Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

10 մինուս եւ 2 պլյուս

Սեպտեմբեր 06,2005 00:00

Այսպիսի փոխադարձ համամասնությամբ են միմյանց հանդեպ վերաբերմունքը գնահատել հ/կ-ներն ու լրագրողները:

Երեկ լոնդոնյան Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկեց եւ ի մի բերեց լրագրողների վերաբերմունքը հ/կ-ների աշխատանքին: Մինչ այդ նույն քննարկումն անցկացվել էր հ/կ-ների ներկայացուցիչների հետ, բայց արդյունքները լրագրողներից գաղտնի էին պահվել: Քննարկման վերջում պարզ դարձավ, որ լրագրողները հ/կ-ներին տվել են ճիշտ նույն գնահատականը, ինչպիսին ստացել են նրանցից, այն է՝ 10 բացասական եւ 2 դրական կարծիքներ:

Նախ՝ մեր մասին: Հ/կ-ները գտնում են, որ հիմնականում լրագրողներն իրենց ուսումնասիրած նյութից վատ են իրազեկված, ցածր է նաեւ նրանց ընդհանուր տեղեկացվածությունը եւ կրթական մակարդակը, նյութի անաչառությունը մեծապես կախված է լրագրողի տրամադրությունից, իսկ լրագրողն ինքը՝ խմբագրի վերաբերմունքից: Կան ավելի ծանր մեղադրանքներ՝ նյութը տպելու համար լրատվամիջոցների ներկայացուցիչները գումար են ուզում, լրագրողներն ունեն էթիկայի ցածր մակարդակ, անպատասխանատու են եւ տառապում են աստղային հիվանդությամբ: Միակ մեղմացուցիչ ու դրական կարծիքը՝ լրագրողը հետաքրքրասեր է եւ ամեն գնով փորձում է կորզել ինֆորմացիան: Մի մխիթարող կարծիք էլ կա՝ երբ հ/կ-ներին հարցրել են, թե նեղն ընկած դեպքում ո՞ւմ կդիմեք՝ ոստիկանություն, դատարան, թե՝ լրատվամիջոց, հ/կ-ները միանշանակ ընտրել են վերջին տարբերակը: Ինչ խոսք՝ այս միջոցը արագ է, անվճար եւ ազդեցիկ:

Անդրադառնանք հ/կ-ների նկատմամբ լրագրողների կարծիքին: Ըստ այդմ, հասարակության ձայնը հնչեցնող կազմակերպությունները նպատակին մինչեւ վերջ չեն ձգտում հասնել, զբաղված են «գրանտ պոկելով», համարյա տեղում չեն լինում եւ դժվարամատչելի են, լրագրողների հետ աշխատանքում դրսեւորում են ցածր պրոֆեսիոնալիզմ, միմյանց հետ համերաշխ չեն (ինչից տուժում է ընդհանուր աշխատանքը) եւ այլն: Իսկ «Առավոտի» լրացմամբ, նրանցից շատերը, ժամանակ առ ժամանակ մղած աղմկոտ պայքարից հետո՝ «գնվում են շեֆ պաշտոնյաների կողմից», դառնում են իրենց ոլորտի գերատեսչության «խոսափողը», դրանով կորցնելով հասարակության վստահությունն իրենց նկատմամբ: Նշենք նաեւ դրական երկու կարծիքները՝ հ/կ-ները ծառայում են այլընտրանքային, իսկ երբեմն էլ՝ բացառիկ տեղեկատվական աղբյուր, օգնում են հասարակության տարբեր խավերի առջեւ ծագած խնդիրների լուծմանը:

Ամեն դեպքում, թե լրագրողների, թե հ/կ-ների հասցեին հնչած բացասական որակումները վերաբերում են ոչ բոլորին, իսկ դրանց վերացման համար սեմինարները արդյունավետ միջոց չեն՝ այսկերպ ընդամենը բացահայտում ենք միմյանց հանդեպ ունեցած կարծիքն ու վերաբերմունքը:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել