Լրահոս
Օրվա լրահոսը

Պեղումներ Բջնիի ամրոցում

Սեպտեմբեր 03,2005 00:00

Պեղումներ Բջնիի ամրոցում ԵՊՀ-ի հնագիտական արշավախումբը այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին վերսկսեց Բջնիի ամրոցի պեղումները: Համալսարանի ռեկտորատի ֆինանսավորմամբ 2003-ից արշավախումբը պեղումներ է կատարում Պահլավունիների տոհմական ամրոցում: Ամրոցը մոտավորապես 10-րդ դարի վաղմիջնադարյան կառույց է: Այն բաղկացած է երկու բերդերից՝ վերին եւ ստորին: Ամրոցի պարիսպների երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը՝ 6 մ: «15-րդ դարից սկսած՝ Բջնիի ամրոցը, որպես այդպիսին՝ գոյություն չի ունեցել: Այն օգտագործում էին տնտեսական նպատակով՝ նրա հորերում պահվում էր տարբեր տեսակի սննդամթերք: Շահ Աբասի արշավանքների ժամանակ ամրոցն ավերվել է, պեղումների ընթացքում հայտնաբերվել են պարկուճներ, որոնցով, ըստ երեւույթին, թշնամին կրակել է ամրոցի վրա»,- ասաց արշավախմբի հնագետ Հայկ Հակոբյանը: Պատմությունը վկայում է, որ Գրիգոր Մագիստրոսից հետո, երբ իշխում էին Զաքարյանները, ամրոցը ենթարկվել է մոնղոլ-թաթարական, սելջուկական եւ թուրքական ցեղախմբերի արշավանքներին: Սակայն այն հիմնովին չի ավերվել, եւ պահպանվել են ամրոցի պարիսպի որոշ մասեր, ջրամբարից մի հատված եւ այլն: Պեղումների ընթացքում արշավախմբի անդամները հայտնաբերել են դաջազարդ խեցեղեն, խաչ, կենդանիների ոսկորներ, իսկ ամրոցի տարածքում՝ 10-ից ավելի թոնիրներ, որոնք ժամանակին ծառայել են նաեւ որպես սառնարան: Գտնվել է նաեւ Բջնիի ամրոցի գաղտնուղին, որը տանում էր դեպի Հրազդան գետ: Պաշարումների ժամանակ ամրոցի բնակիչները գետնուղով կարող էին սնունդ բերել, հարկ եղած դեպքում՝ փախչել ամրոցից: «Խաչի դոշ կոչվող բլրի վրա հայտնաբերվեց 14-րդ դարում ապրած Քուրդ անունով իշխանի արձանագրությունը, որը նվիրատվական բնույթի էր: Բջնիի ամրոցն ուներ եկեղեցի: 15 մ երկարությամբ ճանապարհով, որը կոչվում էր պանդուս, մարդիկ կառքով բարձրանում էին միջնաբերդ, որտեղ էլ բնակվում էին ամրոցի բնակիչները»,-շարունակեց Հայկ Հակոբյանը: «Պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերը անձնագրավորվում են, առավել արժեքավորները՝ տարվում թանգարան, իսկ մյուսներն օգտագործվում են ուսումնական նպատակով: Երկու տարին մեկ՝ հնագիտական նստաշրջանում ամփոփվում են պեղումների արդյունքները: Մեկ ամսից «Հուշամատյան» ժողովածուում կտպագրվի հոդված՝ Բջնիի պեղումների վերաբերյալ»,- ասաց արշավախմբի ղեկավար Իգիթ Ղարիբյանը: Մասնագետների կարծիքով՝ մոտ երկու տարի հետո ամրոցի տարածքը կբարեկարգվի, քանի որ ՀՀ հուշարձանների պահպանության ծառայությունը ֆինանսավորում է ստացել միջազգային տուրիստական կազմակերպությունից: Բջնիի ամրոցը կարող է դառնալ զբոսաշրջիկների համար տեսարժան վայր: Առաջին հերթին պիտի կառուցվի աստիճանաշար, անհրաժեշտ է նաեւ ամրոցի շրջակայքում կառուցել հանգստի գոտի: Իգիթ Ղարիբյանն ասաց, որ ծրագրեր կան ստեղծել օդային կամուրջ կամ ճոպանուղի, որը կմիացնի ամրոցը հանդիպակաց բլրին: Մեկ այլ ծրագիր է ամրոցի գաղտնուղու վերանորոգումը, որը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել, քանի որ գաղտնուղով զբոսաշրջիկները կարող են դուրս գալ գետի ափ եւ տեսնել երկու լճեր՝ քաղցրահամ ու հանքային: Այստեղ եւս կարելի է հանգստի գոտի կառուցել: Այս ամենը դեռ միայն ծրագրեր են, իսկ դրանք իրականացնելու համար պետք է ֆինանսավորում: Այսօր, երբ ցանկություն է հայտնվում ՀՀ-ում զարգացնել զբոսաշրջությունը, այսպիսի հուշարձանի բարեկարգումը եւ զբոսաշրջության կենտրոն դարձնելը կարող է նպաստել դրան: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել