Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԵԼ

Սեպտեմբեր 06,2005 00:00

Հարցազրույց
«Պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն եւ «Օրրան» բարեգործական
կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ: – «Օրրան» բարեգործական
կազմակերպությունը Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սեպտեմբերի 1-ից անցկացնում
է միամսյակ՝ մարդկանց ուշադրությունը Հայաստանի անօթեւան ու կարիքավոր երեխաներին,
ծերերի խնդիրներին կենտրոնացնելու նպատակով: Ինչպե՞ս ծնվեց այս նախաձեռնությունը:
– «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հետ համատեղ գեղեցիկ ակցիա ենք սկսել՝ «Օրրանի»
ամիսը Մարիոթում»: Միջոցառումը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ այս մակարդակով
հասարակական կազմակերպությունը եւ մասնավոր հատվածը միասին աշխատելով՝ հանրության
ուշադրությունը հրավիրելու են վերոնշյալ հարցի վրա: Հյուրանոց այցելող յուրաքանչյուր
հյուր հնարավորություն կունենա նվիրատվություն անել «Օրրանին» եւ որպես հուշ իր հետ
տանել մեր երեխաների ձեռքով պատրաստած կուժերը: Այնուհետեւ ամեն չորեքշաբթի երեխաները
10-15 րոպե կներկայացնեն ազգային երգ ու պար՝ ի նշան երախտագիտության: Ակցիայից հետո
գուցե հանրությունը կսկսի ավելի լրջորեն մտածել այդ երեխաների ապագայի եւ մեծահասակների
մասին, իսկ այլ կազմակերպություններ կփորձեն նման համագործակցությունները ընդլայնել:
Սփյուռքում դաստիարակվել ենք այն ոգով, որ յուրաքանչյուր հայ երեխա մեր ընտանիքից
է: 5 տարի առաջ հիմնադրվեց «Օրրանը»՝ 16 երեխաներով եւ իմ ու ամուսնուս՝ Րաֆֆի Հովհաննիսյանի
միջոցներով , հետագայում ձեռք մեկնեցին նաեւ մեր ընկերները, բարեկամները, ՀՀ կառավարությունը,
նույնիսկ անծանոթները: Այսօր արդեն ունենք 4 հարկանի հարմարավետ կենտրոն, որը զբաղվում
է 140 ծերերի, 65 մուրացիկ եւ կարիքավոր ընտանիքի երեխաների խնդրով: Մեկ-երկու ամսից
կսկսի աշխատել մեր ատամնաբուժարանը: – Դուք, ուզեք, թե չուզեք, հետաքրքրվում
եք քաղաքականությամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջ դերին՝ քաղաքականության մեջ: –
Այո, հետաքրքրվում եմ քաղաքականությամբ, ամեն օր հետեւում լրատվությանը: Պիտի փաստեմ,
որ հատկապես ԱԺ վերջին նիստերը ինձ ցավ են պատճառում իրենց որակով, մակարդակով՝ փոխանակ
արտացոլելու մեր ժողովրդի հավաքական մտահոգությունները, ուժը: Ափսոսում եմ, որ կանանց
մասնակցությունը չտեսա: Այս առումով, նրանց մասնակցությունը քաղաքականության մեջ
նույնիսկ պարտադիր է, կանայք շատ բան կարող են փոխել իրենց մայրական հոգատարությամբ
ու կանացի նրբությամբ: Ես, որպես կին, ողջունում եմ Ռուզան Խաչատրյանին, որին
անձամբ ճանաչում եմ: Նա կարող անձ է եւ իր մասնակցությունը Կենտրոն համայնքի թաղապետի
ընտրություններին շատ ճիշտ որոշում էր: Կարծում եմ՝ կանայք այս կեղտոտ, անդուր մթնոլորտը
կարող են մի քիչ մեղմել, կանացի առողջ դատողությամբ մաքրություն բերել ու հավատ ներշնչել
մարդկանց: Թե չէ՝ ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ խոր վերլուծություն
չտեսանք, յուրաքանչյուրը փորձում էր անձնական հարցեր լուծել, անձնական գովաբանություն
անել՝ ուրիշին վարկաբեկելու հաշվին: – Գաղտնիք չէ, որ Սարգսյան ընտանիքի (խոսքը
Վազգեն Սարգսյանի ընտանիքի մասին է- Գ.Հ) հետ բարեկամական հարաբերությունների մեջ
եք, հետեւաբար ճանաչում էիք Արմեն Սարգսյանին: Նաեւ իբրեւ իրավաբան, ի՞նչ եք մտածում
Արմեն Սարգսյանի գործի մասին: – Արմեն Սարգսյանի հետ մեր բարեկամությունը
ծնվել եւ խորացել է անարդարությունից: Լինելով իրավաբան, ես շատ եմ հետեւել իր դատական
գործին, եւ բոլոր փաստերին, որոնք համոզիչ չեն: Շատ ցավալի էր, որ դատը չեղավ անաչառ:
Արդյունքում Արմենի 2 փոքրիկները՝ Կարլենը եւ Նոնան, մեծանում են առանց հոր: Կարծում
եմ՝ դատարանը չկարողացավ անաչառ ձեւով փաստել, որ նա իսկապես մեղավոր էր, եւ շատ
հարցեր խորհելու տեղիք են տալիս: Թեկուզ այն, որ նրա գլխավոր վկան մինչեւ հիմա հիվանդանոցում
է եւ ոչ բանտում… – Դուք ղեկավարում եք նաեւ «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը…
– 14 տարի է՝ ղեկավարում եմ «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, որը
հիմնադրվել է 919-ին՝ ԱՄՆ-ում: Մեր ջանքերով որոշ առարկաներ են մտել դպրոցական ծրագրի
մեջ, օրինակ՝ «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Կիրառական տնտեսագիտություն»:
«Քաղաքացիական կրթության» դասագիրքը ես եմ հեղինակել: Ամեն ամառ երեխաների համար
կազմակերպվում է ճամբար, ուր երեխաների հետ խաղում ենք ընտրություններ, բորսա, ընդունում
ենք ճանաչված հյուրերի, այդ թվում՝ ՀՀ-ում այլ երկրների դեսպանների, ԱԺ պատգամավորների,
նախարարների, հայտնի կազմակերպությունների ղեկավարների եւ այլոց: Ուզում ենք, որ
երեխաներն իրենց հետաքրքրությունները ընդլայնեն ոչ միայն քաղաքականության, այլեւ
տնտեսագիտության մեջ եւ քաղաքացիական հասարակության հարցերով: – Երեխաները
հատկապես ի՞նչ հարցերով են դիմում ձեր հայտնի հյուրերին: – Իրենք շատ անգամ
հյուրերին ու ուսու ցիչներին դժվար դրության մեջ են դնում: Երեխաներ կան, որ ասում
են՝ դուք մեզ սովորեցնում եք ազնիվ լինել, բայց երեկ ոստիկանը կանգնեցրեց իմ հայրիկի
մեքենան եւ 1000 դրամ վերցրեց: Մենք էլ բացատրում ենք, որ վաղը իրենք են լինելու
մեր ոստիկանները, մեր նախարարները, թող որոշեն ինչպես վարվել, որպեսզի այդ արատները
մաքրվեն: – Դուք նաեւ 5 երեխաների մայր եք, ինչպե՞ս եք վերաբերվում ձեր երեխաների
նախասիրություններին: – Շատ ուրախ եմ, որ 5 երեխաներս մեծանում են Հայաստանում,
մեծերն արդեն սովորում են Միացյալ Նահանգներում, մեծ որդիս՝ 19 տարեկան Կարինը ժառանգորդն
է իր մեծ հոր: 15 տարեկանում նա գիրք է գրել: Այժմ ուսանում է UCLA համալսարանում,
բայց ամառները Հայաստանում է անցկացնում: Կարինը նաեւ իր թերթն է հիմնադրել՝ Bruin
Standard: Ինքը սկզբում գրում էր իրենց համալսարանի թերթում, որտեղ հաճախ խմբագրում
էին նյութերը ոչ իր ցանկացածի պես, ուստի որոշեց սեփական թերթ հիմնադրել: Այժմ նրա
Bruin Standard-ը, որ հրատարակվում է 25000 տպաքանակով, համալսարանի թերթի օպոզիցիան
է: Մյուս տղաներս՝ Տարոնը եւ Վանը, ավելի շատ սպորտով են հետաքրքրվում, Շուշին շարունակում
է իր պարի դասերը Սոֆի Դեւոյանի մոտ, իսկ Արմենը փոխադրվել է 3-րդ դասարան: Նա էլ
մեծ սիրահար է ֆուտբոլի եւ ոչ մի խաղ բաց չի թողնում: Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել