ՇԻԼԱՇՓՈԹ Սահմանադրական քննարկումների ընթացքում կոալիցիայի մի շարք գործիչներ կշտամբեցին ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանին, որ մեկ ամսում դրականից բացասականի փոխեց նախագծի նկատմամբ սեփական դիրքորոշումը՝ հարձակումների եւ դավաճանության մեջ մեղադրանքների ազդեցության ներքո: Եվ մասնավորապես, Տիգրան Թորոսյանը նշեց, թե Շավարշ Քոչարյանը 10-15 օր առաջ նման գնահատականներ չէր տալիս, թե նախագիծը պարունակում է բռնապետության տարրեր, ուստի սա ուղղակի նենգափոխություն է: ԱԺ ամբիոնից պրն Քոչարյանը չանդրադարձավ այս կշտամբանքներին, ուստի առանձին խնդրեցինք մեկնաբանություններ: «Երբե՛ք իմ դիրքորոշումը չի փոխվել,- ի պատասխան ասաց պրն Քոչարյանը:- Միշտ պաշտպանել եմ նույն գիծը եւ, երբ եղել են դրական քայլեր՝ նշել եմ դրանք: Բայց մինչեւ վերջ չեն ապահովվել մեր նվազագույն պահանջները: Նշեմ նաեւ, որ «դեպի բռնապետություն տանող» եմ անվանել մայիսի 11-ի նախագիծը: Այդ բռնապետական «ճաշը» համեմեցին ժողովրդավարական տարբեր բաղադրիչներով, եւ դրանից այն դարձավ շիլաշփոթ: Չեմ ասել, թե այսօրվա նախագիծն է բռնապետական, բայց հիմքը՝ ժողովրդավարական այս բաղադրիչներով համեմելու համար, դարձավ բռնապետական այդ «ճաշը», որի առանձին հատվածներ մնացել են»: ԱԺԿ-ն ազդարարեց իր դիրքորոշումը, թե ակտիվ հակաքարոզչություն չեն տանելու նախագծի դեմ: Արդյոք նման որոշման իրական պատճառն այն չէ, որ ներքուստ կողմ լինելով՝ պարտադրված են դեմ արտահայտվել նախագծին՝ մեր այս հարցին ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց. «Դա չէ խնդիրը: Շատ հստակ են պատճառները: Նախ, նույնիսկ այս փոփոխությունները, որոնք մեզ մինչեւ վերջ չեն բավարարում՝ պարտադրված են իրենց, խորթ զավակ են: Եվ ինչո՞ւ տալ Ռոբերտ Քոչարյանին լրացուցիչ հնարավորություն՝ բարդելով ընդդիմության վրա տապալել հանրաքվեն: Երկրորդ հանգամանքն այս է. ինձ համար ակնհայտ է ժողովրդի «ոչ»-ը, որ հենց իրենց՝ իշխանությանն ուղղված «ոչ» է. եւ ցույց է տալիս իրենց մեղքի բաժինը: Եվ եթե «ոչ» քարոզես՝ դրանով կթեթեւացնես նրանց մեղքի բաժինը, քանի որ կստացվի, որ «ոչ» ասացին ոչ թե իշխանությանը, այլ հետեւելով ընդդիմության կոչին»: Ա. Ի.