Բենզինն ավելի է թանկանալու Հայաստանում վարորդների դժգոհությունը հարուցած բենզինի գնի իրական թանկացումը դեռ օրերս կերեւա: Բենզին ներկրող ընկերություններից ստացված տվյալներով, առաջիկա օրերին հանրապետության բենզալցակայաններում վառելիքի այդ տեսակն էլ ավելի կթանկանա: Ինչպես հայտնի է, տասը օրվա ընթացքում Հայաստանում բենզինի գինը արդեն իսկ մոտ 27 %-ով բարձրացել է: Մի տասը օր առաջ 20 լիտր «սուպեր» տեսակի համար պահանջվում էր 7000 դրամ, այսօր նույնի համար պետք է արդեն վճարել 9500 դրամ: Երեկ բենզին ներկրող ընկերություններից ստացած տվյալներից հայտնի դարձավ, սակայն, որ այդ գների մեջ ամենեւին էլ արտացոլված չեն բենզինի միջազգային շուկայում արձանագրված ամենավերջին թանկացումները: Այդ վերջին «թանկ» բենզինը նոր է գալիս Հայաստան. դեռ ճանապարհին է: Մինչդեռ վառելիքի գնի բարձրացումը վարորդների շրջանում մեծ դժգոհություններ է առաջացրել, քանի որ նրանք առանց այդ էլ սննդամթերքի, սպասարկման ոլորտի ծառայությունների գների բարձրացման պատճառով ոչ մի կերպ չէին «տեղավորվում» իրենց բյուջեի մեջ: Ոչ կայուն գների պարագայում եկամուտների կամ աշխատավարձերի ադեկվատ բարձրացում տեղի չի ունեցել: Այսպիսով, բենզինի նոր խմբաքանակը Հայաստանում կլինի 3-4 օրից, որը նոր թանկացում է խոստանում: Թե արդյոք էլի որքանով կբարձրանա բենզինի գինը Հայաստանում, բենզին ներկրող ընկերությունների ներկայացուցիչները առայժմ հրաժարվեցին պատասխանել, նշելով, որ դա ավելի ստույգ հնարավոր կլինի անել՝ միջազգային, ճանապարհային եւ մնացած ծախսերը հաշվարկելուց հետո: Սակայն մոտավոր հաշվարկներով, բարձրացված գներով ձեռք բերված խմբաքանակը յուրաքանչյուր մեկ լիտրի ներկայիս գնին կավելացնի եւս 20 դրամ: Այսինքն, վարորդներին առավել հարմար հաշվարկով՝ յուրաքանչյուր 20 լիտրի համար նրանք 400 դրամով ավելի կվճարեն: Ներկրողները չբացառեցին, որ դրանից հետո էլի կթանկանա բենզինը: Մեր երկիր բենզին ներկրող մի քանի խոշոր ընկերությունների շրջանում անցկացրած հարցումների ընթացքում բոլորն էլ թանկացումը միանշանակորեն պայմանավորեցին միջազգային շուկայում բենզինի գնի բարձրացմամբ: Իսկ հայաստանյան շուկայի վրա այդքան արագ ազդեցությունը բացատրեցին բենզինի խմբաքանակը շաբաթը մեկ ներկրելու հանգամանքով: Այս տարվա հուլիսին միջազգային շուկայում նավթի մեկ բարելի գինը եղել է $51, օգոստոսին 12-ով թանկացել է՝ կազմելով $63: Իսկ տարեսկզբի համեմատությամբ՝ միջազգային շուկայում նավթի գինը բարձրացել է 65 տոկոսով, բենզինինը՝ 100 տոկոսով: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ