Երեկ՝
սեպտեմբերի 1-ին, Հայաստանի 1450 դպրոցներում, 17 պետական բուհերում եւ 81 միջին
մասնագիտական հաստատություններում իրենց նոր ուստարին սկսեցին 500 հազար աշակերտներ,
60 հազար ուսանողներ, քոլեջների 30 հազար սաներ: Մենք եղանք մի քանի դպրոցներում՝
զրուցելու առաջին դասարանցիների տպավորությունների եւ դպրոցից սպասվող ակնկալիքների
մասին: Նրանցից շատերը պատկերացում էլ չունեին, թե ուր են եկել: Ծնողներն
ասում էին, որ շնորհիվ մանկապարտեզների եւ մասնավոր քոլեջների, հիմա ավելի հեշտ են
երեխաները հարմարվում դպրոցական կյանքին: Թելմանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցի
36 հոգուց բաղկացած դասարաններից մեկում միայն փոքրիկ Գոռը չէր ցանկանում դպրոց գալ,
քանի որ այսուհետեւ կրճատվելու էին նրա բակում խաղալու ժամերը: Եվս երկուսն էլ լաց
էին լինում՝ չհամակերպվելով առանց հայրիկի դասի նստելու մտքին: Երեխաները դպրոցական
առաջին օրը պատրաստվում էին միայն հինգերով տուն գնալ: Թիվ 98 դպրոցի առաջին դասարանցիներից
Հարությունը «Առավոտին» պատմեց, որ ծնողները նրան չէին ցանկանում այս տարի դպրոց
բերել, քանի որ դեռ 6 տարեկան չկա. «Բայց ես շատ էի ուզում, որովհետեւ մեծ քույրս
ու եղբայրս արդեն դպրոցական են: Ես համոզված եմ, որ լավ եմ սովորելու, հաստատ գերազանցիկ
կլինեմ»: Երեխաներից շատերը արդեն որոշել են, թե ինչ են անելու դպրոցն ավարտելուց
հետո: Թելմանցի նորաթուխ աշակերտներից Արմանը հաստատ համոզված էր, որ դպրոցն ավարտելուց
անմիջապես հետո Գերմանիա է մեկնելու, իսկ փոքրիկ Զառան որոշել էր դպրոցից հետո «ինստիտուտ»
գնալ ու բժիշկ դառնալ: Երեխաների մի մասն էլ երազում էր վարսավիր, ուսուցիչ դառնալ,
սակայն մեր անցկացրած հարցումներից պարզեցինք, որ այս ուստարվա առաջին դասարանցիների
ամենանվիրական երազանքը նախագահ դառնալն է: Երբ թիվ 13 դպրոցի 36 առաջին դասարանցիներին
հարցրինք, թե ո՞վ է ուզում նախագահ դառնալ, գրեթե ամբողջ դասարանը միահամուռ բացականչեց՝
«Ե՜՜ս»: Դպրոցներում կատարած մեր շրջայցից ուշագրավ էր բարձր դասարանցիների
հագուկապը՝ հատկապես աղջիկներինը: Թեեւ սեւ ու սպիտակ էին հագել, բայց ժամանակակից
դրսեւորումներով ու բարձրակրունկ կոշիկներով: Նրանցից շատերն օրվա առիթով գեղեցկության
սրահներ էին հաճախել, հարդարել էին ոչ միայն մազերը, այլ նաեւ մշակել հոնքերը: Իսկ
բջջային հեռախոսների ձայները լսվում էր ամենուր: Որոշ դպրոցներում, ըստ մեր անցկացրած
հարցումների, տնօրենը թույլատրում է բջջային հեռախոս ունենալ միայն բարձր դասարաններում:
Որոշ «անհանգիստ» ծնողներ էլ անհրաժեշտ էին համարում հեռախոսը՝ թեկուզ տարրական դասարաններում:
Առաջին դասարանցիները դեռ միմյանց չէին ճանաչում, սակայն ծնողներին խնդրում
էին առաջիկայում գնել այս կամ այն դասընկերոջ հագուստից, պայուսակից, գրենական պիտույքներից
եւ այլն: Այս իրավիճակից դժգոհում էին նաեւ ծնողները, սակայն պնդում էին,
որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երեխան ոչնչով չզիջի դասընկերներին: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ