Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 02,2005 00:00

ԱՅՍՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Երեկ, երբ 2-րդ ընթերցմամբ քվեարկության դրվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ դահլիճում ներկա էին 83 պատգամավոր, սակայն քվեարկությանը մասնակցեցին 99-ը: ԱԺ արտահերթ նստաշրջանի երկրորդ օրը նախապես ցուցակագրվածներից իրենց ելույթներից հրաժարվեցին ՀՀԿ խմբակցության 6 պատգամավորներ: Հաջորդ օրը իրենց ելույթներից հրաժարվեցին կոալիցիայի եւս 4 ներկայացուցիչներ: Անկեղծորեն ափսոսում ենք, քանզի շատ հետաքրքիր էր, թե ինչպես են Սահմանադրությունը պաշտպանելու այդ տասնյակից ոմանք՝ ասենք, Սյունիքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը, որի ելույթները լսելու պատեհություն երբեւէ չենք ունեցել: Մեծամասնությունը ուղիղ եթերով քարոզչություն անելու հնարավորությունը գերազանցապես վերապահեց ընդդիմությանը: Գուցե նման շռայլ նվեր արեցին՝ հաշվի առնելով էլեկտրոնային լրատվամիջոցներից օգտվելու նրանց առավել սահմանափակ հնարավորությո՞ւնը: Իսկ գուցե եւ այն պատճառով, որ նիստերն ավելի կերկարեին, իսկ միայն քվեարկելու համար կանչված պատգամավորներին դահլիճի մատույցներում երկար պահելն այնքան էլ դյուրին գործ չէ: Սակայն նիստի վերջին օրը, երբ արդեն պետք է միայն քվեարկությունից առաջ ասվեր, թե երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածների վերաբերյալ ինչ առաջարկներ են ընդունվել (պարզվեց, որ ԱԺ կանոնակարգը չի խախտվել եւ այս դեպքում 30 օրն իրոք պարտադիր չէ), մեկ էլ սկսեցին իրար հետեւից հնչել ի պաշտպանություն սահմանադրական փոփոխությունների ելույթներ: Ասենք, արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ ասաց, թե Սահմանադրությունը չի կարող բոլորին միաժամանակ դուր գալ, այն ոչ մեկին՝ այդ թվում եւ կոալիցիայի կուսակցություններին, ամբողջությամբ չի բավարարում եւ չի կարող բավարարել: Եվ ընդհանրապես՝ այդ փաստաթուղթը փոխադարձ զիջումների եւ համաձայնության արդյունք է: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ, ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել այդ փոխհամաձայնությանը: Որպես դրա բացատրություն՝ նշեց երկու գործոն: Առաջինը՝ մի շարք կուսակցական առաջնորդներ «հոգու խորքում» չեն ցանկանում համակարգային փոփոխություններ, քանի որ մտածում են վաղվա մասին. «Մտածում են՝ ո՞նց կլինի էս ոչ լեգիտիմն էսքա՜ն հնարավորություններ ունի, բա վաղը ես՝ ազգընտիրս կամ փրկիչս չկարողանա՞մ վարչապետին ե՜րբ ուզենամ գործից ազատեմ»: Եվ երկրորդը՝ ըստ ԱԺ փոխնախագահի, նաեւ քաղաքական միջավայր է թափանցել ռաբիսությունը. «Դա արտահայտվում է ոչ միայն տերմինաբանությամբ, ելույթների ոճով, ձայնի տեմբրով, ժեստիկուլյացիայով, ինչի ականատեսը եղանք այս օրերի ընթացքում: Ռաբիսությունը մտայնության մեջ է՝ այս դահլիճում անընդհատ մի ստվեր կա, որից մեր կոլեգաները սարսափելի վախենում են: Ստվերը մարդկանց, որոնք դրսից կասեն՝ «յա՜, վախեցա՞ք», եւ քաղաքական փոխզիջումը կգնահատվի (դրան վստահաբար կնպաստեն մի շարք լրատվամիջոցներ)՝ որպես «ղազագրի» ստորագրում՝ «կզեցի՞ք տղերք, չդիմացա՞ք, հա՞, ծախվեցի՞ք կոալիցիային, Քոչարյանին ու Սերժին»: Ահա այդ տեսակի վերաբերմունքից վախենալով՝ ընդդիմությունը չկարողացավ քաղաքական մոտեցում ցուցաբերել եւ գործընթացը շարունակել մինչեւ վերջ. մնաց ռաբիսության մակարդակի վրա»: Անդրադարձավ նաեւ ընդդիմության փաստարկներից մեկին, թե գործող իշխանությունը չունի Սահմանադրությունը փոփոխելու բարոյական իրավունք: «Բարոյական իրավունքի մասին խոսող ընդդիմությունը ունի միայն մի ճանապարհ՝ գնալ նկուղներ, ընդհատակ, այնտեղ երգել «վիխրի վռաժդեբնիե վեյուտ նադ նամի» երգը, տպել «Իսկրա» թերթ եւ կարդալ Լենինի «Ապրիլյան թեզիսները»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:- Փորձը ցույց տվեց, որ մեր ընդդիմության խորհրդարանական հատվածը դա՛ էլ չի կարողանում անել: Վախենում եմ, որ սրանով հասարակությունը մտնում է փակուղի, քանի որ ընդդիմության իրական դերը ստանձնում կամ ստանձնելու են արտախորհրդարանական այն ուժերը, որոնք կոալիցիոն կուսակցությունների հետ ունեն գաղափարական տարաձայնություններ»: Ակնարկն ակնհայտորեն աջ ուժերի եւ ՀՀՇ-ի մասին էր; Նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն իր ելույթում առարկեց (մեծ մասամբ՝ դաշնակցական պատգամավորների) քննադատությանը գործող Սահմանադրության հասցեին: Արմեն Հարությունյանը նշեց, թե այն «ո՛չ հակաժողովրդավարական է, ո՛չ էլ հավասարակշռության տեսակետից խնդիրներ է ստեղծել հանրապետության համար: Չմոռանանք, որ Եվրոպայի Խորհրդի անդամ դարձել ենք գործող Սահմանադրությամբ եւ եթե այն ժողովրդավարական արժեքներին չհամապատասխաներ՝ Հայաստանը չէր կարող անդամակցել»: Վահան Հովհաննիսյանը երեկ էլ իր ելույթում կրկնեց, թե «ընդդիմության հեռանալը նիստերի դահլիճից ցույց տվեց, որ նրանց ի սկզբանե չէր էլ հետաքրքրում՝ կընդունվեն իրենց առաջարկները, թե՞ ոչ»: Սակայն հիմնական զեկուցող Մհեր Շահգելդյանի եզրափակիչ ելույթում որեւէ անդրադարձ չկար էլ ընդդիմության առաջարկներին: Թեեւ նա վաղօրոք ասել էր, որ հետեւելով հնչած ելույթներին՝ 6 էջ առաջարկներ է դուրս գրել: Մանուկ Գասպարյանը, որը նախապես հայտարարել էր, թե իր առաջարկները չընդունվելու դեպքում «դեմ» է լինելու՝ երեկ քվեարկեց ձեռնպահ: Սա միակ ոչ «կողմ» քվեարկությունն էր: Սահմանադրությունը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 98 ձայներով, թեեւ քվեարկածներից առնվազն մի տասնյակը դահլիճում չէին այդ պահին, ինչպես Լեւոն Սարգսյանը, Երեւանից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը (ի դեպ, նա պնդում էր, թե ներկա է եղել 1-ին ընթերցմամբ քվեարկությանը, թեեւ երեկ մեր հրապարակման մեջ նշել էինք հակառակը),Հովիկ Ազոյանը, Արտակ Սարգսյանը, Հովիկ Աբովյանը եւ այլք: Դարձյալ նշենք՝ այս ձայները վճռորոշ չէին՝ Սահմանադրությունը 2-րդ ընթերցմամբ կընդունվեր 66 ձայներով էլ: Սահմանադրությունն ամբողջությամբ կընդունվի թերեւս սեպտեմբերի 12-ից սկսվելիք նստաշրջանում: Հուսանք, որ գոնե այդ վերջին քվեարկությունը չի ստվերվի կեղծված ձայներով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել