Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ» ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սեպտեմբեր 03,2005 00:00

Այն անցել է ինքնասպանությունների
փուլ Երկու օր առաջ Բուզանդի 23-ում ապրող 65-ամյա Մուրադյան Անժետան, տնից
վտարվելուց առաջ, իր տան տանիքից ցած նետվելու փորձ արեց: Նրան կանխեցին ոստիկաններն
ու «կարմիր բերետավորները»: Սակայն տիկինը ստացել է մարմնական վնասվածքներ: Նույնպիսի
վնասվածքներ են ստացել Բուզանդի 23-ի մյուս բնակիչները, բոլորն էլ՝ այդ հասցեի միակ
չվտարված նույն ընտանիքից: Ընտանիքում ապրում է 12 մարդ: Տիկին Անժետան պահանջել
է քաղաքապետի, վարչապետի ու տարածքն իրացնող ԾԻԳ-ի ղեկավարի ներկայությունը, որովհետեւ
իր տան չափագրման ժամանակ թույլ են տրվել անճշտություններ՝ 6 մետրի տարբերությամբ:
Դա ընդունել են չափագրողները, բայց չի ընդունում տարածքի նոր սեփականատեր «Գրիար»
ՓԲԸ-ն ու շտապել է քանդել տունը, թեպետ գործը դեռեւս դատական քննության մեջ է: Օրինական
գրանցում ունեցող շուրջ 100 քմ-ի դիմաց «Գրիարը» առաջարկել է 33 հազար դոլար՝ ներառյալ
բանկային տոկոսներն ու եկամտահարկը, բայց դա էլ չի տվել: «Մեզ փող պետք չէ, տուն
եք վերցնում մեզանից, տուն տվեք՝ կհեռանանք»,- ընտանիքի այս առաջարկին համաձայն են
քանդման ենթակա մնացած տների բնակիչները: Բայց լսող չկա: Երեկ
առավոտից բնակիչները ստիպված «բարիկադներով» շրջափակել էին փողոցը:
Երկկողմանի բարիկադներով շրջափակված են ոչ միայն Բուզանդի 23-ը, այլեւ հարեւան
բակերի հարակից հատվածները: Ի դեպ, Բուզանդի 15-ում, որտեղ դեռեւս ապրում է 8 ընտանիք,
տեղահանումը նախատեսված է երկուշաբթի առավոտյան: Թողած
աշխատանք եւ ուսում՝ «բուզանդացիները» զօր ու գիշեր հերթապահում են «բարիկադների»
մոտ: Նրանք լսել են քաղաքապետի կարգադրությունը՝ մինչեւ ամսի 10-ը տարածքը «մաքրել»
բնակիչներից, եւ մտադիր են փողոցում մնալ մինչ այդ օրը ու ավելին: Մուրադյանների
ընտանիքը ողջ գիշեր անց է կացրել նախորդ օրվա «քանդուքարափից» հետո տնից մնացած բեկորի՝
կիսափլված տանիքի տակ: 12 հոգանոց ընտանիքը, որի կազմում կան փոքրիկներ, դպրոցահասակներ
եւ ուսանողներ, ինչպես նաեւ՝ թոշակառու տիկին Անժետան, այժմ ապրելու տեղ չունի: Երեխաներին
ժամանակավորապես պատսպարում են հարեւանները, որոնց տները նույնպես քանդման տակ են:
Այս փլատակները արդեն մի քանի ամիս է, ինչ կան ու չեն քանդվում: Այստեղ ապրողներից
շատերը դեռ պատահական տներում են գիշերում, թեպետ մինչ այսօր կարող էին մնալ իրենց
տներում: Լուսանկարչական ռեպորտաժը՝ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել