Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 03,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երեսուներորդ

ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ

Շաբլովսկու հետ կապված պատմության հանգուցալուծումը մեզ ընդամենը Շաբլովսկուց ապահովագրեց, եւ մի ողջ ամիս պահանջվեց, որպեսզի Վալերը Շաբլովսկու պրիզիվի մյուս տասնութին եւս մեկ առ մեկ ու հանգամանալից բացատրեր ու հասկացներ այն, ինչը մեր կազարմա մտնելու առաջին իսկ օրն անձամբ Շաբլովսկուն բացատրեց ու հասկացրեց, ու ես մեկ ամսից ավել տեւած Վալերի էդ անհավասար ճակատամարտերը չնկարագրեցի ու բավարարվեցի մեր ու Շաբլովսկու էդ առաջին ու վերջին միջադեպով, ու էդ միջադեպին մանրամասն ու հանգամանալից անդրադարձա, որովհետեւ էդ միջադեպն ուրիշները կարող են ընդամենը միջադեպ համարել, մինչդեռ նվագախմբի տղերքիս համար այն իսկապե՛ս ճակատագրական նշանակություն ուներ, ու էդ մեր առաջին ճակատամարտի նշանակությունն ավելի մեծ էր, քան՝ մեր մյուս բոլոր ճակատամարտերինը միասին վերցրած, եւ դա է պատճառը, որ ես մեր ու Շաբլովսկու էդ առաջին ու վերջին ճակատամարտին չէի կարող չանդրադառնալ ու ամենայն մանրամասնությամբ անդրադարձա, իսկ մեր մյուս՝ մանր ու միջին կռիվներին չանդրադառնալուս պատճառն այն է, որ ես ընդհանրապես չեմ սիրում կռվի տեսարաններ՝ ոչ կարդալ եւ ոչ էլ մանավանդ գրել, եւ նույնիսկ իմ ջահելության տարիներին կոմեդիաներն ու խաղաղ ֆիլմերը գերադասում էի կռիվ կինոներից, ու հիմա էլ բանակային մեր մյուս կռիվներն եմ հետեւողականորեն ու սկզբունքորեն շրջանցում, չնայած էդ բոլոր դեպքերում էլ հաջողությունն ու հաղթանակը մեր կողմն են եղել: Շնորհիվ Վալերի, իհարկե:

– Ասում ես՝ վախում ես վրես բեռ դառնա՞ս,- հարցրի իրեն:

– Հա՛,- ասաց Վալերը.- վախում եմ էդ ներկելու գործերից գլուխ չհանեմ:

– Բա ո՞նց էր, որ սաղ տարին մենք էինք քո վրա բեռ դառել,- ասացի ես:

– Չհասկացա,- ասաց Վալերը:

– Չհասկանալու ի՞նչ կա,- ասացի ես:

– Ի՞նչ իմաստով եք վրես բեռ դառել,- հարցրեց Վալերը:

– Ամեն իմաստով,- ասացի ես:

– Պարզ խոսա՝ բան հասկանամ,- ասաց Վալերը.- բան չեմ հասկանում:

– Ուզում եմ ասեմ՝ դու որ չըլնեիր, սաղիս կյանքն ըստեղ իսկական դժոխք էր ըլնելու:

– Ի՞նչ իմաստով էր դժոխք ըլնելու,- հարցրեց Վալերը:

– Շաբլովսկուց սկսած՝ սաղի առաջ խեղճանալու էինք,- ասացի ես:

– Շաբլովսկու ու էդ սաղի դեմ մենակ ե՞մ կռիվ տվել,- ասաց Վալերը.- դուք էլ եք, չէ՞, հետս էղել:

– Դու որ չըլնեիր, մենք էդ սաղի առաջ լավ էլ սսկվելու էինք,- ասացի ես:

– Շատ ես չափազանցնում,- ասաց Վալերը:

– Հեչ էլ չեմ չափազանցնում. ինչ որ էղել ա՝ էն եմ ասում,- ասացի ես:

– Վալոդն էլ որ չըլներ, վաբշե մեր էդ արկեստրը չէր ըլնի,- ասաց Վալերը:

– Ճիշտ ես ասում,- ասացի ես.- Վալոդը որ չըլներ, մեր մտքի ծերով էլ չէր անցնի, որ կարանք ինչ-որ բան նվագենք:

– Բայց մենք Վալոդի արած լավությանը, փաստորեն, վատությունով պատասխանեցինք,- ասաց Վալերը:

– Ի՞նչ իմաստով:

– Էն իմաստով, որ իրան քցեցինք ու իրա տեղը Պարգեւին դրինք:

– Ինքն արդեն շատ էր մեծամտացել,- ասացի ես:

– Իրավունք ուներ մեծամտանալու:

– Պարտիայի իմաստով Պարգեւին շատ էր պետք,- ասացի ես:

– Որ էդքան պետք էր, կարայինք էդ ամեն ինչը խաթրով անեինք, ոչ թե զոռբայությամբ:

– Վալոդը խաթրով դժվար թե համաձայնվեր,- ասացի ես:

– Գոնե սկզբում պիտի խաթրով փորձեինք,- ասաց Վալերը:

– Լավ էր, որ վերջում իրար հետ բարիշեցին,- ասացի ես:

– Էդ էրեսանց էին բարիշել. Վալոդի մեջ նստվածքը լավ էլ մնացել էր:

– Հիմի իրանք իրար հետ Բաքվում գուլյատ են ըլնում,- ասացի ես:- Արդեն երեւի էդ ամեն ինչը մոռացել են:

– Իրանք կարող ա մոռանան, բայց ես չեմ կարա,- ասաց Վալերը:- Ես իմ արած սխալները վաբշե չեմ մոռանում:

Իմ ու Վալերի էս վերջին խոսակցությունն էսպես մի քիչ ձգձգեցի, քանի որ՝ մեր էս խոսակցությամբ գրեթե ավարտվում է մեր բանակային կյանքը, որովհետեւ մնացյալը լռություն էր, մնացյալը գրեթե լռություն էր, եւ ես ու Վալերը լուռ ու գլխիկոր քսան օր Լենինյան սենյակում աշխատեցինք ու մեր էդ Լենինյան սենյակը վերջնական տեսքի բերինք, ու Կարավանն էլ էր շատ գոհ, եւ մենք միանգամայն հանգիստ ու նույնիսկ ոգեւորությամբ էինք մեր էդ ամենավերջին քսան օրն աշխատում, որովհետեւ Կարավանն արդեն Շկարուպետային համոզել էր, եւ Շկարուպետան էլ արդեն Կարավանին ու մեզ վերջնական խոսք էր տվել, որ հենց էդ Լենինյան սենյակի գործերը պրծնենք, հաջորդ իսկ առավոտ ինձ ու Վալերին տուն կուղարկի:

Կարավանի հանդեպ չարությունս իսպառ չքվել էր ու այլեւս չէր գոյանում, եւ միակ բանը, որ մեջս գոյանում ու ժամ առ ժամ ավելի ու ավելի շոշափելի էր դառնում, անորոշությունն էր եւ էդ անորոշությունը հատկապես որոշակիացավ նոյեմբերի քսանվեցին, երբ քսանութի ամսաթվով ինքնաթիռի տոմսերն արդեն զինգրքույկներիս մեջ էին, եւ Կարավանն արդեն էնքան էր ինձ ու Վալերին հավատում ու վստահում, որ, առանց մեր գործի վերջնական արդյունքը տեսնելու, արդեն քսանութի ամսաթվով պատրաստել էր տվել մեր զորացրման փաստաթղթերը:

Քսանյոթի կեսօրին ես ու Վալերը Լենինյան սենյակի հետ կապված ամեն ինչ պրծանք, եւ Կարավանը, տեսնելով մեր արած գործը, ուղղակի հիացավ:

Վալերին սկզբում թվում էր, թե ինքն ինձ վրա բեռ է դառնալու, բայց մեր էդ համատեղ աշխատանքի երկրորդ օրն արդեն ես հասկացա, որ եթե Վալերն ինձ չօգներ, ես մինչեւ նոր տարի հազիվ ավարտին հասցնեի Լենինյան սենյակի ձեւավորման էդ, ուրեմն, պարտավորությունս, եւ Վալերը ոչ միայն առանց իրեն խնայելու էր իր գործն անում, այլեւ ներկելու, շուշաթղթելու, զամասկելու էդ բոլոր գործերն անում էր բացառիկ սիրով եւ, որ ամենակարեւորն էր, բացառիկ որակով:

Ինչեւէ. Կարավանը ոչ միայն հիացավ մեր արածով, այլեւ էնքան ոգեւորվեց, որ հենց էդ իրիկուն մեզ հրավիրեց իր տուն՝ ընթրիքի: Դա, իհարկե, շարքային զինվորի համար մեծ պատիվ էր, եւ քչերի հետ պատահած կլինի, որ բանակային ծառայության ժամանակ զամպալիտի հետ առոք-փառոք սեղան նստած լինեն, ընդ որում՝ հենց զամպալիտի տանը, եւ, ուրեմն, զամպալիտի կինն ու աղջիկն էլ սեղան պատրաստեն, ու մեր դեպքում հենց էդպես էր, եւ Լարիսա Իվանովնան հատուկ մեզ համար պիլմենիներ էր պատրաստել, եւ դարձյալ քչերի հետ պատահած կլինի, որ զամպալիտի օջախում օղի խմած լինեն, եւ իմ ու Վալերի դեպքում դա էլ պատահեց ու տեղի ունեցավ, բայց Կարավանն ընդամենը մեկական բաժակ լցրեց եւ իմ ու Վալերի կենացն առաջարկելով՝ մեզ բարի ճանապարհ մաղթեց, եւ երբ կողքի սենյակից հեռախոսը զնգզնգաց, ու մինչ կողքի սենյակում Կարավանը հեռախոսով խոսում էր, Լարիսա Իվանովնան ոչ միայն հասցրեց իր բաժակը մեր բաժակներին խփել ու մեզ բարի ճանապարհ մաղթել, այլեւ հասցրեց թեթեւակի ու թռուցիկ համբուրել ինձ, ու որ ասում եմ «թեթեւակի ու թռուցիկ», զուտ ժամանակային առումով եմ էդպես ասում, որովհետեւ, երբ մի քանի վայրկյան անց Կարավանը վերջացնելով իր հեռախոսազրույցը՝ վերստին նստել էր սեղանի գլխին, Լարիսա Իվանովնան արդեն խոհանոցում էր եւ մեզ համար արդեն սուրճ ու թեյ էր պատրաստում եւ երբ քիչ անց քթի տակ ինչ-որ մեղեդի դնդնալով՝ Լարիսա Իվանովնան Կարավանի թեյն ու մեր սուրճերը բերեց, ես իր կասկարմիր դեմքին ու շողշողուն աչքերին նայելով՝ հասկացա, որ ինքը պատկանում է կանանց էն տեսակին, որոնց չափազանց քիչ բան է հարկավոր երջանիկ լինելու համար, ու ինձ համար էլ էդ պահին էդքանը ծով էր, եւ ժամանակ առ ժամանակ ճաշասենյակ մտնող Կարավանի հրեշտակակերպ դուստրն անգամ էդ պահերին ի վիճակի չէր ստվերել իր հաղթանդամ ու շողշողուն մայրիկին, ու Կարավանն էլ պակաս չէր շողշողում, եւ եթե էդ պահին ես կամ Վալերը Կարավանից իր սիրասուն հրեշտակակերպի ձեռքը խնդրեինք, Կարավանը հաստատ մեզ չէր մերժի՝ էնքան որ էդ օրը հիացած էր իմ ու Վալերի ձեւավորած էդ, ուրեմն, Լենինյան սենյակով:

Ես ու Վալերը Կարավանի օջախում երկար չմնացինք եւ մեր սուրճը խմելով՝ Կարավանի ընտանիքի անդամներին պաշտոնական ու ձեռքով հրաժեշտ տվինք, ու Լարիսա Իվանովնային ձեռքով հրաժեշտ տալու էդ ակնթարթում, երբ իր աչքերին նայեցի, իր աչքերի մեջ այնքան բան կար ասված, որ եթե էդ ամենը գրեմ, շատ ավելի պիտի երկարի առանց էդ էլ երկար ու անվերջանալի էս վեպս:

Ինչեւէ. ես ու Վալերը Կարավանի ընտանիքի անդամներին հրաժեշտ տալով՝ մուտքի աստիճաններով իջանք, եւ Կարավանն էլ մեզ հետ իջավ, եւ իրենց էդ սպայական շենքի մուտքի դռան մոտ գրկախառնվելով՝ վերջնականապես հրաժեշտ տվինք փոխգնդապետին, որովհետեւ ես ու Վալերն առավոտվա վեցին արդեն ճանապարհ էինք ընկնելու:

Ես ու Վալերը ոչ թե կազարմա գնացինք, այլ՝ ուղիղ իմ արհեստանոց, որովհետեւ մեր շորերը, ճամպրուկներն ու ամեն ինչն արդեն իմ արհեստանոցում էին, եւ երբ մտանք արհեստանոց, Վալերն ասաց.

– Արմո ջան, մի հատ մարդավարի կոֆե չխմե՞նք:

– Կոֆե որ խմենք, երեւի չկարենանք քնենք,- ասացի ես:

– Հենց դրա համար եմ ասում,- ասաց Վալերը.- ոչ ուզում եմ կազարմա էթամ, ոչ էլ ուզում եմ քնեմ:

Արհեստանոցում սուրճ, սրճեփ ու բաժակներ ունեի, եւ, մինչ սուրճը կեփեի, հայտնվեց Մացոն:

– Էս ո՞ւր եք, տղե՛րք, մեռա ձեզ ման գալով,- ներս մտնելով՝ ասաց Մացոն:

– Կարա՞ս գլխի ընկնես՝ ուր էինք, Մացի՛կ,- հարցրեց Վալերը:

– Ո՞նց գլխի ընկնեմ,- ասաց Մացոն:- Սաղ չաստի ծակուծուկերը ման եմ էկել: Մի մոմենտ մտածեցի՝ կարող ա՞ արդեն ճամփա եք ընկել տուն:

– Առանց քեզ տենալու ո՞նց կէթայինք, ա՛յ Մացիկ,- ասաց Վալերը:

– Էդ բանն իմ մտքով էլ անցավ, դրա համար էլ անհանգիստ էի,- ասաց Մացոն:

– Կարավանը մեզ իրանց տուն էր կանչել,- ասաց Վալերը:

– Մեզ պատիվ էր տալի,- ասացի ես:

– Հա՞: Դրա համա՞ր ինքը ուժինին չերեւաց,- ասաց Մացոն:- Փաստորեն, կերած-խմած եք, հա՞:

– Կնիկը լավ սեղան էր գցել՝ պիլմենիով-բանով, բայց համարյա ձեռ չտվինք,- ասաց Վալերը:

– Ես էլ կարտոշկա-բան սարքեցի. մտածեցի՝ սոված կըլնեք,- ասաց Մացոն:

– Գիշերը դեմներս ա, կուտենք,- ասաց Վալերը:

– Էրեւում ա՝ գիշերը քնելու միտք չունեք,- ասաց Մացոն:

– Քնելը չգիտեմ, բայց կազարմա հաստատ չենք էթա,- ասաց Վալերը:- Մեր սաղ վեշերն արդեն Արմոյի արհեստանոց ենք բերել:

– Հա,- ասաց Մացոն,- ճիշտ եք անում, որ կազարմա չեք էթում. մեկ էլ տեսար՝ էս վերջին օրով էլի մեկնումեկի աչքը կապտացրիր:

– Դու էլ ե՞ս ինձ կռվարարի տեղ դրել,- նեղացավ Վալերը:- Էսքան վախտ տեսած կա՞ս, որ մեկնումեկին նիզաշտո կպնեմ:

– Ինձ սխալ հասկացար, Վալե՛ր ջան,- ասաց Մացոն.- ուզում եմ ասեմ՝ զգուշությունը լավ բան ա. կարող ա ինչ-որ մեկը սխալ բան ասի կամ անի, ու էլի չդիմանաս: Հատկապես էս վերջին օրը մարդ շատ լարված ա ըլնում:

– Ճիշտ ես ասում,- ասաց Վալերը:

– Որ կազարմա չեք էթում, բա ո՞նց պիտի քնեք,- ասաց Մացոն:

– Մի բան կմտածենք, Մացո ջան,- ասացի ես:- Հիշո՞ւմ ես, որ մեր էն առաջին օրը լոզունգներն ու թերթերը փռեցինք էս բեմի վրա ու քնեցինք:

– Ո՞նց չի հիշի,- ասաց Վալերը.- էդ բա Մացիկի գյուտը չէ՞ր:

– Հա, իրա գյուտն էր,- ասացի ես:- Էսօր էլ էն օրվա պես էս բեմի վրա կքնենք:

– Կամ էլ՝ վաբշե չենք քնի,- ասաց Վալերը:

– Երեւանում կքնենք,- ասացի ես:

– Երեւանում իմ տեղն էլ մի կուշտ կքնեք,- ասաց Մացոն:

– Օրերով քնելու եմ,- ասաց Վալերը:

– Ես գնամ,- ասաց Մացոն:- Էրկու աֆիցեր են մոտս մնացել. դրանց էլ ճամփու դնեմ ու գամ:

Երբ Մացոն գնաց, արհեստանոցում լռություն տիրեց: Ո՛չ ես էի առանձնապես շատ խոսող, ո՛չ էլ, մանավանդ, Վալերը, ու ճնշող լռությունն ահագին տեւեց, եւ ահագին ժամանակ ոչ մեկս չէր փորձում էդ ծանր լռությունը որեւէ կերպ թոթափել:

Զգում էի, որ հերթական ու հերթապահ բառերի ժամանակն ավարտվում է, եւ միանգամայն նոր ու անծանոթ ժամանակ է սկսվում: Ճիշտ էդպիսի զգացողություն ունեի դրանից մի տարի առաջ, երբ ոտք դրինք էդ զորամաս, ու հիմա արդեն էդ զորամասի կյանքը մեր հիմնական կյանքն էր, եւ ես մտածում-մտածում ու չէի կարողանում պատկերացնել իմ հաջորդ օրը, որը մեզ համար ոչ թե պարզապես հերթական օր էր լինելու, այլ՝ միանգամայն նոր ու անծանոթ ինչ-որ բանի սկիզբ:

Ինձ թվում էր՝ Վալերն էլ է նույն էդ բաները մտածում, բայց քիչ անց պարզվեց, որ Վալերի մտքինն ընդամենը Լարիսա Իվանովնան է:

– Մի բան եմ ուզում հարցնեմ, Արմո՛,- մեր երկարատեւ լռությունից հետո խոսեց Վալերը:

– Հարցրու,- ասացի ես:

– Էդ Կարավանի կնկա հետ վաբշե գործ-մործ ունեցել ե՞ս:

– Ի՞նչ իմաստով,- հարցրի ես:

– Տղամարդու ու կնկա իմաստով,- ասաց Վալերը:- Մեջներդ մի բան էղել ա՞:

– Ոչ մի բան էլ չի էղել,- ասացի ես:

– Բայց ինքը քեզ մի ձեւի էր նայում,- ասաց Վալերը:- Համ էլ՝ հենց ընենց խի՞ պիտի քեզ պաչեր:

– Իրա մանկապարտեզի համար շատ եմ պլակատ նկարել,- ասացի ես:

– Պլակատը մի կողմ,- ասաց Վալերը:

– Ուրիշ բան չի էղել,- ասացի ես:- Ճիշտ ա՝ էղել ա, որ մտքովս անցել ա, բայց ինձ զսպել եմ:

– Ինքն էլ ա՞ իրան զսպել,- հարցրեց Վալերը:

– Ինքը վաբշե տոն չի տվել,- ասացի ես:- Ինքը որ մի քիչ տոն տար, ես դժվար թե կարենայի ինձ զսպեի:

– Կարավանի հարցն ուրեմն հե՞չ,- հարցրեց Վալերը:

– Կարավանի հարցն ի՞նչ,- հարցրի ես:

– Ուզում եմ ասեմ՝ հաշվի չես առե՞լ, որ Կարավանի կնիկն ա: Պաշտոնի հաշվով չեմ ասում. էն իմաստով եմ ասում, որ ինքն էս մի տարին քու համար, փաստորեն, մեծ ախպեր ա էղել,- ասաց Վալերը:

– Ես էդ բանը միշտ էլ հաշվի եմ առել, դրա համար էլ էդ կնկան ոչ մի անգամ մատով չեմ կպել,- ասացի ես:

– Բա նոր ասում էիր՝ կնի՛կը տոն չի տվել,- ասաց Վալերը:

– Որ տոն էլ տար՝ ես իրան էլի մատով չէի կպնի,- ասացի ես:

– Բա նոր ասում էիր՝ կնիկը որ տոն տար, դու քեզ չէիր կարա զսպեիր,- ասաց Վալերը:

– Ինքը տոն չէր տալի, ճիշտ ա, բայց պատահել ա՝ խունջիկ-մունջիկ ա էկել,- ասացի ես:

– Ասածներդ հեչ իրար չեն բռնում, Արմո՛ ջան,- հոգոց հանեց Վալերը:

– Ի՞նչ իմաստով չեն բռնում,- հարցրի ես:

– Մեկ ասում ես՝ ինքը վաբշե տոն չի տվել, մեկ էլ ասում ես՝ խունջիկ-մունջիկ էր գալի:

– Էրկուսն էլ պատահել ա, բայց ես Կարավանի խաթեր տոն չեմ տվել:

– Մի քիչ առաջ ասում էիր՝ կնի՛կը տոն չի տվել,- խորամանկ ժպտաց Վալերը:

– Լավ քննիչ կըլնեիր, Վալե՛ր,- ասացի ես:

– Քննիչի հարց չկա,- ասաց Վալերը.- ուղղակի ուզում եմ, որ պադպալկովնիկին ո՛չ իրա կնիկը դավաճանած ըլնի, ոչ էլ՝ դու:

– Հենց ըտենց էլ կա. ընենց որ՝ կարաս հանգիստ ըլնես, Վալե՛ր ջան,- ասացի ես:

– Թե ճիշտ ես ասում՝ ու րեմն ամեն ինչ շատ ճիշտ ա,- ասաց Վալերը:

– Ի՞նչ շահ ունեմ՝ քեզ խաբեմ,- ասացի ես:

– Չեմ ասում՝ շահ ունես,- ասաց Վալերը.- ուղղակի որ ինքը քեզ ըտենց ջիգյարով պաչեց, մեջս կասկած մտավ:

– Ես մեղավոր չեմ, որ ինքը ջիգյարով պաչեց,- արդարացա ես:

– Չեմ ասում՝ մեղավոր ես,- ասաց Վալերը.- ուղղակի հենց Կարավանը ոտը քաշեց, կնիկը շալակդ թռավ:

– Ճիշտն ասած՝ ես էլ շատ զարմացա,- ասացի ես:

– Զարմանալու բան էր,- ասաց Վալերը:- Էդ իրա ջան ու ջանդակին որ թռավ քեզ պաչեց, ծիծաղս հազիվ զսպեցի:

– Հա՛, շատ չաղ ա,- ասացի ես:

– Չաղը չաղ ա, բայց ընենց օբշի՝ ոչինչ,- ասաց Վալերը:

– Էրեւում ա՝ Լարիսա Իվանովնան շատ ա դուրդ էկել,- ասացի ես:

– Լարիսա Իվանովնան ո՞վ ա,- հարցրեց Վալերը:

– Կարավանի կնիկը: Կարող ա՞ խանդում ես, Վալե՛ր:

– Շատ դռբով կնիկ ա,- ասաց Վալերը:

– Չափսերով իրար լավ էլ բռնում եք:

– Շատ չաղ ա, ճիշտ ա, բայց մեջը մի տեսակ հետաքրքիր բան կա,- ասաց Վալերը:

– Էրեւում ա՝ իրան շատ ես հավանել,- ասացի ես:

– Կարավանի իմաստով մենք պարտավոր ենք մեզ ճիշտ պահենք,- ասաց Վալերը:

– Էդպես էլ պահել ենք,- ասացի ես:

Վալերն ու ես Լարիսա Իվանովնայից էինք խոսում ու Լարիսա Իվանովնայից խոսելով՝ շարունակում էինք կպած մնալ մեր ներկային, որը, փաստորեն, առավոտյան ավարտվելու էր, ու առավոտվա հետ նոր կյանք էր սկսվելու, ավելի ճիշտ՝ հին կյանքն էր վերսկսվելու, իսկ ավելի ճիշտ՝ ո՛չ նորն էր սկսվելու եւ ո՛չ էլ հինը, այլ՝ միանգամայն անորոշ ու անհայտ մի բան, ու էդ անորոշին ու անհայտին մոտենալու վախն ու սարսափն էին, որ ինձ ու Վալերին դեռեւս կպած էին պահում բանակային էդ գրեթե ավարտված ժամանակին, ու մենք արհեստականորեն ձգում էինք Կարավանի հաղթանդամ կնոջ մասին մեր խոսակցությունը, որովհետեւ վախենում էինք մտածել ու խոսել մեր մշուշապատ վաղվա ու առավել անհայտ վաղը չէ մյուս օրվա մասին, ու էն հանգամանքը, որ մենք արդեն վերջնականապես լղոզվել էինք բանակային էդ, ուրեմն, արհեստական կյանքին ու արհեստածին հարաբերություններին, մեզ վախ ու սարսափ էր ներշնչում ճիշտ այնպես, ինչպես հիմա՝ էս պահին եմ վախեցած, որովհետեւ հիմա էլ Կարավանի աժդահա տիկնոջ մասին իմ ու Վալերի երկխոսությունը շարունակելով ու ձգձգելով՝ հասկանում եմ, որ շուտ թե ուշ պարտավոր եմ անդրադառնալ բանակիս անմիջապես հաջորդած ժամանակներին, բայց իմ հիմիկվա վախն ու բանակիս վերջին օրվա իմ վախն անհամեմատելի են, որովհետեւ, եթե հիմա մոտավորապես գլխի եմ, թե բանակիցս հետո ո՞ւմ կամ ինչի՞ մասին եմ գրելու, ապա բանակի մեր ամենավերջին երեկոյան ես միանգամայն անտեղյակ էի, թե զորամասի պատերից դուրս ի՞նչ կյանք է սպասում ինձ, որովհետեւ նախկին կյանքս, որ ընդմիջվել էր բանակով, վերջնականապես էր ավարտված ու սպառված:

Երբ Մացոն հայտնվեց, թեթեւացա, որովհետեւ ես ու Վալերն արդեն փակել էինք Լարիսա Իվանովնայի թեման, ու արդեն անցանկալի մտորումների մեջ էի խրվում, եւ, ըստ երեւույթին, Վալերն էլ էր իմ վիճակում, ու երբ Մացոն հայտնվեց, Վալերի դեմքը միանգամից բացվեց:

– Հը՞, Մացի՛կ, ասում ես՝ քու մոտ գնա՞նք,- հարցրեց Վալերը:

– Ոնց որ ասեք,- ասաց Մացոն.- ուզո՞ւմ եք՝ էդ կարտոշկեն ու տուշոնկեն մի հատ էլ տաքացնեմ ու էն սիպտակի հետ բերեմ ըստեղ:

– Ի՞նչ սիպտակ,- հարցրեց Վալերը:

– Արաղը,- ասաց Մացոն.- մոտս մի հատ կեսլիտրանոց կա:

– Արժի,- ասաց Վալերը.- ես վաբշե խմող չեմ, բայց հիմի սիրտս մի տեսակ քաշեց:

– Ես էլ դեմ չեմ,- ասացի ես:

– Համ էլ ամոթ չի՞, որ վերջին օրն իրար հետ մի-մի բաժակ չչխկացնենք,- ասաց Մացոն:

– Երեւի իմ մոտ ավելի հարմար ա,- ասացի ես:

– Հա,- ասաց Վալերը.- Մացոյի մոտ կարող ա ավելորդ մարդ-մուրդ հայտնվի:

– Ոնց որ ձեզ հարմար ա,- ասաց Մացոն:- Ես էթամ էդ ամեն ինչը տաքացնեմ ու բերեմ:

– Մենք էլ հետդ գանք, Մացի՛կ. էդ աման-չամանն իրար հետ կբերենք,- ասաց Վալերը:

– Գնացինք,- ասաց Մացոն, ու արհեստանոցից դուրս եկանք:

Մացոյի մոտ էնքան տաք ու հարմար էր, որ մենք շուտով հրաժարվեցինք արհեստանոց վերադառնալու մտքից, եւ քանի որ Լարիսա Իվանովնայի ճոխ սեղանից համարյա չէինք օգտվել, ես ու Վալերն անմիջապես վրա տվինք Մացոյի ուտեստներին:

Մնացինք Մացոյի մոտ, ու ժամը տասներկուսի կողմերը գլխացավս բռնեց: Երեւի հոգեկան լարվածությունս ու օղին իրենցն արին, ու ես արդեն-արդեն սկսում էի բառերը մոռանալ, եւ վրա-վրա Վալերի ու Մացոյի անուններն էի արտասանում, որպեսզի ինձ ստուգեմ, որովհետեւ սովորաբար, երբ գլխացավս սկսվում եւ ուժգնանում էր, ես նույնիսկ հարազատներիս ու ամենամոտիկներիս անուններն էի սկսում մոռանալ:

Նայեցի ժամացույցին՝ ուղիղ տասներկուսն էր, այսինքն՝ մեր ծառայության ժամկետն ավարտված էր, ու մեր ազատության ժամանակը՝ սկսված, եւ ազատությանս հետ համահավասար վերսկսված էր նաեւ գլխացավս, ու երբ ես Վալերի ու Մացոյի անուններն էի վրա-վրա կրկնում, որպեսզի չմոռանամ, Վալերը զարմացած ինձ նայեց ու ասաց.

– Արմո՞, էս էրկու բաժակից վռազ հարբեցի՞ր:

– Հարբած չեմ, Վալեր ջան,- ասացի ես:

– Բա էդ խի՞ ես մի գլուխ անունս տալի:

– Վախից,- ասացի ես:

– Ի՞նչ վախ,- զարմացավ Վալերը:

– Վախենում եմ անունդ մոռանամ,- ասացի ես:

– Իմ անունն էլ ե՞ս վախում մոռանաս,- հարցրեց Մացոն:

– Հա,- ասացի ես:

– Ուրեմն՝ հաստատ հարբել ես,- ասաց Վալերը:

– Չեմ հարբել,- ասացի ես.- ուղղակի գլխացավս ա մոտենում:

– Ո՞ւմ ա մոտենում,- հարցրեց Վալերը:

– Ինձ,- ասացի ես:- Հեռվից մոտենում ա:

– Ի՞նչ գիտես, որ մոտենում ա,- հարցրեց Վալերը:

– Զգում եմ,- ասացի ես:- Դրա մոտենալը միշտ էլ անսխալ զգացել եմ:

– Ինչի՞ց ես զգացել,- հարցրեց Վալերը:

– Սկզբում բառերն ու անուններն եմ մոռանում,- ասացի ես:

– Իմ ու Մացիկի անունները լավ էլ հիշում ես,- ասաց Վալերը:

– Ձեր անունները կրկնում էի, որ չմոռանամ,- ասացի ես:

– Մեր անունները շատ ճիշտ էլ հիշում ես,- ծիծաղեց Վալերը:

– Մի քիչ հետո չեմ հիշի,- ասացի ես:

– Իզուր ես քեզ ներշնչում,- ասաց Վալերը:- Մի քիչ որ քնես՝ կանցնի:

– Արդեն լրիվ մոտեցել ա,- ասացի ես.- որ սկսվեց՝ էլ չեմ կարա քնեմ:

– Պառկի էս թախտին ու փորձի քնես,- ասաց Վալերը:

– Չէթա՞նք արհեստանոց,- հարցրի ես:

– Գիժ ե՞ս,- ասաց Մացոն:- Էդ արհեստանոցում ղյամաթ ա. գլխացավդ վաբշե կուժեղանա:

– Մացիկը ճիշտ ա ասում, Արմո ջան,- ասաց Վալերը:- Պառկի էս թախտին ու փորձի քնես: Ես էլ կփորձեմ գլխացավդ հանեմ:

– Ո՞նց,- զարմացա ես:

– Քու գործը չի: Դու հանգիստ պառկի ու աշխատի անուններս չմոռանաս,- ժպտաց Վալերը:

– Հետաքրքիրն էն ա, որ սաղ տարին ոչ մի անգամ գլխացավ չունեցա, ու հիմի որ ծառայությունս արդեն պրծնում ա, գլուխս սկսեց ցավալ,- ասացի ես ու մտքիս մեջ ուրախացա, որ էդ բարդ նախադասությունը կարողացա բարձրաձայն ձեւակերպել:

– Որ ըտենց ա, դիմում գրի ու քսանհինգ տարով աֆիցեր մնա,- ասաց Վալերը:

– Իմ ստամոքսն էլ էր վատ, բայց էս տարիուկեսում ոչ մի անգամ զգացնել չի տվել. թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ,- ասաց Մացոն:

– Մի դիմում էլ դո՛ւ գրի,- ծիծաղեց Վալերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել