Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ

Սեպտեմբեր 03,2005 00:00

ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ» Հունիսի 2-ին «ՆՏ»-ին տված հարցազրույցում ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի կապակցությամբ ասել էր, թե կոալիցիան չունի իրական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք: Ըստ նրա՝ հակառակ դեպքում կոալիցիան դա կարող էր անել նախորդ 11 ամիսների ընթացքում, այլ ոչ միայն բավարարվեր խոստումներ տալով. «Կոալիցիայի մոտ վստահություն չկա, որ եթե երկրում հաստատվի իրական ժողովրդավարություն, իրենք կարող են իշխանության գալ ժողովրդի աջակցությամբ»: Հազիվ 3 ամիս անց ՄԱԿ խմբակցությունն ԱԺ նստաշրջանում շռայլեց բազմաթիվ հաճոյախոսություններ կոալիցիայի նախագծի հասցեին, թե այդ փաստաթղթում արտացոլված են ժամանակի մարտահրավերները, հրամայականները եւ, որ հիմքեր ունեն այն պնդումները, թե էական առաջընթաց կա: Ըստ այդմ՝ ընդունո՞ւմ է, թե սխալվել է կոալիցիայի քաղաքական կամքի բացակայության վերաբերյալ իր գնահատականներում՝ մեր այս հարցին Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Մեր մտքերի շարադրման եւ կատարված իրադարձությունները փաստելու մեջ չենք սխալվել: Տեսել ենք, որ 1-ին ընթերցման արդյունքում ունենք մի փաստաթուղթ, որը բացարձակապես չի համապատասխանում մեր մոտեցումներին, հռչակված սկզբունքներին ու ստանձնած պարտավորություններին: Մենք փաստել ենք 11 ամսվա աշխատանքի իրողությունը: Սակայն ինչ-ինչ պատճառներ՝ այդ թվում նաեւ, ամենայն հավանականությամբ, հնարավոր մարտահրավերների սպառնալիքը ստիպեց, որ պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժերը պարզ գիտակցեն, թե ժամանակն է արտահայտելու իրենց դիրքորոշումը: Ելույթներիցս մեկում շեշտեցի, որ հիմա տեսնում ենք էական փոփոխություններ տեքստում, իսկ արդյոք փոխվե՞լ է մտածելակերպը, թե՞ ոչ՝ պիտի ապացուցվի գործերով: Կարծում ենք, որ առաջիկայում քարոզչության կազմակերպումը մեզ հնարավորություն կընձեռի գնահատել՝ արդյոք փոխվե՞լ է մտածելակերպը, թե՞ դա ստիպված քայլ էր միջազգային հանրության ճնշումից խուսափելու համար»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանում հայտարարեց, թե իրականում տեղի են տվել ՄԱԿ խմբակցության եւ «ԺՊ»-ի ճնշումների առջեւ: 6 պատգամավոր ունեցող ՄԱԿ-ի համար, բնականաբար, շոյիչ էր նման հայտարարությունը, ինչն արտահայտվեց այս խմբակցության պատգամավորների հետագա ելույթներում: Սակայն արդյոք մեծամասնության ղեկավարի հաճոյախոսությունն որեւէ աղերս ունի՞ իրականության հետ: Մանավանդ այն պայմաններում, երբ ինչպես նշեց ՄԱԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը՝ փոփոխությունների իրենց նախագիծը մատուցել էին իբրեւ առաջարկ կոալիցիայի 2-րդ ընթերցմամբ ընդունվելիք նախագծի համար, սակայն ՄԱԿ-ն ընդհանրապես չէր հիշատակվել առաջարկությունների ամփոփաթերթիկում: «Գալուստ Սահակյանի հայտարարությանն ի պատասխան ելույթումս ասացի, թե տեղյակ ենք նաեւ այն կանոններին, որ մարդկանց դուր է գալիս, երբ լսում են այն, ինչ իրենց դուր կգա: Մենք ուրիշ կանոն էլ գիտենք՝ մի՛ դատիր նրանով, ինչ ասում են. դատիր նրանով՝ ինչ անում են: Մենք հո միամիտ մարդի՞կ չենք»,- նշեց պրն Արսենյանը: Սակայն նաեւ ասաց, որ իրենց մոտեցումների շուրջ 60%-ը ամրագրվել է 2-րդ ընթերցմամբ ընդունված փաստաթղթում: Առաջիկայում կմեջբերենք, թե ինչ դրույթներ են, որ ՄԱԿ-ի փաթեթից (առանց «հեղինակային իրավունքի» պահպանման) ուղղակի փոխանցվել են կոալիցիայի նախագիծ: Իսկ մինչ այդ նշենք, որ անգամ արտահերթ նստաշրջանում վերջին քվեարկությունից առաջ ՄԱԿ-ը հայտարարեց, թե պնդում է որոշ սկզբունքային հարցերի լուծման անհրաժեշտությունը: Նախ, որ սահմանադրորեն կարգավորվի պետական եւ հասարակական շահերից բխող սեփականության օտարման գործընթացը: Երկրորդ, որ երկքաղաքացիություն ունեցող անձանց ընտրական իրավունքն ամրագրվի սահմանադրությամբ: Երրորդ՝ հանրաքվեի նախաձեռնող ճանաչվի ոչ միայն ՀՀ նախագահը, ԱԺ-ն, այլ նաեւ ժողովրդի որոշակի հատվածը՝ անհրաժեշտ քանակով ստորագրությունների առկայության դեպքում: Գրիգոր Ղոնջեյանն անգամ պարզաբանեց. «ՄԱԿ-ը գտնում է, թե հանրաքվեի չեն կարող դրվել պաշտոնանկության հարցեր»: Խի՜ստ անհրաժեշտ պարզաբանում էր, որին ի պատասխան Տիգրան Թորոսյանը ցավ հայտնեց, թե իրավունք չունեն 2-րդ ընթերցմամբ քննարկվող նախագծում ավելացնել նոր հոդված, թեեւ «առաջարկությունն ինքնին արժանի է մեծ ուշադրության»: Միջանկյալ նկատենք, որ այդ առաջարկը ժամանակին արվել է ե՛ւ «ԱՄ»-ի, ե՛ւ Արշակ Սադոյանի կողմից ու մերժվել է: ՄԱԿ-ը նաեւ ընդգծեց իրենց համար ամենակարեւոր խնդիրը. «Սահմանադրության 3-րդ գլխում ամրագրված է ուղղակի ընտրական իրավունքը, այդ թվում՝ համայնքների ղեկավարների ընտրության ժամանակ, իսկ անուղղակի դրույթը Երեւանի վերաբերյալ, մեր խորին համոզմամբ, հակասության մեջ է ընտրական ուղղակի իրավունքի հետ: Մեր Սահմանադրությունը չի նախատեսում անուղղակի ընտրական իրավունք»: Եվ չլուծված այս բոլոր սկզբունքային խնդիրների առկայությամբ էլ՝ ՄԱԿ-ն ամբողջ կազմով կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել