Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԻՉԸ

Սեպտեմբեր 02,2005 00:00

ՄԱՐԶԻՉԸ ԿԱՏԱՐԵՑ ԽՈՍՏՈՒՄԸ Շարունակվում է միջազգային ասպարեզներում ունեցած ակնառու նվաճումների համար Հայաստանի մարզիկների, նրանց անձնական, մրցումներին նախապատրաստած մարզիչների ու մյուս պատասխանատուների դրամական կամ նյութական խրախուսանքի բարի ավանդույթը, որ համատեղ հիմնել են ՀԱՕԿ-ն ու ՀՀ սպորտպետկոմը: Հերթական հավաքի առիթը օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր մարզիկ-մարզուհիների գերազանց մրցելույթներն էին, երբ նրանք ընդհանուր առմամբ նվաճեցին 20 մեդալ, որից 8-ը՝ երկամարտում (2 «ոսկի», 2 «արծաթ», 4 «բրոնզ»): Տղաները թիմային հաշվարկով գրավեցին 2-րդ, իսկ աղջիկները՝ 6-րդ տեղը, չնայած վերջիններից ասպարեզ էր մտել ընդամենը երեք հոգի: Ողջունելով չեմպիոններին ու մրցանակակիրներին՝ Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ 1998/1999 թվականներին նման կարգի հաջողություն արդեն ունեցել ենք եւ այն ժամանակվա պատանիները հիմա մեր ազգային հավաքականի հիմնական կորիզն են կազմում ու համոզմունք հայտնեց, որ սա այս սերնդի վերջին մարզական հաջողությունը չէ, այլ ընդհակառակը՝ մեծ սպորտում նրանց իսկական ճանապարհը նոր է սկսվում: Նա շնորհակալություն հայտնեց հանրապետության պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, գյումրեցի Աշոտ Մխիթարյանին, նրան աջակցած բոլոր մասնագետներին եւ առանձնապես՝ մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Շահեն Հովասափյանին, որի գալով ծանրամարտը Հայաստանում շոշափելի առաջընթաց է ապրել: Իր խոսքում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը չեմպիոններին ու մրցանակակիրներին հորդորեց ձեռք բերածով չբավարարվել: «Հիմա դուք ավելի լուրջ ու ավելի նպատակասլաց պետք է մարզվեք, եթե ընտրել եք այս ճանապարհը,- ասաց նա:- Մենք ձեզ հետ օլիմպիական մեդալների հույսեր ենք կապում: Օլիմպիական կոմիտեն, Սպորտպետկոմը, Ֆեդերացիան ամեն բան անում ու անելու են ձեր հաջողությունները բազմապատկելու համար: Մնացածը կախված է լինելու ձեզնից: Մարզվեք, հաղթեք: Պետությանը, ազգին ճանաչում են հաղթանակների համար բարձրացվող երկրի դրոշով, հնչեցվող օրհներգով»: Այնուհետեւ Գ. Ծառուկյանը մարզիկներին ու մարզիչներին հանձնեց ՀԱՕԿ-ի դրամական մրցանակները: Արարողության ժամանակ հետաքրքիր միջադեպ կատարվեց: Տեղեկանալով, որ Մելինե Դալուզյանը ճանաչվել է առաջնության կանանց մրցաշարի լավագույն ծանրորդուհի, իսկ Տիգրան Մարտիրոսյանը, բացի չեմպիոն դառնալուց ու Եվրոպայի չորս ռեկորդ սահմանելուց, արժանացել է նաեւ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի հատուկ մրցանակի, Գագիկ Ծառուկյանը հենց տեղում կրկնապատկեց նրանց դրամական պարգեւի գումարը: Պատասխան խոսքում հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերվող ուշադրության եւ գործնական աջակցության համար: «Մենք հաջողություններ, հաղթանակներ էլի ենք ունեցել,- ասաց նա,- սակայն այս մեկը ուրիշ է: Այս անգամ պայքարը շատ դաժան ու ծանր էր: Անձամբ ես՝ 3-4 ոսկե մեդալների հույս ունեի, բայց արդյունքները շատ բարձր էին: Պատկերացրեք, որ մի քանի քաշային կարգերում այնպիսի կիլոգրամներ էին բարձրացվում, որոնք մեծահասակների առաջնությունում մրցանակային տեղեր կարող էին ապահովել: Շնորհակալ եմ մարզիկներից, որ չընկճվեցին, անձնական մարզիչներից, որ լավ են աշխատել, մարզադպրոցների տնօրեններից, որ միշտ մեզ հետ են եղել, ՀԱՕԿ-ից, որ ամեն ինչով օգնում է մեզ, սպորտի պետական կառույցից, որ վերջին տարիների ընթացքում կարողացավ փոխել սպորտի մասին եղած թյուր մտածելակերպը: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք պայքարել ու հաղթել եւ այդպես էլ շարունակելու ենք»: Լսելով Աշոտ Մխիթարյանին՝ ակամա հիշեցի ամիսներ առաջ «Առավոտի» խմբագրությունում կայացած մեր զրույցը: Այն Ժամանակ նա, ոգեւորված Գյումրիում մանկավարժական ինստիտուտի իրենց մարզադահլիճի նորոգումով, ջեռուցումն ապահովելով, որ իրականացվել էր ֆեդերացիայի նախագահ Շահեն Հովասափյանի անմիջական ջանքերով, ասաց. «Հիմա հերթը մերն է, ու մենք մեդալներով ենք վարձահատույց լինելու»: Եվ խոստումը կատարեց: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել