Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ

Սեպտեմբեր 02,2005 00:00

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԿՈԼԵԿՏԻՎԸ՝ ՔՈՉՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլը այլեւս «տնանկ» է: Այս մասին տեղեկացանք սեպտեմբերի 31-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում անսամբլի մենահամերգի օրը: Լուրը հաստատեց նաեւ անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանը: Անսամբլի տնօրենի հետ զրույցից պարզեցինք, որ 67-ամյա կոլեկտիվը մշտապես գոյատեւել է քոչվորի կարգավիճակում: Փոքր դահլիճից՝ մեծ դահլիճ, Երգչախմբային ընկերություն, հետո էլ ֆիլհարմոնիա, որտեղից Լորիս Ճգնավորյանի «իշխանության» տարիներին հանրապետության բոլոր ստեղծագործական խմբերը զրկվեցին իրենց փորձատեղիից… իսկ կոլեկտիվի վերջին հանգրվանը 1999-ից եղել է Աբովյան 8-ը՝ Հենրիկ Իգիթյանի ղեկավարած Գեղագիտության ազգային կենտրոնի անվճար տրամադրած դահլիճը: Այստեղ գործում էր Գեղագիտության կենտրոնի մանկական ֆիլհարմոնիան, որն այժմ տեղափոխվել է կենտրոնի այլ տարածք, որտեղ արդեն երգի-պարի անսամբլի համար հարմար փորձատեղի չկա: Հետաքրքրությանը, թե այս առիթով ի՞նչ է մտածում մշակույթի նախարարությունը, պարոն Տիգրանյանը հավաստիացրեց, որ նախարարը քանիցս հարցը բարձրացրել է կառավարության նիստերի ժամանակ: «Մեզ տրամադրվել է Ն. Զարյան փողոցում նախարարության ենթակայության տակ գտնվող շենքի վերեւի մասի ընդարձակ սրահը: Կարծում ենք, որ այն մշակութային մթնոլորտ չի ապահովում, տանիքն անսարք է, շենքի առաջին հարկում գործում է տների առքուվաճառքի շուկան: Մի խոսքով, նման տեղում ստեղծագործական կոլեկտիվի գործունեությունը աննպատակահարմար ենք համարում»,- ասաց պարոն Տիգրանյանը: Տնօրենը նշեց, որ նորից են գրավոր դիմել մշակույթի նախարարությանը, եւ մինչ պատասխան ստանալը՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանի եւ խորհրդատու Վանուշ Խանամիրյանի հետ հարմար տեղ են փնտրել: «Էլի մեզ ընդառաջեցին Երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը եւ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը: Առայժմ Երաժշտական ընկերության տրամադրած տարածքում փորձերը կանցկացնեն երգչախումբն ու նվագախումբը, իսկ Իգիթյանի տրամադրած մեկ այլ տարածքում՝ պարային խումբը: Բայց երկու մասի բաժանված կոլեկտիվը երկար չի կարող գործել»: Տնօրենը տեղեկացրեց, որ չնայած անտուն վիճակին ու անջատ փորձերին, իրենք ունեն նոր ծրագիր. «Երբ լինի մեր տունը՝ կսկսվեն անսամբլի բեմադրական աշխատանքները ու, վստահ եմ, որ նոր ծրագիրը միանգամից կգրավի երաժշտասեր հասարակայնության ուշադրությունը»: Պարոն Տիգրանյանը հավաստիացրեց նաեւ, որ արդեն տարիներ շարունակ անսամբլը չի գնում արձակուրդ, մատնանշելով «Պահպանենք մեր մշակույթը» ակցիայի շրջանակներում՝ Կապանի եւ երեւանյան համերգները. «Մոտ երկու տարի առաջ էլ միջպետական պայմանագրի արդյունքում ելույթ ունեցանք նաեւ Չինաստանում: Հիշեցնեմ՝ 2003-ին մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի ջանքերով մեզ տրամադրված 5 մլն դրամի մասին, որի շնորհիվ նոր զգեստներով հանդերձավորվեց անսամբլը, ձեռք բերեցինք նաեւ անհրաժեշտ ռեկվիզիտներ»: Մշակույթի նախարարության մշակույթի քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանից ցանկացանք ճշտել՝ ինչ է սպասվում կոլեկտիվին: Նա ասաց, որ տարածք չունեցող եւս 12 կոլեկտիվ կա: Պարոն Վարդանյանը խոսեց նաեւ իրենց ենթակայության տակ գտնվող, Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի անսամբլին առաջարկվող, Զարյան 24 հասցեում գտնվող տարածքի մասին: «Այս խնդրի մասին տեղյակ է նաեւ վարչապետը: Տրամադրված տարածքը նախնական տարբերակ է: Վերանորոգման աշխատանքներ կատարելուց հետո անսամբլը այնտեղ կարող է նորմալ աշխատել»,- ասաց Կ. Վարդանյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել