Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններին պալատը վրա չեկավ

Սեպտեմբեր 02,2005 00:00

«174-ի թիմն» ընդդեմ «181-ի թիմի»

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատում է գտնվում փաստաբանների վիճահարույց գործը: Փաստաբանների պալատի նախագահի մարտի 30-ի ընտրությունից հետո մեկ ՀՀ փաստաբանների միության անդամներն են հայտնվում հայցվորի կարգավիճակում, մեկ՝ Փաստաբանների միջազգային միության: Փաստաբանների մեկ այլ բույլ էլ հանդես է գալիս իբրեւ «3-րդ անձ», մի ուրիշ «թիմ» էլ՝ իբրեւ պատասխանող: Իսկական շիլա-շփոթ, որից օգտվում են դատավորները՝ փաստաբանական ծառայությունը վարկաբեկելու համար: Փաստաբաններից շատերը հրաժարվում են մեկնաբանել, թե, ի վերջո, ի՞նչ են ուզում, ի՞նչ է կատարվում իրենց ներսում:

Երեկ «Առավոտի» այս հարցմանն ի պատասխան, ճանաչված փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը ասաց, որ թե՛ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարանների վճիռների հիմքում դրվել են «ոչ ճիշտ ելակետային տվյալներ». ընտրությունների մասնակիցների թիվը 363-ի փոխարեն ընդունվել է 385-ը, «ինչպես նաեւ մեկ թեկնածուի ընտրության համար սահմանված հաշվարկի մեխանիզմն անհիմն տարածվել է երկու թեկնածուի տարբերակով ընտրության արդյունքներն ամփոփելու վրա: Այսինքն, անտրամաբանական հետեւությամբ Պալատի նախագահի ընտրությունը ճանաչվել է չկայացած»:

Ռ. Գրիգորյանը վկայակոչելով «Իրավական ակտերի մասին» օրենքն ու «ՀՀ ընտրական» օրենսգիրքը, հավելեց, որ վճռով սխալ են մեկնաբանվել «ձայների պարզ մեծամասնություն» ձեւակերպումն ու դրա բաղադրիչ՝ արդյունքների ամփոփման մեթոդ հանդիսացող «առավելագույն կողմ» կանոնադրական դրույթի հասկացությունները: Ռ. Գրիգորյանը հիշեցրեց, որ Պալատի նախագահի երկու թեկնածուների՝ Ռուբեն Սահակյանի, Ենոք Ազարյանի օգտին տրվել է 355 ձայն (177+181=355), որի կեսը կազմում է 177,5 ձայն: Ե. Ազարյանի օգտին տրվել է 181 ձայն, հետեւաբար, ձայների պարզ մեծամասնությամբ, Պալատի նախագահ է ընտրվել նա: «Առավոտի» հարցին, որ երկու ատյանի դատարանների վճիռներում արձանագրվել էր, որ «մանդատներ եւ քվեաթերթիկներ ստացել են 385-ը, այսինքն ակնարկվում էր, թե յուրաքանչյուրը պետք է հավաքեր առնվազն 193 ձայն, ինչը չի եղել», պրն Գրիգորյանը հակադարձեց այսպես. «Վճռում արձանագրվել էր. նկատի ունենալով այն հանգամանքը, որ ձայների հաշվարկի համար պետք է հիմք ընդունել ընդհանուր ժողովի նիստին ներկա գտնվող եւ քվեարկելու իրավունք ունեցող անձանց քանակը, ձեւակերպմամբ ցույց չի տրվել, թե ի՞նչ տրամաբանությամբ, ո՞ր իրավական ակտի հիման վրա է փակ գաղտնի քեարկությանը մասնակցած անձանց թիվը որոշվում ոչ թե միայն քվեաթերթիկներ ստացած ու փաստորեն ընտրություններին մասնակցած 363 անձանց հաշվառման ցուցակով, այլեւ ժողովին մասնակցելու համար հաշվառված ու մանդատներ ստացած, բայց քվեարկությանը չմասնակցած 22 անձանց միասնական ցուցակի տվյալներով»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել