ՇԻԼԱՇՓՈԹ
Սահմանադրական քննարկումների ընթացքում կոալիցիայի մի շարք
գործիչներ կշտամբեցին ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանին, որ մեկ ամսում դրականից բացասականի
փոխեց նախագծի նկատմամբ սեփական դիրքորոշումը՝ հարձակումների եւ դավաճանության մեջ
մեղադրանքների ազդեցության ներքո: Եվ մասնավորապես, Տիգրան Թորոսյանը նշեց, թե Շավարշ
Քոչարյանը 10-15 օր առաջ նման գնահատականներ չէր տալիս, թե նախագիծը պարունակում
է բռնապետության տարրեր, ուստի սա ուղղակի նենգափոխություն է: ԱԺ ամբիոնից պրն Քոչարյանը
չանդրադարձավ այս կշտամբանքներին, ուստի առանձին խնդրեցինք մեկնաբանություններ: «Երբե՛ք
իմ դիրքորոշումը չի փոխվել,- ի պատասխան ասաց պրն Քոչարյանը:- Միշտ պաշտպանել եմ
նույն գիծը եւ, երբ եղել են դրական քայլեր՝ նշել եմ դրանք: Բայց մինչեւ վերջ չեն
ապահովվել մեր նվազագույն պահանջները: Նշեմ նաեւ, որ «դեպի բռնապետություն տանող»
եմ անվանել մայիսի 11-ի նախագիծը: Այդ բռնապետական «ճաշը» համեմեցին ժողովրդավարական
տարբեր բաղադրիչներով, եւ դրանից այն դարձավ շիլաշփոթ: Չեմ ասել, թե այսօրվա նախագիծն
է բռնապետական, բայց հիմքը՝ ժողովրդավարական այս բաղադրիչներով համեմելու համար,
դարձավ բռնապետական այդ «ճաշը», որի առանձին հատվածներ մնացել են»: ԱԺԿ-ն
ազդարարեց իր դիրքորոշումը, թե ակտիվ հակաքարոզչություն չեն տանելու նախագծի դեմ:
Արդյոք նման որոշման իրական պատճառն այն չէ, որ ներքուստ կողմ լինելով՝ պարտադրված
են դեմ արտահայտվել նախագծին՝ մեր այս հարցին ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց.
«Դա չէ խնդիրը: Շատ հստակ են պատճառները: Նախ, նույնիսկ այս փոփոխությունները, որոնք
մեզ մինչեւ վերջ չեն բավարարում՝ պարտադրված են իրենց, խորթ զավակ են: Եվ ինչո՞ւ
տալ Ռոբերտ Քոչարյանին լրացուցիչ հնարավորություն՝ բարդելով ընդդիմության վրա տապալել
հանրաքվեն: Երկրորդ հանգամանքն այս է. ինձ համար ակնհայտ է ժողովրդի «ոչ»-ը, որ հենց
իրենց՝ իշխանությանն ուղղված «ոչ» է. եւ ցույց է տալիս իրենց մեղքի բաժինը: Եվ եթե
«ոչ» քարոզես՝ դրանով կթեթեւացնես նրանց մեղքի բաժինը, քանի որ կստացվի, որ «ոչ»
ասացին ոչ թե իշխանությանը, այլ հետեւելով ընդդիմության կոչին»: Ա.
Ի.