքրքիր էր: Բայց կարծում եմ, որ միջոցառման կարեւորությունն այդտեղ չէր: Համաժողովը կարեւոր էր անցյալից ապագա իր ընթացքով: Նախանձով էի վերաբերվում, որ մեր հայկական շարժումն այնտեղ բացարձակապես ներկայացված չէր: Մոռացված մի շարժում է, որի մեղքը նաեւ մերն է, բայց մի քիչ էլ դիտավորություն կար իրենց կողմից: «Սոլիդարնոստի» դերը բարձրացնելով, ցույց տալով, թե համաշխարհային գործընթացների փոփոխությունը հենց իրենց շարժման միջոցով է տեղի ունեցել՝ մեծ արժեք էին ստանում արեւմտյան քաղաքականության մեջ: Եվ Լեհաստանը դրա միջոցով բավական հաջողությամբ փորձում է լիդերություն անել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում»: Հետաքրքրվեցինք, թե վերադարձից հետո տեղեկանալով արտահերթ նստաշրջանում կատարվածի մասին՝ ափսոսանքի զգացում չունեցա՞վ, որ գերադասեց մասնակցել վեհաժողովին: «Ես ավելի շատ ուրախության զգացում ունեի, որ ներկա չեմ եղել այդ խառնիճաղանջ գործընթացին,- ծիծաղեց պրն Մանուկյանը:- Ընդդիմության արտահայտած տեսակետների հետ հիմնականում համաձայն եմ: Ինձ համար ավելի հուզիչ է ոչ թե այն հարցը, թե հին Սահմանադրությունը կմնա կամ նորը կընդունվի, այլ շատ ավելի կարեւոր է՝ իշխանությունները կեղծիքներ կանե՞ն ըստ սովորության, թե՞ ոչ: Ոմանք պնդում են, թե իշխանություններին ձեռնտու է հինը թողնել, ոմանք էլ ասում են, թե ձեռնտու է փոխել՝ քաղաքական ինչ-որ նկատառումներից ելնելով: Ես խնդիրն այլ տեսանկյունից եմ դիտարկում, բայց կեղծիքների կդիմե՞ն, թե՞ ոչ: Կարծում եմ, գողության սովորած ձեռքը միշտ էլ կանի այդ գողությունը, ինչպես Շուրա Բալագանովը գրպանում հազարներ ունենալով՝ դարձյալ ջեբկիրություն արեց ըստ սովորության: Իշխանությունն էլ Բալագանովի օրին է՝ նորից կգնա կեղծիքների, քանի որ չի կարողանա իրեն զսպել: Եվ այդտեղ է լինելու մեր կռիվը»: Արտահերթ նստաշրջանից առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբոթը կարեւորեց, որ ընդդիմությունն իր մասնակցությունը բերի սահմանադրական գործընթացին. «Այսքանից հետո իրենց գործն է՝ աջակցե՞լ, թե՞ բարեփոխումներին «ոչ» ասել, բայց որ ընդդիմությունը առնվազն պետք է որ մասնակցի այդ քննարկումներին, կարծում եմ, ակնհայտ է»: Իսկ նստաշրջանի ավարտից հետո ե՛ւ նա, ե՛ւ Հայաստանում ԱՄՆ դեսպանն առավել սկսեցին կարեւորել այն, որ հանրաքվեն անցնի առանց կեղծիքների, զգուշացնելով, թե դրա հետեւանքով քաղաքական որոշումները կկայացվեն փողոցներում եւ աճող անվստահության մթնոլորտը կազդի իշխանությունների լեգիտիմության վրա: Արդյոք նման զգուշացումները չե՞ն ունենա զսպող, կանխարգելիչ նշանակություն՝ հարցին, ԱԺՄ նախագահը պատասխանեց. «Դեսպանների երկու պնդումներին էլ լրիվ համաձայն եմ: Ես գտնում էի, թե ճիշտ է ընդդիմության մասնակցելը արտահերթ նստաշրջանին, եւ իսկապես կարեւորում եմ կեղծիքների խնդիրը: Բայց նման զգուշացումները կկարողանա՞ն զսպել իշխանությունների կեղծիքներ անելու սովորությունը… Եթե ընդդիմությունը եւ ժողովուրդը չկարողանան զսպել՝ ոչ մի արտաքին ուժ էլ չի կարողանա լուծել այդ խնդիրը: Իսկ եթե հիմա էլ լինեն կեղծիքներ՝ դա եւս մի կործանարար հարված կլինի մեր երկրին: Եթե իշխանությունները հայտարարեին՝ մինչեւ հիմա ինչ արել ենք, «ղալաթ» ենք արել՝ եկեք բոլորս միասին հասարակական կյանքը կառուցենք ուրիշ սկզբունքների վրա, եւ այդ փոփոխություններով սկսենք նոր կյանք՝ մեր ժողովուրդը հավատացող է, կհավատար: Բայց դա տեղի չի ունենում, նույնիսկ խորամանկություններ են բանեցվում, թե պարտադրում են, մեզ առանձնապես պետք չի, ինչ-որ մի փոփոխություն կանենք, որ հանգստանան եվրոպացիները: Ժողովուրդն ինչո՞ւ պիտի մտնի այս խաղի մեջ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել