Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսնակը լռում է, որովհետեւ դեռ լսում է

Սեպտեմբեր 02,2005 00:00

Խոսնակը լռում է, որովհետեւ դեռ լսում է Վիկտոր Սողոմոնյանի դեբյուտը Պաշտոնավարման չորրորդ ամսում երեկ առաջին անգամ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ներկայացավ լրագրողներին: Նման ուշացումը նա բացատրեց պատեհ առիթի բացակայությամբ: Իսկ երեկվա ասուլիսի համար պատեհ առիթ էին հանդիսացել նախագահի առաջիկա եւ մեր հանրապետություն սպասվող այցերը: Ըստ այդմ, մինչեւ տարվա վերջ ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Սլովենիա, աշխատանքային այցով՝ Բելգիա, պետական այցով՝ Հունաստան: Հայաստան կժամանեն Ֆինլանդիայի, Լատվիայի, Մոլդովայի նախագահները եւ Հնդկաստանի փոխնախագահը: Այսքանով եզրափակվեց Վ. Սողոմոնյանի ասելիքը: Իսկ լրագրողների հարցերին խոսնակը պատասխանում էր բացառապես նախագահի՝ նախկինում արտահայտած տեսակետներին հղումներ անելով: Ըստ այդմ, դրական գնահատվեց ՌԴ-Թուրքիա հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Նախագահաբար պատասխան տրվեց նաեւ «Նեզավիսիմայա գազետայի» վերջին հրապարակումներին՝ մեկ լրատվամիջոցի, մեկ անձի, նեղ մտածողության արդյունք: Հիշեցնենք, որ «ՆԳ»-ն, վկայակոչելով կրեմլյան աղբյուրները, կարծիք էր արտահայտել, որ սահմանադրական բարեփոխումները Ռ. Քոչարյանին անհրաժեշտ են երրորդ անգամ վերընտրվելու համար: Հայաստանցի լրագրողների այս հարցապնդումը Վ. Սողոմոնյանը հարցով շեղեց. «Դուք կարո՞ղ եք դրա հիմքերը մատնանշել»: Կանխելու համար արտահերթ հնարավոր զարգացումներին վերաբերող հարցերը՝ նա հավաստիացրեց, որ Հայաստանում նախագահական ընտրությունները լինելու են հերթական՝ 2008-ին: Նախագահը բազմազբաղ լինելու պատճառով չի հետեւել ԱԺ-ում ընթացող սահմանադրական բարեփոխումների քննարկումներին: Բայց նրան պատմել են պատգամավորների ելույթների մասին: Նախագահը չի խրախուսել «ոչ կոռեկտ» ձեւակերպումները: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել, Վ. Սողոմոնյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց: Բայց հայտարարեց, որ դա հանձնարարություն չէ, այդ գործընթացում ներդրված չեն իշխանական ռեսուրսներ, իբրեւ փորձառու պաշտոնյա եւ գործիչ, պարոն Թումանյանն ինքնուրույն կարող է որոշել հանրապետության քաղաքական կյանքին իր մասնակցության ձեւաչափը: Այն, որ Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում բյուջեի ռազմական ծախսերը մի քանի անգամ բազմապատկել, մերոնց այդքան էլ չի անհանգստացնում: Համենայնդեպս, նախագահի մամուլի խոսնակն ասում է, որ սա այն դեպքը չէ, որ պետք է սուր ճոճել եւ պրոպագանդել հայկական կողմի արածները. «Կարեւորը ոչ թե նավթադոլարներ ունենալն է, այլ երկրի տնտեսությունը արդյունավետ աշխատեցնելը: Դա շատ ավելի կարեւոր ու նպաստավոր է»: «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակցի հարցին՝ իր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ է ուսանել 28-ամյա խոսնակը քաղաքական մեծ փորձ ունեցող նախագահից, Վ. Սողոմոնյանն ասաց. «Մի դասախոս ունեինք, որը միշտ ասում էր՝ առաջին կուրսում ուսանողը միայն պետք է լսի: Այնպես որ, թույլ տվեք մի վեց ամիս էլ լսեմ»: Իսկ ծննդյան տարեդարձը նախագահը նշել է ընտանիքի հետ՝ «առանց նվերների»,- ընդգծեց խոսնակը, որը տեղեկություններ չուներ հրավիրյալների մասին: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել