Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐԸ

Սեպտեմբեր 06,2005 00:00

ԱՆՄԵՂ
ՄԵՂԱՎՈՐԸ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընտրատարածքային ընտրական
հանձնաժողովն այսօր պետք է քննարկի թաղապետի թեկնածուներից մեկի՝ Արայիկ Քոթանջյանի,
քարոզչական պաստառների եւ բուկլետների՝ օրենքով սահմանված կարգին համապատասխանության
հարցը: Բանն այն է, որ այս թեկնածուի տարածած պաստառներն ու բուկլետները պարունակում
են «Ընտրական օրենսգրքի» հոդված 21-ի 6-րդ կետի պահանջների խախտում՝ «Քարոզչական
տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ
անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության
եւ տպաքանակի վերաբերյալ»: Տվյալ դեպքում թեկնածուի քարոզչական նյութերը ո՛չ
տպագրող կազմակերպության, ո՛չ տպաքանակի վերաբերյալ նշումներ չեն պարունակում: Տվյալ
դեպքում, նույն Օրենսգրքի հոդ. 18-ի 8-րդ կետի համաձայն, օրենքով սահմանված այդ կարգը
վերահսկելու պարտավորությունը դրված է ընտրական հանձնաժողովների վրա: Ըստ հիշատակված
հոդվածի՝ «Այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին (կուսակցությանը) գրանցած հանձնաժողովը
դիմում է իրավասու մարմիններ՝ դրանք կանխելու նպատակով, ինչպես նաեւ դատարան՝ տվյալ
թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու
համար («ԸՕ» հոդված 125, կետ 4)»: Եվ եթե կոնկրետ դեպքում Քանաքեռ-Զեյթունի ԸԸՀ-ն
նման դիմումով դիմի դատարան, վերջինս պարտավոր է որոշում կայացնել հնգօրյա ժամկետում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, օրենքի պահանջի խախտման վրա ԸԸՀ ուշադրությունը հրավիրել
էին համայնքի գործող թաղապետ Ռուբեն Սինոյանի նախընտրական շտաբից: Երեկ,
սակայն, համայնքի ԸԸՀ նախագահ Արարատ Կարապետյանը մեզ փոխանցեց, որ տվյալ դեպքում
ԸԸՀ-ն մտադիր չէ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը քննարկման առարկա
դարձնել: Իսկ թեկնածու Ա. Քոթանջյանի նախընտրական շտաբի ղեկավար Գագիկ Մկրտչյանի
համոզմամբ, այստեղ լուրջ պրոբլեմ չկա. «Մի քանի բուկլետների եւ պաստառների մեջ տպագրական
վրիպակներ կային եւ այդ խոտանված նյութերը շրջանառությունից հանվել են ու վերջ»:
Գ. Մկրտչյանը դժվարացավ ասել, թե արդյո՞ք դրանով հարցը կարելի է սպառված համարել:
«Այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տալ ԸԸՀ-ն: Բայց այն, ինչ եղել է՝ կանխված
է»,- ասաց պարոն Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել