Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Սեպտեմբեր 03,2005 00:00

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»՝ ՈՉ Այսպիսի կոչ արեց Դավիթ Շահնազարյանն ու հավելեց, թե՝ հասարակությունը պետք է համախմբվի Քոչարյանի ռեժիմից ազատագրվելու նպատակով: – 2001-ին, երբ Հայաստանն անդամակցում էր ԵԽ-ին, այդ կառույցը Հայաստանի առջեւ Սահմանադրությունը բարեփոխելու նախապայման կամ պահանջ չէր դրել: Ինչո՞ւ այդ հարցը հանկարծ դարձավ ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունը, որով այսօր պայմանավորվում են մեր երկրի ժողովրդավարական ողջ գործընթացները: – Երկրի ժողովրդավարացման գործընթացը առաջին հերթին պայմանավորվում է ազատ արդար ընտրությունների արդյունքում՝ լեգիտիմ իշխանություն ձեւավորելով: Ժողովրդավարության պայմաններում ես առաջիններից մեկը կողմ կլինեի սահմանադրական բարեփոխումներին, բայց այս պայմաններում Սահմանադրությունը փոփոխելը նշանակում է փոշիացնել Հայաստանի պետականությունը եւ հավերժացնել Քոչարյանի քրեական ռեժիմը: Իրականում Քոչարյանի համար սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը երկրորդական է: Կարեւորը փոփոխությունների փաստն է եւ, եթե Քոչարյանին հաջողվի անցկացնել հանրաքվեն, նա ՍԴ-ից էլի մի տեղեկանք կստանա եւ որպես՝ ՀՀ նախագահի թեկնածու, կրկին կառաջադրվի: Նախկին ԽՍՀՄ տարածքում Հայաստանի նման երկրներում, որտեղ առաջընթացի ներդաշնակ զարգացման բոլոր հնարավորություններն առանց իշխանափոխության բացառված են, առավել եւս, երբ ունենք հանցագործ, բռնապետական իշխանություն, սա արդեն դարձել է սովորական երեւույթ: Դա է ապացուցում Կենտրոնական Ասիայի երկրների, Բելոռուսիայի, ինչպես նաեւ Ռուսաստանում ընթացող ներկայիս գործընթացները: – Դուք թվարկում եք երկրներ, որոնք ԵԽ առջեւ որեւէ պարտավորություն չեն ստանձնել: Որքանո՞վ է հավանական, որ եվրոպական կառույցները աչք փակեն Ռ. Քոչարյանի երրորդ ժամկետում առաջադրվելու փաստի վրա, եթե նման բան տեղի ունենա: – Հակված չեմ կարծելու, որ միջազգային դիտորդները կողմնակալ կլինեն: Բայց մենք միշտ պետք է հիշենք ամենակարեւորը՝ Հայաստանում հարցերը լուծում ենք մենք՝ մեր հասարակությունը, քաղաքական ուժերը, բացառությամբ իշխանությունների եւ ընդդիմության դիմակի տակ պատսպարված ուժերի: Բոլոր հարցերը լուծվում են Հայաստանում: Իսկ սահմանադրական այս փոփոխություններին աջակցելը նույնն է թե՝ ասել, որ Ռ. Քոչարյանը երրորդ, չորրորդ անգամ անօրինականորեն մնալու է ՀՀ նախագահի պաշտոնում: – Այդուհանդերձ, Հայաստանում այդ փոփոխությունները լոբբինգ անող հիմնական ուժը հենց եվրոպական կառույցներն են: – Նախ, եվրոպական կառույցների եւ ԱՄՆ-ի՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, դիրքորոշման համար, մենք բացառապես «պարտական ենք» ընդդիմությանը: Նրանք Ստրասբուրգում տեսան, որ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն ինչ-որ հարցում հայտարարի են եկել եւ բնական է, որ այդ կոնսենսուսը միանգամից պետք է պաշտպանեին: Իհարկե, հետո պարզվեց, եւ կարծում եմ, Արեւմուտքն էլ հասկացավ, որ «ստրասբուրգյան» ընդդիմությունը իր խոսքը կարող է դրժել, ինչպես դա անում են իշխանությունները: Իսկ ընդհանուր առմամբ, ես ուզում եմ գոհունակություն հայտնել խորհրդարանական ընդդիմության մի հատվածի պահվածքի համար: Ընդդիմության մի մասի՝ «Արդարություն» խմբակցության առաջնորդների գնահատականները բավականին ճիշտ էին, բայց, այդուհանդերձ, չանդրադարձան կարեւորագույն՝ երկքաղաքացիությունը սահմանադրորեն արգելող դրույթը հանելու հնարավոր վտանգներին: Երկքաղաքացիության արգելքը Սահմանադրությունից հանելով՝ մենք իրականում կորցնում ենք մեր պետականությունը: Իսկ ի՞նչ է պետականությունը. տարածք եւ պետություն այդ տարածքի վրա, ու հիմնական մի հարցադրում՝ ո՞ւմ է պատկանում այդ պետությունը: Քոչարյանը, մինչ օրս չլինելով ՀՀ քաղաքացի, փորձում է ՀՀ քաղաքացիության ինստիտուտը փոշիացնել: Դա գրեթե նույնն է, ինչ պետության տարածքը հանձնելը: Ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը, ով է ձեւավորում իշխանությունը, եթե կա երկքաղաքացիություն. բավականին անորոշ է: Այդ նորմը հանելուց հետո, օրինակ՝ ՌԴ-ում անմիջապես կբաժանվեն եւ ՌԴ եւ ՀՀ անձնագրեր, ու Ռուսաստանում մենք կունենանք ավելի շատ ընտրող, քան՝ Հայաստանում, ընդ որում՝ չունենալով այդ ամենը վերահսկելու որեւէ հնարավորություն: Այսինքն, արդեն իրավականորեն կամրագրվի Հայաստանի վասալ լինելը, եւ հետագայում, հաջորդ իշխանությունների համար շատ դժվար կլինի ուղղել դա: Հայաստանը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք բնակվում են ա՛յս տարածքում, եւ ովքեր պարտավորություններ ունեն միայն մե՛ր պետության, այլ ոչ ուրիշ պետության նկատմամբ: Երկքաղաքացիության ընդունումը մեզ համար, կրկնում եմ, նշանակելու է պետականության փոշիացում: – Բայց երկքաղաքացիությունը, անգամ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո, դեռ պետք է օրենքով կարգավորվի եւ ճշտվի նաեւ երկքաղաքացիություն ունեցողների ընտրական իրավունքի հարցը: – Ի՞նչ օրենքի մասին է խոսքը, երբ օրենքներն ընդունող խորհրդարան այսօր, ըստ էության, գոյություն չունի: Այսօրվա ՀՀ խորհրդարանը ԽՍՀՄ ԳԽ-ի կարգավիճակում է: Իմ համոզմամբ, նրանք՝ ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին, դեմ են Հայաստանի պետականությանը եւ կողմ՝ այս հանցավոր ռեժիմի պահպանմանը: Կոչ եմ անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն: Հարցն այնքան լուրջ է, որ կարծում եմ, այս սահմանադրական փոփոխությունները տապալելու եւ Քոչարյանի ռեժիմից ազատվելու համար պետք է համախմբվել: Սա Արցախի մեր ազատամարտից ոչ պակաս կարեւոր հարց է: Խորհրդարանում կային ուժեր, մասնավորապես «ստրասբուրգյան» ընդդիմության ներկայացուցիչները, որոնք պասիվ «ոչ» էին ասում այդ փոփոխություններին: Դրանք իրավիճակով պայմանավորելը ուղղակի նշանակում է առեւտրի գնալ: – Տարածված կարծիք կա, թե Ռ. Քոչարյանը, եթե ցանկություն ունենար առաջադրվել երրորդ ժամկետի համար, չէր համաձայնի սահմանադրական փոփոխություններով ամրագրել նախագահի լիազորությունների նվազեցումը: – Այդպես մտածողները հեռու են քաղաքականությունից: Իրականությունն այլ է: Քոչարյանը, չլինելով ՀՀ քաղաքացի, արդեն երկու անգամ անօրինական ճանապարհով դարձել է ՀՀ նախագահ, բազմաթիվ անգամ խախտել է գործող Սահմանադրությունը, հիմա էլ փորձում է սահմանադրական փոփոխություններով ամրագրել իր ցմահ անձեռնմխելիությունը: Ես միշտ ասել եմ, որ նրան սպասվում է Միլոշեւիչի ճակատագիրը՝ հանուն սեփական իշխանության պահպանման Հայաստանն այս իրավիճակի դնելու համար (իսկ նրա իշխանության հիմքը՝ կոռուպցիան է, կլանային համակարգն ու հանցագործ աշխարհը, եւ իհարկե, իր մոտ աշխատող ընդդիմությունը): Սա լինելու է առաջիկա ամիսների համար լուրջ պայքար եւ հասարակությունը պետք է համախմբվի հանցավոր իշխանությունների, բռնապետության դեմ եւ հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր ազատությունների: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ Հ. Գ. Օրերս ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում ելույթ ունենալով՝ «ԱՄ» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը դիմել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, մեկին՝ իր բարեկամի, մյուսին յուրայինների «գյամերը քաշելու» հորդորով՝ ակնարկելով նաեւ Դավիթ Շահնազարյանին: Վերջինս մեր հարցադրմանն ի պատասխան ասաց. «Երբ մարդը շատ լավ հասկանում է, որ ինքը ՀՀ քաղաքական դաշտում այլեւս իր տեղը չունի, երբ անսանձ պոպուլիզմը բացարձակապես իրեն սպառել է, նա պետք է ձգտի սկանդալների: Դե մարդը հասկանում է, որ իր մասին ընդհանրապես չեն խոսում ոչ Հայաստանում, ոչ դրսում, որովհետեւ ինքը որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում, ստիպված այսպիսի էժանագին սադրանքների է դիմում: Այսինքն, Ականը հիմա վերածվում է Անորսալի Ջոյի, որը միշտ եղել է եւ մնում է գործող իշխանությունների երաժշտական գործիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել