ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է Սեպտեմբերի 1-ին, Արագածի փեշին հիմնված «Տառ-քարերի» պուրակում (Ապարանի ճանապարհին), «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ նշվեց գիտության, գրի եւ դպրության տոնը: Հանրապետության բոլոր մարզերից, մարզպետների եւ կրթության պատասխանատուների ուղեկցությամբ, 15-20 առաջին դասարանցիներ էին եկել մասնակցելու տոնին: «Սա մեր ամենատոնական տոներից մեկն է,- իր պերճախոսության գոհարները սփռեց ԿԳ նախարարը:- Այս ամբողջ տարին տոնական է մեզ համար՝ կապված գրերի գյուտի 1600-ամյակի հետ: Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար մշտական տոն է: Մեր քրիստոնեական արմատները մեզ անընդհատ ոգեշնչում են՝ պահպանել ազգայինը, հայկականը եւ դրա վրա իսկապես կառուցել այն ոգին ու էությունը, որ կոչվում է հայ մարդ, հայ անհատ»: Բեմում Մաշտոցն էր, ու երբ կառքով բերեցին վառվող ջահը, սպիտակ զգեստներ հագած ու ծաղկեպսակներ դրած աղջիկները ծաղկաթերթեր էին սփռում շուրջը՝ ուղեկցելով ջահակրին: Ու մեր այն հարցին, թե ի՞նչ էին ուզում ասել հեթանոսական ժամանակների այդ տեսարանով, «Նիգ-Ապարան» ՀՄ նախագահության անդամ, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն ասաց. «Մեր Օֆելյայի (ՀՄ-ի մշակույթի պատասխանատուն) մտքի թռիչքն է, եւ բերվածը Լուսավորչի կանթեղն է, դրանք էլ հրեշտակներն են»: (Սակայն ջահը ջահ էր, ոչ կանթեղ, ուղեկցողներն էլ քրմուհիների էին հիշեցնում- Ռ. Ա.): Ըստ պարոն Արշակյանի, պուրակը, որ բացվել է մայիսի 28-ին, դեռ զարգանալու տեղ ունի: Նախատեսված է այնտեղ երեք ամիսը մեկ մի արձան կանգնեցնել բոլոր այն մեծերի համար, ովքեր առնչվել են հայոց այբուբենին: Տոնին ներկա շուրջ 150 երեխաների «Նիգ-Ապարանը» նվիրեց պայուսակներ՝ անհրաժեշտ պիտույքներով: «Այս միջոցառումը ժողովրդին բարիացնելու, արմատներին կապելու նպատակ ունի: Իսկ պուրակի տարածքը խորհրդանշական է: Այն ծովի մակերեւույթից բարձր է 1600 մետր, ինչը համընկնում է գրերի գյուտի 1600-ամյակին»,- ասաց Աղասի Արշակյանը: «Այս տառերով դուք պետք է հայ մնաք, ամուր մնաք մեր հողին, ամուր պահեք մեր պետականությունը եւ հավատարիմ՝ մեր պապերի թողած ժառանգությանը»,- փոքրիկներին ողջունեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Աշխարհում թերեւս միակ ժողովուրդն ենք, որ այբբենարանին հուշարձան ենք ձոնել: Առաջին փորձը արվեց եւ այժմ էլ Վեհարանում պահպանվում են հայոց տառերի ոսկե ձուլածոները: Այսօր էլ քարերից ենք կերտել: Լավ է, որ աշխարհին ներկայանում ենք գրերի գյուտին մեր սրբազան նվիրվածությամբ: Սա ոգեղեն սկիզբ է: Այս տոնի հիմքը դրված է եւ պետք է ունենա շարունակություն: Ու ժամանակն է, որ վերջապես քարոզվի մշակույթի գերակայությունը»,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ցավոք, տեղատարափ անձրեւը ընդհատեց տոնահանդեսը: Արամայիս Սահակյանի կատակը ճիշտ պահին էր. «Ժամանակին գրել եմ՝ վզիս գցեն մի պարան, էլ չեմ գնա Ապարան: Բայց այսօր եկա»: Հետո լուրջ ավելացրեց՝ «Ազգը կփրկի հայրենի ոգին, որը, ցավոք, գնալով պակասում է: Եվ այս տարվա ընդունելության քննությունները ցույց տվեցին, որ շատերն անգամ տառաճանաչ չեն եւ հայոց լեզուն եւ գրականությունը վատ գիտեն, փոխարենը տիրապետում են օտար լեզվին: Սա ահավոր մի երեւույթ է, եւ այս առումով կարելի է ողջունել տոնակատարությունը, որը նաեւ ուշադրության հրավեր է»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ