Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՎԱԹԻԱՅԻ

Սեպտեմբեր 03,2005 00:00

ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀՄԱՅՔԸ Ահա, թե ինչ է նշանակում «զարգացնել զբոսաշրջությունը» Գովազդի ուժը CNN-ով ամիսներ շարունակ համառորեն պտտվող գովազդային հոլովակը, որ ցուցադրում էր Խորվաթիայի՝ Croatia-յի չքնաղ բնությունը, չէր կարող իր ազդեցությունը չթողնել այդ հայտնի հեռուստաալիքի լսարանի վրա: Նույնիսկ՝ հայաստանաբնակներիս: Գովազդն արեց իր գործը: Ճիշտ է, չկարողացանք ճշգրիտ տվյալներ ստանալ, թե ՀՀ-ից քանի մարդ է մեկնել Խորվաթիա՝ հանգիստն անցկացնելու նպատակով: Քանի որ մեր երկրից դեպի Խորվաթիա (նախկին Հարավսլավիայից 1991թ. անջատված եւ անկախացած հանրապետություններից մեկը) ուղիղ օդային կապ չկա, հնարավոր չէր օդանավակայանից ճշտել մեկնողների թիվը: «Լեւոն-Թրեվլ» ընկերությունը, որի օգնությամբ ձեւակերպեցինք մեր ուղեւորությունը, հայտնեց, որ գոնե իրենց միջոցով մեկնող եղել ենք միայն մենք: Սակայն մի քանի տասնյակ մարդիկ հետաքրքվել են Խորվաթիայում հանգստանալու հեռանկարով, այնպես որ չի բացառվում, որ եկող տարի այդ երկրի բյուջեն կհարստանա նաեւ հայաստանցիների հաշվին: Ադրիատիկի «մարգարիտը» Խորվաթիան, որ ձգվում է Ադրիատիկ ծովի երկայնքով, բազմաթիվ կուրորտային քաղաքներ ունի, որոնցից ամենահայտնին Դուբրովնիկն է: Այս քաղաքը հայերիս համար դեռ նոր է բացահայտվում: Սա ձեզ համար Անթալիա չէ, որտեղ ամեն քայլափոխին կարելի է հայերեն խոսքուզրույց լսել: Եվ, բնականաբար, Անթալիայի համեմատ փոքր-ինչ թանկ, սակայն եվրոպական հայտնի կուրորտների համեմատ՝ մատչելի վայր է: Բուն Դուբրովնիկի մասին Բեռնարդ Շոուն ասել է. «Նա, ով դրախտ է փնտրում, պետք է գնա Դուբրովնիկ, քանի որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի նման վեհություն եւ անդորր, նման գեղեցկություն եւ ներդաշնակություն»: Բեռնարդ Շոուն մեզ համար հեղինակություն է, եւ անսալով նրա խոսքին, «Լեւոն-Թրեվլի» եւ նրա մոսկովյան գործընկերոջ՝ «Կապիտալ-տուրի» օգնությամբ օգոստոսին հայտնվեցինք Դուբրովնիկում, որը ոչ միայն Խորվաթիայի, այլեւ ողջ Ադրիատիկի ամենաչքնաղ քաղաքներից է: Նշենք, որ այն մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գանձերի» գրքի մեջ: Սա այն դեպքն է, երբ միայն ծովը չէ կուրորտի գրավչությունը: Թեեւ ծովն ինքնիրենով հրաշք էր՝ մաքրամաքուր, զուլալ եւ շատ աղի: Զուր չէ, որ ծովերի մեծ մասնագետ Ժակ Իվ Կուստոն ասել է. «Դուբրովնիկին եւ նրա շրջակայքին է պատկանում ողջ Ադրիատիկի ամենամաքուր մասը»: Այնտեղ հնարավոր էր ափին կանգնած տեսնել ձկների եւ կակղամորթերի վտառներ: 7-րդ դարում կառուցված Դուբրովնիկ քաղաքը (ներկայումս դա կոչում են «Հին քաղաք», որի շուրջը փռված է նոր քաղաքը) շրջափակված է քարե բարձր պարիսպով, կառուցված 11-17-րդ դարերի ընթացքում: Ինչպես Հին քաղաքը, այնպես էլ նրան գոտեվորող պարիսպները գրեթե նույնությամբ պահպանված են առայսօր: Այդ պարիսպների վրայով, որոնց երկարությունը 3,5-4 կմ է, կարելի է քայլել եւ վերեւից հիանալ միջնադարյան քաղաքի գեղեցկությամբ: Զբոսաշրջության զարգացման արվեստը Ամեն ինչ արված է զբոսաշրջիկների հանգիստն ապահովելու համար, քանի որ զբոսաշրջիկները նրանց «հացուջուրն» են: Նաեւ նրանց շնորհիվ է, որ անցյալ տարի խորվաթների միջին աշխատավարձը կազմել է $800: Եվրոպացիները ամերիկացիներից եւ մեզնից շուտ են հայտնաբերել Խորվաթիան, եւ մասնավորապես՝ Դուբրովնիկը, այդ իսկ պատճառով այնտեղ ամենուր հնչում էր իտալերենը, ֆրանսերենն ու գերմաներենը: Ավելի հազվադեպ՝ անգլերենն ու ռուսերենը: 2004թ.-ին, երբ դեռ չէր սկսվել CNN-i «ռասկրուտկան», Խորվաթիան, որի բնակչությունն ընդամենը 4,4մլն է (իսկ Դուբրովնիկում, որը երկրի գլխավոր տուրիստական կենտրոնն է, ապրում է ընդամենը 47 000 մարդ), ընդունել է 8 մլն զբոսաշրջիկի: Նրանց համար կառուցված են բազմաթիվ հարմարավետ հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, հանգստի եւ զվարճանքի տարբեր կենտրոններ: Եվ այն բոլոր ձկներն ու կակղամորթերը, որ ափից երեւում են զբոսաշրջիկներին, երեկոյան հայտնվում են նրանց սեղաններին՝ համադամ ընթրիքի տեսքով: Քաղաքում ամեն քայլափոխի հանդիպում են հուշանվերների խանութներ, կրպակներ, որոնք լեփ-լեցուն են հնարավոր ու անհնար տեսակի հուշանվերներով: Դրանց կողքից սկզբունքորեն անհնար էր անտարբեր անցնել: Քաղաքային տրանսպորտը, որից անխուսափելիորեն օգտվում էին շատ տուրիստներ, քանզի տաքսիները չափազանց թանկ հաճույք էին, իրենից ներկայացնում էր միմիայն մաթեմատիկական ճշգրտությամբ եւ չվացուցակով աշխատող ավտոբուսների ցանց («մարշրուտկաներ» չկան): Տոմսն արժեր 10 կունա (Խորվաթիայի ազգային դրամը), որը կազմում է 1,5 եվրո: Զբոսաշրջիկներից շատերը նախընտրում էին 5 օրվա համար 150 եվրոյով մեքենա վարձել, եւ ինքնուրույն երթեւեկել ողջ երկրով մեկ: Իսկ Խորվաթիայում տեսնելու շատ բան կա: Այս փոքրիկ երկիրը ռեկորդսմեն է համարվում ազգային պարկերի թվով՝ դրանք այնտեղ 7-ն են: Բացի այդ, ամեն քայլափոխի նաեւ գործակալներ էին, որոնք կազմակերպում էին ճամփորդություններ դեպի Խորվաթիային պատկանող 1855 կղզիներից (66-ը՝ բնակելի) մեկը կամ մի քանիսը: Յուրաքանչյուր նման ճամփորդություն, որը տեւում էր կես օր, արժեր 30-ից 150 եվրո: Սակայն մարդիկ չէին դժգոհում, քանզի տված գումարին համարժեք հաճույք էին ստանում: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել