Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՈՒՆԵՆԱԼԸ ԴԵՌ ՉԱՓԱՆԻՇ ՉԷ

Սեպտեմբեր 06,2005 00:00

Մոտավորապես
այսպես հակադարձեց Էրեբունիի թաղապետը Կենտրոնի իր գործընկերոջ որոշ հայտարարություններին
Անցյալ շաբաթավերջին Կենտրոն համայնքի գործող թաղապետ եւ թաղապետի թեկնածու
Գագիկ Բեգլարյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «սովորաբար
ընտրապայքարում չի ընկալվում միակ թեկնածու լինելը», եւ, որ ինքը դեմ է, երբ որեւէ
թեկնածուին ալտերնատիվ չի առաջադրվում: Ըստ նրա, «եթե անգամ այս կամ այն թաղապետի
աշխատանքը գնահատելով նրա դեմ թեկնածություն չեն առաջադրում, միեւնույն է, հասարակությունն
առանց ալտերնատիվի ընտրությունը չի ողջունում»: Հասկանալի էր, որ ակնարկը վերաբերում
էր Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանին, որը Երեւանի համայնքներում թաղապետի
ընտրություններում միակ մարդն է, ով մրցակից չունի: Հետաքրքրիր էր իմանալ
Մ. Սեդրակյանի կարծիքը իր գործընկերոջ հայտնած տեսակետի առնչությամբ: «Ես ծանոթ եմ
այդ հրապարակմանը: Այո, ակնարկ կա: Բայց ես այն կարծիքին եմ, որ իմ դեմ այլ թեկնածուներ
չառաջադրելը, ինչպես նախորդ անգամ էի ասել, պայմանավորված է եւ կուսակցությունների,
եւ իմ ղեկավարած համայնքի բնակիչների հետ լավ հարաբերություններով: Իմ աշխատանքը,
կարծում եմ, ըստ արժանվույն է գնահատվել, ու դա է պատճառը, որ իմ դեմ որեւէ մեկը
չի առաջադրվել: Իմ «հիմնական զենքն» ու հույսը իմ ժողովուրդն է: Բնականաբար, այս
պայմաններում ոչ ոք չէր էլ փորձի առաջադրվել: Մյուս կողմից, եթե համայնքի
ղեկավարը աշխատում է եւ իր պարտականությունները կատարում է, ժողովրդի պահանջներին
ու խնդրանքներին ընդառաջում է, նրա դեմ անիմաստ է առաջադրվելը, որովհետեւ, համոզված
եմ, ժողովուրդը դրան վատ կվերաբերի: Ես գիտեմ, եղել են խոսակցություններ, հնարավոր
այլ առաջադրումների շուրջ, մարդիկ ասել են միանշանակ, որ իրենք ինձ են ընտրելու եւ
թող ոչ ոք չմտածի, որ իրենք որեւէ նոր թեկնածուի կպաշտպանեն եւ կընտրեն»,- ասաց Էրեբունիի
թաղապետը: Կենտրոնի թաղապետի ասելով, «եթե անգամ այս կամ այն թաղապետի աշխատանքը
գնահատելով՝ նրա դեմ թեկնածություն չեն առաջադրում, միեւնույն է, հասարակությունն
առանց ալտերնատիվի ընտրությունը չի ողջունում»: «Հասարակությունն ինքն է որոշում՝
ո՞ւմ թեկնածությունը պաշտպանել եւ ո՞ւմ ընտրել: Եթե որեւէ թաղապետի դեմ որեւէ այլ
թեկնածություն չի առաջադրվել, իմ կարծիքով, դա ապացույցն է այն բանի, որ մարդիկ հարգում
ու հավատում են իրենց թաղապետին: Թող առաջադրվեին այլ թեկնածուներ: Բայց չէ՞ որ նրանք
այդ հարցում պետք է առաջնորդվեին հասարակության մեջ ունեցած իրենց կշռով ու վարկանիշով:
Եթե մարդիկ չուզենան ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ կգան ու դեմ կքվեարկեն:
Դա կախված է թաղապետի հեղինակությունից եւ համայնքի բնակիչների հետ նրա հարաբերություններից»:
Գ. Բեգլարյանը նաեւ կարծիք էր հայտնել, թե միակ թեկնածուի առաջադրման դեպքում
շահարկումներ են լինում, որ վախեցան, կամ, որ այդ միակ առաջադրվածը իշխանության թեկնածուն
է: «Ես միակ թաղապետը չեմ, որին իշխանությունները կուզենային վերընտրված տեսնել:
Կան թաղապետեր, որոնց ընտրությունը իշխանությունների համար ցանկալի կլինի: Դե թող
այդ համայնքներում էլ այլ թեկնածուներ չառաջադրվեին: Բայց առաջադրվել են չէ՞: Ինձ
համար միեւնույնն է՝ մրցակից կունենայի, թե՞ ոչ: Ես աշխատում եմ այնպես, ինչպես աշխատել
եմ»,- հակադարձեց Մ. Սեդրակյանը: Ի դեպ, Էրեբունի համայնքում սեպտեմբերի 18-ին
տեղի են ունենալու նաեւ ավագանու ընտրություններ: Համայնքի ավագանու 15 տեղի համար
մրցակցում է առաջադրված 24 թեկնածու, այդ թվում՝ ընդդիմության աջակցությունը վայելող
մարդիկ: Էրեբունիի թաղապետի ասելով, «լավ կլինի, որ ավագանիներն էլ նորմալ
ու աշխատող մարդիկ ընտրվեն: Ինձ համար միեւնույնն է, թե ով կընտրվի ավագանի՝ ընդդիմադի՞ր,
իշխանամե՞տ, թե՞ չեզոք մարդ: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ ժողովուրդը վստահի
եւ ընտրի այդ մարդուն: Ես պատրաստ եմ ցանկացածի հետ աշխատել»: Մ. Սեդրակյանի համոզմամբ,
վերընտրվող ավագանիներ կլինեն՝ մոտ 60 տոկոս: «Ովքեր այս երեք տարիների ընթացքում
լավ են աշխատել, հավանաբար, կվերընտրվեն, ովքեր ոչինչ չեն արել՝ ինչպե՞ս են ընտրվելու,
ի՞նչ են խնդրելու ընտրողից՝ նորից վստահել իրենց, որ իրենք նորի՞ց խաբեն: Չի լինի
այդպիսի բան»,- հայտարարեց Էրեբունիի գործող թաղապետն ու այդ համայնքում թաղապետի
միակ առաջադրված թեկնածուն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել