Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենն՝ իր քմահաճույքով

Սեպտեմբեր 03,2005 00:00

Տնօրենն՝ իր քմահաճույքով Չնայած նախարարի եւ մարզպետի պահանջին, բժշկական կենտրոնի տնօրենը շարունակում է հետապնդել բուժքույրերին: Արագածոտնի մարզի Արագածավանի առողջության կենտրոնից մարտի վերջին անօրինական կրճատվել է վաստակաշատ երկու բուժքույր՝ Մարիետա Ալեքսանյանն ու Ռուզաննա Ավետիսյանը: Այդ խնդրով նրանք «Առավոտ» էին եկել հունիսին, երբ արդեն դիմել էին պատկան մարմիններին եւ հասել ոչ բավարար արդյունքի, այսինքն՝ չէին վերականգնվել աշխատանքում: Մեր հրապարակմանը հաջորդեց Հայաստանի առողջապահների արհեստակցական միության արձագանքը՝ խոստացան լրջորեն զբաղվել հարցով: Զբաղվեցին: Բայց առայսօր բուժքույրերը հարկադիր պարապուրդում են: Պատճառն ակնհայտ է դառնում հրապարակմանը հաջորդած դեպքերից: «Մեզ կանչեցին Արագածոտնի մարզպետի մոտ: Այնտեղ էին նաեւ մեր կենտրոնի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը, գյուղապետ Ա. Պապիկյանը: Մեր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց հետո, այնուամենայնիվ, եկան ընդհանուր եզրակացության՝ վերականգնել: Բայց հաջորդ օրը տնօրենը մեզ առաջարկեց աշխատանքի ընդունման նոր դիմում գրել, այն էլ՝ կես հաստիքի համար եւ ոչ մեր նախկին տեղերում: Բնականաբար՝ հրաժարվեցինք, որովհետեւ նա պետք է վճարեր մեր հարկադիր պարապուրդի համար, բացի այդ՝ մինչ այդ մենք աշխատում էինք լրիվ հաստիքով: Կրճատման տակ մենք ընկել ենք միայն տնօրենի քմահաճույքով, եւ օրենքի խախտումներով: Դա ընդունել են մեր բողոքներին արձագանքած բոլոր պաշտոնյաները, իսկ տնօրենը հրաժարվում է ընդունել»,- ներկայացրեց խմբագրություն այցելած Մ. Ալեքսանյանը: Նա մեզ տրամադրեց նաեւ առողջապահության նախարար Ն Դավիդյանի՝ Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանին ուղղված նամակը: Այնտեղ ասված է, որ նախարարությունը մանրակրկիտ ուսումնասիրել է խնդիրն ու եկել մի եզրակացության, որն արժե մեջբերել բառացի. «Աշխատանքի կազմակերպման եւ երկու բուժքույրերի աշխատանքից ազատման խնդիրներում կենտրոնի տնօրենը թույլ է տվել մի շարք խախտումներ: ՓԲԸ կառուցվածքում ստեղծվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն, որի թույլտվությունը լիցենզիայով արտոնված չի եղել, տնօրենը չի մարել նախորդ տարիների աշխատավարձի պարտքերը, ինչը կարող է պետպատվերի պայմանագրի դադարեցման հիմք հանդիսանալ, հաստիքների կրճատման գործընթացը չի իրականացվել օրենքի պահանջներին համապատասխան»: Դրան հետեւում է մարզպետին ուղղված առաջարկը. «Որպես Արագածավանի առողջության կենտրոնի հիմնադրի՝ գտնել խնդրի կարգավորման ուղիներ, վերանայել կենտրոնի տնօրենի՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը, մարել նախորդ տարիներին գոյացած աշխատավարձի պարտքերը, ազատված աշխատողներին վերականգնել իրենց նախկին տեղերում»: Գրությունը մարզպետին է ուղարկվել հուլիսի 15-ին, իսկ ամիսուկես անց երկու բուժքույրերը դեռ իրենց աշխատատեղերը չեն զբաղեցրել: Ավելին, երկրի նախագահի վերահսկողական ծառայությունում երկու օր առաջ բուժքույրերին ցույց են տվել նախարարին ուղղված մարզպետի պատասխանը, ըստ որի՝ «նրանց աշխատանք առաջարկվել է, բայց նրանք հրաժարվել են»: Պատասխանի հիմքում կենտրոնի տնօրենի նույնաբովանդակ գրությունն է: Միամտություն կլինի կարծելը, որ առանց մարզպետարանի գիտության եւ հովանավորության կենտրոնի տնօրենը իր քմահաճույքով կշարունակեր վերաբերվել նախկին աշխատակիցների նկատմամբ: Բուժքույրերը պատրաստվում են դատական գործընթացին: Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել