«ԴՀՈԼԻ ՊԵՍ ԴԱՏԱՐԿ» Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, երեկ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսումնական նոր մասնաշենքի բացմանը մասնակցելուց հետո, լրատվամիջոցներին հայտնեց, որ հետեւում էր սահմանադրական փոփոխությունների քննարկումներին: «Ամիսներ շարունակ Ձեր միջոցով տեսակետներ էին արտահայտվում: ԱԺ-ում ուղղակի խտացվեց այդ տեսակետները»,- այդպես մեկնաբանեց նախարարը ընդդիմադիրների ելույթները: Անդրադառնալով «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի խորհրդարանական ելույթներին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Գեղամյանը, ինչպես միշտ, փորձել է ինչ-որ բան ասել: Նա ստախոս, բամբասկոտ, դհոլի պես դատարկ մարդ է: Խուճապի մեջ է: Չգիտեմ՝ այս անգամ պատճառն ինչն է: Երեւի համագործակցելու առաջարկը (համատեքստից կարելի է ենթադրել, որ նախարարն ակնարկում է իշխանության հետ համագործակցելու Գեղամյանի առաջարկը- Ռ. Մ.) մերժվել է: Եվ մարդը չգիտի՝ ինչ անի: Նրան թվում է, թե աշխարհը պտտվում է իր շուրջը: Նա չի հասկանում, որ եթե իր հախուռն ելույթները չլինեն, հարյուր տարի մենք նրան չենք հիշի»: Ս. Սարգսյանը նաեւ խոստովանեց, որ Գեղամյանի ելույթները չի լսել եւ դրանց մասին իմանում է միայն լրատվամիջոցներից. «Դուք չլինեիք, նրա ասածները որեւէ ուշադրության չէին արժանացնի: Շաբլոն բան է, մշտապես էլ խոսում է»: Անդրադառնալով Գեղամյանի «պրովոկացիային»՝ կապված 1990թ. մայիսի 27-ի հետ, նախարարը նկատեց. «Գիտեք, երեւի թե ոգելից խմիչքի դոզան մի քիչ բարձր է եղել եւ նա շփոթել է, որ ես այդ ժամանակ Ղարաբաղում էի»: Ապա հորդորեց լրագրողներին՝ «թեման փակել, որովհետեւ ինքը (Գեղամյանը- Ռ. Մ.) շատ ուրախ է լինելու, որ մենք իրեն այսքան ժամանակ ենք հատկացնում»: Անդրադառնալով իր ամառային հանգստի մասին խոսակցություններին՝ Սերժ Սարգսյանը ասաց. «Որեւէ լեգենդ իմ հանգստի մասին չեմ ընթերցել: Որոշակի ակնարկներ եմ նայել: Բայց ինչո՞ւ այդ ակնարկները ինձ պետք է վերաբերվեն: Մոնակոյում շատ-շատ մարդիկ են եղել. Ռուսաստանից, Եվրոպայից, Նահանգներից, բազմաթիվ հայեր: Ուրախ եմ, որ վկաները չափազանց շատ էին եւ որեւէ մեկը չի կարող հերյուրանք տարածել» ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ