Լրահոս
Օրվա լրահոսը

«6-ը» միայն խանգարում է

Սեպտեմբեր 02,2005 00:00

Սեպտեմբերի 14-24-ը «տեսահենային» եւ «ձայնահենային» իրավիճակը կանխելու նպատակով մի խումբ ստեղծագործողներ հանդիպում կխնդրեն ՀՀ նախագահից:

Հավանաբար, նույն հանդիպման ժամանակ արձակագիր Վահրամ Սահակյանը Ռ. Քոչարյանին կտեղեկացնի, որ ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր («6-րդ») վարչության աշխատակիցները խաղում են նախագահի անվան հետ:

Երեկ դերասան Հրանտ Թոխատյանը, արձակագիր Վահրամ Սահակյանը, երգիչներ Արամոն եւ Արթուր Իսպիրյանը «Ազդակ» ակումբում հանդիպեցին լրագրողներին: «Սա բողոքի ակցիա չէ, ուղղակի ուզում ենք մեր հեղինակային իրավունքները պաշտպանել: Վերջին տասը տարիներին մեր բնօրինակ ձայներիզներից բացի, դուրս են գալիս աննպատակ, անկապ գույներով ձայներիզներ: Մի տեղ աչքերս կանաչ են նկարում, մի ուրիշ ձայներիզի տուփի վրա կապույտ, մի տեղ էլ՝ կարմիր: Ստացվում է, որ մեր ստեղծած բերքը հավաքում են ուրիշներն ու մեր հաշվին հարստանում: Ուզում եմ հասկանալ, իրավապահ մարմինները հսկելո՞ւ են այս իրավիճակը, թե՞ ոչ»,- սրտնեղեց Արամոն:

Մամուլում բազմիցս գրվել է, որ բազմաթիվ երգիչների ձայներիզների բնօրինակները մեկ ամիս է՝ վեցերորդ վարչությունում են, որովհետեւ հուլիսի 20-ին «6-ի» ղեկավար Աշոտ Գիզիրյանի հանձնարարությամբ վարչության աշխատակիցները ներխուժել էին «Ռեկո Ռեկորդս» ձայնագրման ստուդիա ու առգրավել դրանք: «Ռեկո Ռեկորդսի» հիմնադիր Դավիթ Խանոյանը մամուլում հայտարարել էր, որ իր ՍՊԸ-ն փակվել է միտումնավոր` Ա. Գիզիրյանի բարեկամին պատկանող «Կարեն ստուդիոյի» բարգավաճման համար պարարտ հող ստեղծելու նպատակով:

«Ազդակի» հյուրերի կարծիքով՝ Երեւանը շատ փոքր է, եւ բոլորին է հայտնի՝ ով ինչով է զբաղվում: Փոխանակ իրական մեղավորներին պատժելու, սեւ շուկայում հայտնված կեղծ տեսաերիզներով ու ձայներիզներով հետաքրքրվելու, «վեցերորդցիները» վնաս են հասցնում երգիչ-երգչուհիներին: Արամոն ուզում էր պարզել, թե ո՞վ է փոխհատուցելու իրեն հասցված վնասները, եթե չկա ոլորտը կարգավորող օրենք. «Դիմեմ իրավապահներին, կասեն՝ դիմի հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալություն: Նրանք էլ երեւի կասեն՝ գնա՛ սոցապ: Սոցապը կուղարկի առողջապահության նախարարություն, նա էլ՝ մշակույթի նախարարություն եւ այլն»: Գլխացավանքից ազատվելու համար Արամոն եւ իր գործընկերները մշակել են ծրագիր, որը պատրաստվում են ներկայացնել հանրապետության նախագահին: Երգիչներն առաջարկում են ստեղծել պետական մի ընկերություն, թեկուզ պրդյուսերական կենտրոն, որը կպաշտպանի իրենց իրավունքները:

Վահրամ Սահակյանն էլ ավելորդ է համարում 6-րդ վարչության նման «ուշադրությունն» եւ «օգնությունը». «Եթե նրանց պետք է գումար աշխատել, մենք արվեստագետներով պատրաստ ենք ֆոնդ բացել եւ վճարել իրենց: Միայն թե մեր գործերին չխառնվեն: Ինչու են պահում մեր ձայներիզներն ու տեսաերիզները, չլինի՞ ոստիկանության շենքի տակ ուզում են CD-ների խանութ բացել»: Ըստ Վ. Սահակյանի, 6-րդ վարչության որոշ բարձրաստիճան «գործիչներ» արատավորում են հենց Ռոբերտ Քոչարյանի անունը. «Նրանք գործում են նախագահի անունից, ասելով, թե երկրի ղեկավարն անձամբ է զբաղվում կեղծ ձայներիզներ տարածողների հարցով: Պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀ նախագահը զբաղվի դրանով: Նման իրավիճակ նույնիսկ Բերիայի օրոք չկար»:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել