Այսպիսի
կոչ արեց Դավիթ Շահնազարյանն ու հավելեց, թե՝ հասարակությունը պետք է համախմբվի Քոչարյանի
ռեժիմից ազատագրվելու նպատակով: – 2001-ին, երբ Հայաստանն անդամակցում էր
ԵԽ-ին, այդ կառույցը Հայաստանի առջեւ Սահմանադրությունը բարեփոխելու նախապայման կամ
պահանջ չէր դրել: Ինչո՞ւ այդ հարցը հանկարծ դարձավ ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունը,
որով այսօր պայմանավորվում են մեր երկրի ժողովրդավարական ողջ գործընթացները: –
Երկրի ժողովրդավարացման գործընթացը առաջին հերթին պայմանավորվում է ազատ արդար ընտրությունների
արդյունքում՝ լեգիտիմ իշխանություն ձեւավորելով: Ժողովրդավարության պայմաններում
ես առաջիններից մեկը կողմ կլինեի սահմանադրական բարեփոխումներին, բայց այս պայմաններում
Սահմանադրությունը փոփոխելը նշանակում է փոշիացնել Հայաստանի պետականությունը եւ
հավերժացնել Քոչարյանի քրեական ռեժիմը: Իրականում Քոչարյանի համար սահմանադրական
փոփոխությունների բովանդակությունը երկրորդական է: Կարեւորը փոփոխությունների փաստն
է եւ, եթե Քոչարյանին հաջողվի անցկացնել հանրաքվեն, նա ՍԴ-ից էլի մի տեղեկանք կստանա
եւ որպես՝ ՀՀ նախագահի թեկնածու, կրկին կառաջադրվի: Նախկին ԽՍՀՄ տարածքում Հայաստանի
նման երկրներում, որտեղ առաջընթացի ներդաշնակ զարգացման բոլոր հնարավորություններն
առանց իշխանափոխության բացառված են, առավել եւս, երբ ունենք հանցագործ, բռնապետական
իշխանություն, սա արդեն դարձել է սովորական երեւույթ: Դա է ապացուցում Կենտրոնական
Ասիայի երկրների, Բելոռուսիայի, ինչպես նաեւ Ռուսաստանում ընթացող ներկայիս գործընթացները:
– Դուք թվարկում եք երկրներ, որոնք ԵԽ առջեւ որեւէ պարտավորություն չեն ստանձնել:
Որքանո՞վ է հավանական, որ եվրոպական կառույցները աչք փակեն Ռ. Քոչարյանի երրորդ ժամկետում
առաջադրվելու փաստի վրա, եթե նման բան տեղի ունենա: – Հակված չեմ կարծելու,
որ միջազգային դիտորդները կողմնակալ կլինեն: Բայց մենք միշտ պետք է հիշենք ամենակարեւորը՝
Հայաստանում հարցերը լուծում ենք մենք՝ մեր հասարակությունը, քաղաքական ուժերը, բացառությամբ
իշխանությունների եւ ընդդիմության դիմակի տակ պատսպարված ուժերի: Բոլոր հարցերը լուծվում
են Հայաստանում: Իսկ սահմանադրական այս փոփոխություններին աջակցելը նույնն է թե՝
ասել, որ Ռ. Քոչարյանը երրորդ, չորրորդ անգամ անօրինականորեն մնալու է ՀՀ նախագահի
պաշտոնում: – Այդուհանդերձ, Հայաստանում այդ փոփոխությունները լոբբինգ անող
հիմնական ուժը հենց եվրոպական կառույցներն են: – Նախ, եվրոպական կառույցների
եւ ԱՄՆ-ի՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, դիրքորոշման համար, մենք բացառապես
«պարտական ենք» ընդդիմությանը: Նրանք Ստրասբուրգում տեսան, որ իշխանության եւ ընդդիմության
ներկայացուցիչներն ինչ-որ հարցում հայտարարի են եկել եւ բնական է, որ այդ կոնսենսուսը
միանգամից պետք է պաշտպանեին: Իհարկե, հետո պարզվեց, եւ կարծում եմ, Արեւմուտքն էլ
հասկացավ, որ «ստրասբուրգյան» ընդդիմությունը իր խոսքը կարող է դրժել, ինչպես դա
անում են իշխանությունները: Իսկ ընդհանուր առմամբ, ես ուզում եմ գոհունակություն
հայտնել խորհրդարանական ընդդիմության մի հատվածի պահվածքի համար: Ընդդիմության մի
մասի՝ «Արդարություն» խմբակցության առաջնորդների գնահատականները բավականին ճիշտ էին,
բայց, այդուհանդերձ, չանդրադարձան կարեւորագույն՝ երկքաղաքացիությունը սահմանադրորեն
արգելող դրույթը հանելու հնարավոր վտանգներին: Երկքաղաքացիության արգելքը Սահմանադրությունից
հանելով՝ մենք իրականում կորցնում ենք մեր պետականությունը: Իսկ ի՞նչ է պետականությունը.
տարածք եւ պետություն այդ տարածքի վրա, ու հիմնական մի հարցադրում՝ ո՞ւմ է պատկանում
այդ պետությունը: Քոչարյանը, մինչ օրս չլինելով ՀՀ քաղաքացի, փորձում է ՀՀ քաղաքացիության
ինստիտուտը փոշիացնել: Դա գրեթե նույնն է, ինչ պետության տարածքը հանձնելը: Ո՞ւմ
է պատկանում Հայաստանի Հանրապետությունը, ով է ձեւավորում իշխանությունը, եթե կա
երկքաղաքացիություն. բավականին անորոշ է: Այդ նորմը հանելուց հետո, օրինակ՝ ՌԴ-ում
անմիջապես կբաժանվեն եւ ՌԴ եւ ՀՀ անձնագրեր, ու Ռուսաստանում մենք կունենանք ավելի
շատ ընտրող, քան՝ Հայաստանում, ընդ որում՝ չունենալով այդ ամենը վերահսկելու որեւէ
հնարավորություն: Այսինքն, արդեն իրավականորեն կամրագրվի Հայաստանի վասալ լինելը,
եւ հետագայում, հաջորդ իշխանությունների համար շատ դժվար կլինի ուղղել դա: Հայաստանը
պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք բնակվում են ա՛յս տարածքում,
եւ ովքեր պարտավորություններ ունեն միայն մե՛ր պետության, այլ ոչ ուրիշ պետության
նկատմամբ: Երկքաղաքացիության ընդունումը մեզ համար, կրկնում եմ, նշանակելու է պետականության
փոշիացում: – Բայց երկքաղաքացիությունը, անգամ սահմանադրական փոփոխությունների
ընդունումից հետո, դեռ պետք է օրենքով կարգավորվի եւ ճշտվի նաեւ երկքաղաքացիություն
ունեցողների ընտրական իրավունքի հարցը: – Ի՞նչ օրենքի մասին է խոսքը, երբ
օրենքներն ընդունող խորհրդարան այսօր, ըստ էության, գոյություն չունի: Այսօրվա ՀՀ
խորհրդարանը ԽՍՀՄ ԳԽ-ի կարգավիճակում է: Իմ համոզմամբ, նրանք՝ ովքեր կողմ են սահմանադրական
փոփոխություններին, դեմ են Հայաստանի պետականությանը եւ կողմ՝ այս հանցավոր ռեժիմի
պահպանմանը: Կոչ եմ անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն: Հարցն այնքան լուրջ
է, որ կարծում եմ, այս սահմանադրական փոփոխությունները տապալելու եւ Քոչարյանի ռեժիմից
ազատվելու համար պետք է համախմբվել: Սա Արցախի մեր ազատամարտից ոչ պակաս կարեւոր
հարց է: Խորհրդարանում կային ուժեր, մասնավորապես «ստրասբուրգյան» ընդդիմության
ներկայացուցիչները, որոնք պասիվ «ոչ» էին ասում այդ փոփոխություններին: Դրանք իրավիճակով
պայմանավորելը ուղղակի նշանակում է առեւտրի գնալ: – Տարածված կարծիք կա, թե
Ռ. Քոչարյանը, եթե ցանկություն ունենար առաջադրվել երրորդ ժամկետի համար, չէր համաձայնի
սահմանադրական փոփոխություններով ամրագրել նախագահի լիազորությունների նվազեցումը:
– Այդպես մտածողները հեռու են քաղաքականությունից: Իրականությունն այլ է:
Քոչարյանը, չլինելով ՀՀ քաղաքացի, արդեն երկու անգամ անօրինական ճանապարհով դարձել
է ՀՀ նախագահ, բազմաթիվ անգամ խախտել է գործող Սահմանադրությունը, հիմա էլ փորձում
է սահմանադրական փոփոխություններով ամրագրել իր ցմահ անձեռնմխելիությունը: Ես միշտ
ասել եմ, որ նրան սպասվում է Միլոշեւիչի ճակատագիրը՝ հանուն սեփական իշխանության
պահպանման Հայաստանն այս իրավիճակի դնելու համար (իսկ նրա իշխանության հիմքը՝ կոռուպցիան
է, կլանային համակարգն ու հանցագործ աշխարհը, եւ իհարկե, իր մոտ աշխատող ընդդիմությունը):
Սա լինելու է առաջիկա ամիսների համար լուրջ պայքար եւ հասարակությունը պետք է համախմբվի
հանցավոր իշխանությունների, բռնապետության դեմ եւ հանուն Հայաստանի Հանրապետության
եւ մեր ազատությունների: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ Հ. Գ. Օրերս
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում ելույթ ունենալով՝ «ԱՄ» խմբակցության նախագահ Արտաշես
Գեղամյանը դիմել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՀՀ պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանին, մեկին՝ իր բարեկամի, մյուսին յուրայինների «գյամերը քաշելու»
հորդորով՝ ակնարկելով նաեւ Դավիթ Շահնազարյանին: Վերջինս մեր հարցադրմանն ի պատասխան
ասաց. «Երբ մարդը շատ լավ հասկանում է, որ ինքը ՀՀ քաղաքական դաշտում այլեւս իր տեղը
չունի, երբ անսանձ պոպուլիզմը բացարձակապես իրեն սպառել է, նա պետք է ձգտի սկանդալների:
Դե մարդը հասկանում է, որ իր մասին ընդհանրապես չեն խոսում ոչ Հայաստանում, ոչ դրսում,
որովհետեւ ինքը որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում, ստիպված այսպիսի էժանագին
սադրանքների է դիմում: Այսինքն, Ականը հիմա վերածվում է Անորսալի Ջոյի, որը միշտ
եղել է եւ մնում է գործող իշխանությունների երաժշտական գործիքը»: