Ըստ
բժիշկ-գիտնական Վարդան Ակունցի, Հայաստանում նրան հիշում են, երբ պաշտոնյաների մերձավորները
հիվանդանում են: «Այսօր վաստակավոր գործիչներ կան, որոնք գիտության ասպարեզում
իմ աջ կոշիկից ոչնչով առավել չեն»,- ասում է Միջազգային էկոլոգիայի ակադեմիայի ակադեմիկոս,
ՀՀ գլխավոր ալերգաբան, պրոֆեսոր Վարդան Ակունցը: Գերմանիայի եվրոպական ակադեմիան
ալերգաբանության բնագավառում ունեցած ծառայությունների համար նրան պարգեւատրել է
Ռենտգենի անվան մեդալով եւ դիպլոմով: Այն պրոֆեսորին է փոխանցել Ռուսաստանի բնագիտական
ակադեմիան, որի անդամն է նա: 205 աշխատությունների հեղինակը Հայաստանում ալերգաբանության
հիմնադիրն է: Գիտնականի ստեղծած կառույցները համակարգում են առաջին հայացքից թեթեւ
թվացող, սակայն բավականին տարածված եւ բարդ հիվանդության կանխարգելմանն ուղղված ջանքերը:
«Իմ գրեթե բոլոր աշխատությունները նվիրված են էկոլոգիայի խաթարման զոհերին, որոնք
ալերգիայով տառապողներն են: Հետեւաբար, եթե դու մշակում ես այդ հիվանդության ախտորոշումը,
բուժումը, ինքնըստինքյան ստեղծվում է լուրջ գիտական հիմք, որի վրա կարող է զարգանալ
ալերգիկ հիվանդությունների հետազոտումը: Իմ երկար տարիների վաստակը, կարծում եմ,
որոշակի նպաստ է բերել Հայաստանի բժշկագիտական աշխարհին: Սակայն մինչ օրս ոչ ոք մատը
մատին չի խփել, նույնիսկ մի շնորհակալագիր չեմ ստացել: Լավ է, երբ քո վաստակը, գիտնականի
ավանդը գնահատում են ուրիշները: Սակայն կրկնակի վատ է, երբ այն չեն տեսնում կամ չտեսնելու
են տալիս հայրենի իշխանությունները: Ինչքան էլ դրսում քեզ գնահատեն, նախեւառաջ քո
տանը քեզ պետք է հարգեն: Ինձ հիշում են միայն այն ժամանակ, երբ որեւէ մեծահարուստի
կամ պաշտոնյայի ընտանիքի անդամ է հիվանդանում, եւ դրանով հարցը փակվում է: Էկոլոգիայի
խաթարման, անորակ սննդի, ոչ թույլատրելի քանակի թունավոր արտանետումների հետեւանքով
հիվանդներ դարձած մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց հիվանդության գիտական հիմնավորման
կարիքն ունեն, որին բավարար ուշադրություն չի դարձվում: Աշխարհի առաջավոր երկրներում
այդ հարցին առավել քան լուրջ են վերաբերվում: Սակայն մեզ մոտ համապատասխան հոգածությունը
չկա: Էկոլոգիայի ոլորտի պատասխանատու շատ չինովնիկներ գաղափար անգամ չունեն արծարծվող
խնդիրներից եւ դրանից բխող հետեւանքներից: Ցավոք, դրա վկան եւ ականատեսն եմ եղել
բազմիցս: Անուշադրության եւ մեր տխուր իրականության արդյունքում փակվեց նաեւ իմ կողմից
ստեղծված «Էկոծին» ազգային բարեգործական ասոցիացիան, որը պետք է վերլուծեր ալերգաբանության
բնագավառում եղած խնդիրները, պրոֆիլակտիկ առումով օգներ էկոլոգիայի նախարարությանը:
Սակայն կառույցը մեկ-երկու տարուց լուծարվեց: Իսկ նախարարությունում, կասկածում եմ,
որ գիտեն այդ մասին, թեպետ ասոցիացիան պաշտոնապես գրանցված էր այնտեղ»,- ասաց պրոֆեսոր
Ակունցը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ