Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՀՈԼԻ ՊԵՍ ԴԱՏԱՐԿ»

Սեպտեմբեր 02,2005 00:00

«ԴՀՈԼԻ
ՊԵՍ ԴԱՏԱՐԿ» Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, երեկ Վ.
Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսումնական նոր մասնաշենքի բացմանը մասնակցելուց
հետո, լրատվամիջոցներին հայտնեց, որ հետեւում էր սահմանադրական փոփոխությունների
քննարկումներին: «Ամիսներ շարունակ Ձեր միջոցով տեսակետներ էին արտահայտվում:
ԱԺ-ում ուղղակի խտացվեց այդ տեսակետները»,- այդպես մեկնաբանեց նախարարը ընդդիմադիրների
ելույթները: Անդրադառնալով «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես
Գեղամյանի խորհրդարանական ելույթներին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Գեղամյանը, ինչպես
միշտ, փորձել է ինչ-որ բան ասել: Նա ստախոս, բամբասկոտ, դհոլի պես դատարկ մարդ է:
Խուճապի մեջ է: Չգիտեմ՝ այս անգամ պատճառն ինչն է: Երեւի համագործակցելու առաջարկը
(համատեքստից կարելի է ենթադրել, որ նախարարն ակնարկում է իշխանության հետ համագործակցելու
Գեղամյանի առաջարկը- Ռ. Մ.) մերժվել է: Եվ մարդը չգիտի՝ ինչ անի: Նրան թվում է, թե
աշխարհը պտտվում է իր շուրջը: Նա չի հասկանում, որ եթե իր հախուռն ելույթները չլինեն,
հարյուր տարի մենք նրան չենք հիշի»: Ս. Սարգսյանը նաեւ խոստովանեց, որ Գեղամյանի
ելույթները չի լսել եւ դրանց մասին իմանում է միայն լրատվամիջոցներից. «Դուք չլինեիք,
նրա ասածները որեւէ ուշադրության չէին արժանացնի: Շաբլոն բան է, մշտապես էլ խոսում
է»: Անդրադառնալով Գեղամյանի «պրովոկացիային»՝ կապված 1990թ. մայիսի 27-ի հետ, նախարարը
նկատեց. «Գիտեք, երեւի թե ոգելից խմիչքի դոզան մի քիչ բարձր է եղել եւ նա շփոթել
է, որ ես այդ ժամանակ Ղարաբաղում էի»: Ապա հորդորեց լրագրողներին՝ «թեման փակել,
որովհետեւ ինքը (Գեղամյանը- Ռ. Մ.) շատ ուրախ է լինելու, որ մենք իրեն այսքան ժամանակ
ենք հատկացնում»: Անդրադառնալով իր ամառային հանգստի մասին խոսակցություններին՝
Սերժ Սարգսյանը ասաց. «Որեւէ լեգենդ իմ հանգստի մասին չեմ ընթերցել: Որոշակի ակնարկներ
եմ նայել: Բայց ինչո՞ւ այդ ակնարկները ինձ պետք է վերաբերվեն: Մոնակոյում շատ-շատ
մարդիկ են եղել. Ռուսաստանից, Եվրոպայից, Նահանգներից, բազմաթիվ հայեր: Ուրախ եմ,
որ վկաները չափազանց շատ էին եւ որեւէ մեկը չի կարող հերյուրանք տարածել» ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել