Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՅԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Սեպտեմբեր 06,2005 00:00

ԱՅԼ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ Երեկ ուշ երեկոյան «Երեւան» հյուրանոցում
տեղի ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռյուպելի եւ
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը: Նախատեսվածից փոքր-ինչ երկար տեւած
զրույցից հետո, վերջիններս հաջորդաբար կարճատեւ բրիֆինգներ տվեցին լրագրողներին:
Առաջինը Ռյուպելն էր. նա ասաց, թե այս հանդիպումներն ու առհասարակ վերջին շրջանում
տեղի ունեցող բոլոր հանդիպումները, հնարավորության պատուհան են բացում Ղարաբաղյան
հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Պատասխանելով բանակցությունների
ֆորմատին վերաբերող եւ, մասնավորաբար, այդ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության
հնարավորության հարցին, Ռյուպելը նշեց. «Ներկայումս բանակցություններն ընթանում են
շատ ամուր եւ սոլիդ ֆորմատով: Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմին, ապա վերջինիս
հետ պարբերական կոնսուլտացիաներ են անցկացվում, մասնավորապես հենց ինքը հաճախակի
հանդիպում է ԼՂՀ նախագահի հետ»: Արկադի Ղուկասյանը կարծում է, որ վերջին շրջանում
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումները շատ քիչ
ընդհանուր բան ունեն Մինսկի գործընթացի հետ եւ դարձյալ պնդում է, որ առանց Ղարաբաղի
մասնակցության, հարցը վճռվել չի կարող: «Առավոտի» այն հարցին, թե ինչպես է գնահատում
ԼՂՀ նախագահը Իլհամ Ալիեւի ամենավերջին խիստ ռազմատենչ տոնով հնչած արտահայտությունը,
Ղուկասյանը վստահություն հայտնեց, թե այդպիսի հայտարարություններ արվում են ներքին
օգտագործման համար, գուցե եւ նախընտրական շրջանակներում: Արկադի Ղուկասյանը միանշանակ
ասաց, որ Ղարաբաղի համար անկախությունից անգամ շատ քիչ տարբերվող որեւէ այլ կարգավիճակ
չի պատկերացնում. «Հնարավոր չէ լինել մի քիչ հղի»: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել