Բաց նամակ Անդրանիկ Մարգարյանին 55
տարվա մանկավարժ եմ: Շատ ու շատ երեխաներ եմ կրթել եւ դաստիարակել, որոնք դարձել
են շնորհալի բանվորներ, անվանի գիտնականներ, երաժիշտներ, քաղաքական եւ պետական գործիչներ:
Հպարտանում եմ նրանցով: Ճիշտ է՝ եղել են նաեւ այնպիսիները, որոնք ինձ տխրություն
են պատճառել, չեն գտել կյանքում իրենց տեղը, երբեմն էլ վատ արարքներ են կատարել ու
խորտակվել, որի համար ես ինձ էլ եմ մեղավոր համարել: Չգիտեմ՝ Ձեր կուսակցի՝
Արմեն Աշոտյանի վերջին արարքի համար դուք Ձեզ մեղադրո՞ւմ եք, թե՞ ոչ: Աշխարհի եւ
մեր պառլամենտներում երբեմն տեսել եւ լսել ենք հայհոյանքներ, ծեծ ու ջարդ, բայց նման
պահվածքը վեր էր ամեն ինչից, նման մանդատավոր մարդիկ հեղինակազրկում են ոչ թե իրենց
թիրախին, այլ մի ամբողջ կուսակցություն, մի ամբողջ Ազգային ժողով, մի ամբողջ կառավարություն:
Նա հանրապետականների երիտասարդական թեւի առաջնորդն է: Վա՛յ մեր ազգին ու երեխաներին,
երբ նման երիտասարդները մի քանի տարի հետո կհասունանան եւ փոխարինելով Ձեզ, պարո՛ն
վարչապետ, երկիր կկառավարեն: Ուրեմն, պարո՛ն վարչապետ, այդ մարդկանց միջոցո՞վ եք
ցանկանում կերտել Ձեր թոռների ապագան: Մի անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ ոչ
մի ընդդիմադիրի ելույթ չէր կարող այդպես գցել Ձեր կուսակցության եւ կառավարության
հեղինակությունը, ինչպես արեց Աշոտյանը, որին դժբախտաբար չկանխեցին Ազգային ժողովի
փոխնախագահները եւ չդատապարտեցին նրա կուսակիցները: Իսկ Գալուստ Սահակյանն էլ հրճվանքի
մեջ էր: Ի դեպ, նա էլ հերիք է կուսակցությունը վարկաբեկելու համար: ԿԱՌԼԵՆ
ՔԱԼԱՇՅԱՆ Անդրանիկ Մարգարյանը եւ իր կուսակցությունը, սակայն,
չեն դատապարտում իրենց երիտասարդ կուսակցին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արմեն
Աշոտյանը: Ըստ նրա, կուսակցությունը նորմալ է ընդունել այդ ելույթը՝ իբրեւ հակահարված
նախապես հնչած վիրավորանքներին: «Իմ փոխարեն ցանկացած հայ տղամարդ, ում կուսակցության
եւ նրա ղեկավարի հասցեին նման վիրավորանքներ հնչեին, նման արձագանք կտար: Չեմ կարծում,
որ խախտել եմ այն սահմանը, որ գծված է եղել հենց որոշ ընդդիմադիր պատգամավորների
կողմից՝ սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ: Այն մարդիկ, ովքեր գիտեն,
թե ինչով է պայմանավորված եղել իմ ելույթը, հասկանում են, որ դա պատասխան էր ավելի
սաստիկ ձեւակերպումներով վիրավորանքների ու սադրանքների, երեք օրվա ընթացքում հնչած
ելույթների, ամպագոռգոռ արտահայտությունների՝ իմ կուսակցության, պատգամավորական խմբակցության,
երիտասարդական կազմակերպության եւ իմ հասցեին: Ցավալի է, որ սահմանադրական բարեփոխումների
վերաբերյալ քննարկումները կառուցողական, բովանդակային հունից շեղվել են եւ վերածվել
քաղաքական պայքարի ու անձնական հաշիվներ մաքրելու»: Ինչ վերաբերում է իրենից տարիքով
եւ փորձառու քաղաքական գործիչների հասցեին հնչած վիրավորանքներին, ապա «տարիքը, քաղաքական
փորձը թույլ չեն տալիս անձնական վիրավորանքներ, անհիմն մեղադրանքներ հնչեցնել»: Ա.
Աշոտյանը հավելում է. «Ինձ համար կրկնակի զարմանալի է այն, որ նիստերից հետո ավելի
շատ քննարկվում է, թե ով ում ինչ ասաց, քան բովանդակային հարցեր»: