«Առավոտը»
նկատեց, որ ի տարբերություն «հայալեզու» թատրոնների, Ստանիսլավսկու անվան ռուսական
դրամատիկական թատրոնի խաղացանկում գերակշռում են հայ դասականների գործերը: Դրանք
են՝ Շիրվանզադեի «Քանդած օջախը», «Նամուսը», «Արմենուհին», Լ. Շանթի «Ինկած բերդի
իշխանուհին» եւ Մ. Իշխանի «Կիլիկիայի թագավորը» բեմադրությունները: «Արմենուհին»
բեմադրվել եւ ներկայացվել է դեռեւս անցյալ տարի՝ ի պատիվ Վարդան Աճեմյանի 100-ամյակի,
որը տոնվում է այս տարի: Ուստի սեպտեմբերի 8-ին թատրոնը 68-րդ թատերաշրջանը կբացի
իր այցեքարտը հանդիսացող Գրիգորի Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումով: Ըստ
մեր տեղեկությունների, այս թատերաշրջանում ռուսական թատրոնում կաշխատեն ռուսաստանցի
հայ ռեժիսորներ: Հաստատելով լուրը, մեզ հետ զրույցի սկզբում թատրոնի տնօրեն Ֆրեդ
Դավթյանն ասաց, որ ռուսաստանցի հայ ռեժիսորների այցը Հայաստան ֆինանսավորում է Ռուսաստանի
արտերկրի ռուսական թատրոնների աջակցության կենտրոնը. «Հիշեցնեմ, որ մեր թատրոնը այս
տարվա հունվարին մասնակցելով Ռուսաստանի նախագահի հովանու ներքո Մոսկվայում անցկացված
փառատոնին՝ Ռիչարդ Կալինոսկու «Լուսնահրեշը» ներկայացումով (բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր
Գրիգորյան), գրավեց Ռուսաստանի թատերական գործիչների միության, արտաքին գործոց նախարարության
ուշադրությունը: Դրա շնորհիվ է, որ կենտրոնը մոսկվաբնակ ռեժիսոր, դրամատուրգ Ժաննա
Աղասյանին եւ Ռոբերտ Մանուկյանին գործուղում է մեր թատրոն: Առաջինը կբեմադրի իր «Երեքը»
պիեսը, իսկ երկրորդը՝ Մոպասանի «Մեկ անեկդոտի պատմություն» երկը»: Խոսելով
այս թատերաշրջանի մասին՝ Ֆ. Դավթյանը ասաց նաեւ, որ թատրոնը սեպտեմբերի 19-ին մեկնում
է Բելառուս՝ մասնակցելու Բրեստի թատերական միջազգային փառատոնին, որտեղ ընդգրկված
են ավելի քան 30 երկրների (Ճապոնիա, Անգլիա, Ռուսաստան, Ֆրանիսա եւ այլն) թատերական
կոլեկտիվներ: Երեւանի ռուսական թատրոնը կներկայացնի «Լուսնահրեշը»: Իսկ ինչո՞ւ հատկապես
հիշյալ ներկայացումը: Տնօրենը նշեց. «Այս պիեսն է, որ պատասխանում է հայերիս հուզող
հարցին, այն է՝ թե Եղեռնը հետագա սերունդների վրա ի՞նչ ազդեցություն է թողել եւ վերջիններս
ի՞նչ հետեւություն են անում դրանից»: Պիեսի ընտրությունը Ֆ. Դավթյանը արդարացրեց
նաեւ նրանով, որ ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ կրկին կառնչվեն եղեռնի թեմային:
Փառատոնից վերադառնալով՝ թատրոնը պլանավորել է հյուրախաղեր Արցախում, որոնք կկայանան
հոկտեմբերի 1-10-ը: Հարցին՝ «Չե՞ն անտեսվել, արդյոք, Հայաստանի մարզերի թատերասերները»,
տնօրենը պատասխանեց. «Ինչ խոսք, կոմունիստների օրոք ավելի ծավալուն էր թատրոնների
գործունեությունը մարզերում, սակայն վերջին տարիներին Հայաստանի թատերական գործիչների
միությունը կազմակերպում է, այսպես կոչված, մարզային փառատոներ: Այդ տարիներին, կարող
եմ ասել, որ մենք ելույթներ ենք ունեցել Հայաստանի բոլոր մարզերում՝ անկախ մարզային
թատրոնների վիճակից»: Դերասանի աշխատավարձի մասին արդեն ավանդական դարձած
հարցի առնչությամբ Ֆ. Դավթյանը տեղեկացրեց, որ ժողովրդական դերասանի համար այն 50
հազար դրամ է, իսկ նորաթուխներինը սկսվում է 20 հազարից: Մեր հետաքրքրությանը՝ «Հայկական
թատրոնների դերասանները գոնե մեկ-մեկ հրավիրվում են հեռուստառադիոընկերություններ՝
վճարովի եթերի: Նշված ընկերություններում երբեւէ չենք հանդիպել ռուսալեզու դերասանների,
հետեւաբար ձեր արտիստները զրկված են կողմնակի եկամուտներից: Դժվար չէ՞ միայն այդ
աշխատավարձով գոյատեւել», Ֆ. Դավթյանը հավաստիացրեց, որ համարյա 40 տարի իրենց թատրոնում
ստեղծագործող գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը ստեղծել է կոլեկտիվ, որն ապրում
է ընտանիք հասկացությամբ. «Ինչ խոսք, աշխատավարձերը չեն կարող բավարարել մեր դերասաններին:
Հավատացնում եմ, մեր 100 հոգանոց ընտանիքի անդամներին պահում է միայն մեր թատրոնին
հարիր մթնոլորտը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ