Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ

Սեպտեմբեր 03,2005 00:00

Ի՞նչ նպատակով է ստեղծվել հանձնաժողովը Վերջերս լույս է տեսել «Կրթական բարեփոխումներ. հարցեր եւ պատասխաններ» գրքույկը, ինչի համար հիմք են ծառայել ԿԳՆ տարբեր ստորաբաժանումներին եւ հասարակայնության հետ կապերի բաժնի «Թեժ գծին» ուղղված՝ քաղաքացիների հարցումները: Անդրադառնանք հանրակրթությանն ուղղված այն հարցերին, որոնք հետաքրքրում են նաեւ մեր ընթերցողներին, մանավանդ որ՝ ԿԳՆ այս գրքույկի ու քաղաքապետարանի կրթության վարչության տեսակետներն այնքան էլ չեն համընկնում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է առաջին դասարանցիների ընդունելությանը: Քաղաքապետարանի կրթության վարչությունը մինչ սեպտեմբերը կազմել էր հատուկ հանձնաժողով, որը կոչված էր ստուգել մինչեւ 6,5 տարեկան երեխաների մտավոր ունակությունները: Մի կողմից, ինչպես արդեն նշել ենք, հանձնաժողովի ուղղած հարցերը հաճախ հասնում էին ծայրահեղությունների, ու արդյունքում շատ երեխաներ անհեթեթ հացերի պատճառով «մերժվում էին», մյուս կողմից էլ, ինչպես օրերս կայացած տնօրենների խորհրդաժողովում հայտարարեց հենց կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, «հանձնաժողովը, միեւնույն է, չի կարող 10 հազար աշակերտի ստուգել, դա կարող են մի քանի հարցի միջոցով անել հենց տնօրենները»: Ստացվում է, որ հանձնաժողովը կազմվել էր ձեւակա՞ն, թե՞ տարիքը չլրացած երեխաների մուտքը դպրոց՝ «օրինականացնելու» համար: Մանավանդ որ՝ որեւէ չափորոշիչ, որով կարելի է ստուգել դպրոց ընդունվող երեխայի ունակությունը՝ չկա: ԿԳՆ հիշյալ գրքույկում ասվում է. «Պետական դպրոց ընդունելության ժամանակ երեխայի գիտելիքների ստուգում չի թույլատրվում՝ բացառությամբ արտակարգ ունակություններ դրսեւորած երեխաների, որոնց ընդունելությունը հատուկ դպրոց կատարվում է գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ստուգման արդյուքների հիման վրա…»: Մի կարեւոր հարց եւս: 12-ամյա կրթություն իրականացվելու է 2006-2007 ուստարվանից: Իսկ 2001-2002 ուստարվանից մինչեւ 2005-2006 ուստարին ներառյալ հանրակրթական դպրոցներ ընդունված երեխաները սովորելու են 11-ամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով, սակայն, ինչպես վերջերս նշեց նաեւ ԿԳ նախարարը, փաստացի 11-ամյա կրթություն այսօր չի իրականացվում, այլ նախկինի պես՝ նշված ժամանակահատվածում ընդունված աշակերտները սովորելու են 10 տարի: «Թեժ գծին» ուղղված հարցերից մեկը վերաբերում է առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությանը: Գրքույկը, սակայն, միայն հպանցիկ է անդրադառնում հարցին՝ նշելով, որ այդ կրթությունը կարող է իրականացվել եւ հատուկ, եւ ընդհանուր հանրակրթական դպրոցներում: Ոչ մի խոսք չկա այն մասին, որ հանրակրթական որոշ դպրոցներում նման կրթություն անցկացնելու համար իրականացվում է ներառական կրթություն: Զարմանալիորեն շատ են «ֆիզիկական կուլտուրա» առարկային վերաբերող հարցերը. ո՞րն է առարկայի նպատակը, պարտադի՞ր են քննություններն այդ առարկայից, ինչպե՞ս են ընտրվում այդ առարկայի քննությունների վարժությունները, որտե՞ղ են անցկացվելու այդ քննությունները եւ այլն: 8-րդ եւ 10-րդ դասարաններում այս առարկայից քննությունները պարտադիր են՝ բացառությամբ բժշկական խմբերում ընդգրկված աշակերտների: Այս քննությունների ընթացքում ստուգվում է երեխայի արագաշարժությունը՝ վազք 20 մ, դիմացկունությունը՝ վազք 6 րոպե եւ այլն: Մյուս բաժիններին կանդրադառնանք ավելի ուշ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել