Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

Սեպտեմբեր 03,2005 00:00

Սեպտեմբերի
1-ին, Արագածի փեշին հիմնված «Տառ-քարերի» պուրակում (Ապարանի ճանապարհին), «Նիգ-Ապարան»
հայրենակցական միության նախաձեռնությամբ նշվեց գիտության, գրի եւ դպրության տոնը:
Հանրապետության բոլոր մարզերից, մարզպետների եւ կրթության պատասխանատուների
ուղեկցությամբ, 15-20 առաջին դասարանցիներ էին եկել մասնակցելու տոնին: «Սա
մեր ամենատոնական տոներից մեկն է,- իր պերճախոսության գոհարները սփռեց ԿԳ նախարարը:-
Այս ամբողջ տարին տոնական է մեզ համար՝ կապված գրերի գյուտի 1600-ամյակի հետ: Սեպտեմբերի
1-ը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար մշտական տոն է: Մեր քրիստոնեական արմատները
մեզ անընդհատ ոգեշնչում են՝ պահպանել ազգայինը, հայկականը եւ դրա վրա իսկապես կառուցել
այն ոգին ու էությունը, որ կոչվում է հայ մարդ, հայ անհատ»: Բեմում Մաշտոցն
էր, ու երբ կառքով բերեցին վառվող ջահը, սպիտակ զգեստներ հագած ու ծաղկեպսակներ դրած
աղջիկները ծաղկաթերթեր էին սփռում շուրջը՝ ուղեկցելով ջահակրին: Ու մեր այն հարցին,
թե ի՞նչ էին ուզում ասել հեթանոսական ժամանակների այդ տեսարանով, «Նիգ-Ապարան» ՀՄ
նախագահության անդամ, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն ասաց. «Մեր Օֆելյայի (ՀՄ-ի մշակույթի
պատասխանատուն) մտքի թռիչքն է, եւ բերվածը Լուսավորչի կանթեղն է, դրանք էլ հրեշտակներն
են»: (Սակայն ջահը ջահ էր, ոչ կանթեղ, ուղեկցողներն էլ քրմուհիների էին հիշեցնում-
Ռ. Ա.): Ըստ պարոն Արշակյանի, պուրակը, որ բացվել է մայիսի 28-ին, դեռ զարգանալու
տեղ ունի: Նախատեսված է այնտեղ երեք ամիսը մեկ մի արձան կանգնեցնել բոլոր այն մեծերի
համար, ովքեր առնչվել են հայոց այբուբենին: Տոնին ներկա շուրջ 150 երեխաների
«Նիգ-Ապարանը» նվիրեց պայուսակներ՝ անհրաժեշտ պիտույքներով: «Այս միջոցառումը ժողովրդին
բարիացնելու, արմատներին կապելու նպատակ ունի: Իսկ պուրակի տարածքը խորհրդանշական
է: Այն ծովի մակերեւույթից բարձր է 1600 մետր, ինչը համընկնում է գրերի գյուտի 1600-ամյակին»,-
ասաց Աղասի Արշակյանը: «Այս տառերով դուք պետք է հայ մնաք, ամուր մնաք մեր հողին,
ամուր պահեք մեր պետականությունը եւ հավատարիմ՝ մեր պապերի թողած ժառանգությանը»,-
փոքրիկներին ողջունեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Աշխարհում թերեւս միակ ժողովուրդն
ենք, որ այբբենարանին հուշարձան ենք ձոնել: Առաջին փորձը արվեց եւ այժմ էլ Վեհարանում
պահպանվում են հայոց տառերի ոսկե ձուլածոները: Այսօր էլ քարերից ենք կերտել: Լավ
է, որ աշխարհին ներկայանում ենք գրերի գյուտին մեր սրբազան նվիրվածությամբ: Սա ոգեղեն
սկիզբ է: Այս տոնի հիմքը դրված է եւ պետք է ունենա շարունակություն: Ու ժամանակն
է, որ վերջապես քարոզվի մշակույթի գերակայությունը»,- ասաց Հայաստանի գրողների միության
նախագահ Լեւոն Անանյանը: Ցավոք, տեղատարափ անձրեւը ընդհատեց տոնահանդեսը: Արամայիս
Սահակյանի կատակը ճիշտ պահին էր. «Ժամանակին գրել եմ՝ վզիս գցեն մի պարան, էլ չեմ
գնա Ապարան: Բայց այսօր եկա»: Հետո լուրջ ավելացրեց՝ «Ազգը կփրկի հայրենի ոգին, որը,
ցավոք, գնալով պակասում է: Եվ այս տարվա ընդունելության քննությունները ցույց տվեցին,
որ շատերն անգամ տառաճանաչ չեն եւ հայոց լեզուն եւ գրականությունը վատ գիտեն, փոխարենը
տիրապետում են օտար լեզվին: Սա ահավոր մի երեւույթ է, եւ այս առումով կարելի է ողջունել
տոնակատարությունը, որը նաեւ ուշադրության հրավեր է»: ՌՈՒԶԱՆ
ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել