Ըստ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ներկա իշխանությունները
Երեկ ՀՀ խորհրդարանում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների քննարկման
նպատակով հրավիրված արտահերթ նստաշրջանը եւ արդեն առանց ընդդիմության, պատգամավորները
98 «կողմ» եւ առանց «դեմ» ձայների ընդունեցին 2-րդ ընթերցման ներկայացված սահմանադրական
փոփոխությունների նախագիծը: Որքանո՞վ էր հաջողված «Արդարություն» դաշինքի մասնակցությունը
ԱԺ արտահերթ նստաշրջանին եւ արդյո՞ք արդարացան խմբակցության հույսերը՝ հանրայինի
ուղիղ եթերում սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասելու նրա դիրքորոշման շարժառիթները
հասարակությանը հասցնելու իմաստով: Անդրադառնալով այս հարցին, այդ հանրաքվեին
ի սկզբանե «ոչ» ասած եւ խորհրդարանի աշխատանքներին չմասնակցած «Հանրապետություն»
կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «ԱԺ նստաշրջանին մասնակցել-չմասնակցելը
մարտավարական խնդիր էր: Իմ համոզմամբ, մեր գործընկերները լավագույնս օգտագործեցին
ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով դիրքորոշում հայտնելու իրենց հնարավորությունը: Ընդդիմությունը
ներկայացրեց իր տեսակետները եւ նստաշրջանը լքելուց առաջ հայտարարեց, որ որեւէ ընտրություն,
հանրաքվե անցկացնելու համար չկա վստահության մթնոլորտ, այդ ուղղությամբ որեւէ քայլ
արված չէ, եւ այս իշխանությունները բարոյական իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններ
անել: Կարծում եմ, հասարակությունն ընկալեց դա, եւ ես դրա համար շատ ուրախ եմ: Բայց
մենք միաժամանակ գտնում էինք, որ այս իշխանությունների հետ որեւէ բանակցություն վարելն
անիմաստ է, որովհետեւ նրանց համար կարեւորը ոչ թե օրենքի լավ կամ վատ լինելն է, այլ՝
օրենքները սեփական շահերին հարմարեցնելը: Ի վերջո, նախորդ Սահմանադրության մեջ էլ
գրված չէր, որ ընտրությունները կարելի է կեղծել, կամ՝ սահմանափակել մարդկանց ազատ
տեղաշարժի իրավունքը, կամ՝ արգելել հանրահավաքներ, երթեր կազմակերպելը»: Ա.
Սարգսյանն անդրադառնալով նստաշրջանում հնչած ելույթներին նկատեց, թե՝ «դժբախտաբար,
ԱԺ-ում եղած ելույթները՝ հիմնականում իշխանությունների կողմից, հաճախ անցան կոռեկտության
սահմանը եւ տեղափոխվեցին անձնական վիրավորանքների դաշտ, ինչը ԱԺ-ին պատիվ չի բերում:
Բայց նաեւ հասարակությանը եւս մեկ անգամ պարզ դարձավ, թե ով՝ ով է, իշխանության որ
թեւի ներկայացուցիչն ինչ հրահանգով է աշխատում: Ինձ համար շատ զարմանալի էր նաեւ,
որ իշխանական թեւից որեւէ մեկը պատասխանատվություն չստանձնեց հանրաքվեն անպայմանորեն
անցկացնելու համար: Ես կարծում եմ, որ իրենք էլ չեն հավատում հանրաքվեի «այո»-ի հաղթանակին»:
Արտահերթ նստաշրջանի երեք օրերի ընթացքում ընդդիմության առաջնորդները հնարավորություն
ունեցան ԱԺ ամբիոնից եւ ուղիղ եթերում հիմավորել իրենց տեսակետը այդ փոփոխությունների
առնչությամբ, քաղաքական գնահատականներ տալ երկրում ստեղծված իրավիճակին: Ոմանց գնահատմամբ,
այդ ելույթները նպաստեցին ընդդիմության առաջնորդների վարկանիշի բարձրացմանը: Ա. Սարգսյանը
չի՞ ափսոսում, որ այդ հնարավորությունն ինքը չի օգտագործել: «Ես երբեք ընդդիմության
իմ գործընկերների հետ չեմ մրցակցել: Բայց ուզում եմ շեշտել, որ ի պատիվ «Հանրապետության»,
մեր կուսակցությունն այս ողջ ընթացքում եղավ ամենաարմատականն ու վճռականը իր դիրքորոշման
մեջ եւ քաղաքական «ոչ» ասաց սահմանադրական փոփոխություններին, ինչը՝ նստաշրջանի աշխատանքների
արդյունքում արդարացվեց: Մենք կարեւոր ենք համարում, թե, նույնիսկ լավագույն, փաստաթուղթն
ո՞վ է ներկայացնում եւ քաղաքական ի՞նչ նկրտումներ ունի: Մարդիկ, ովքեր գողություն
են անում, իրավունք չունեն ոստիկան լինել: Մեր ասածը սա է»,- հայտարարեց նա: Երեկ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանն իր ելույթում հանկարծ հիշել
էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից շատ կարեւոր է, որ Հայաստանը
ժողովրդավարական երկիր լինի, ուստի, ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
հայ ժողովուրդը պետք է «կողմ» քվեարկի նաեւ այն պատճառով, որ փաստաթղթի ընդունումը
կամրապնդի հայկական կողմի դիրքերը ղարաբաղյան հարցում: Նա նաեւ հավելել էր, թե՝ «որոշ
դեպքերում համաշխարհային հանրությունը հակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի
սկզբունքին, երբ կառավարման ժողովրդավարական ձեւերը բախվում են ավտորիտար ռեժիմներին»:
«Ես շատ ուրախ եմ, որ նույնիսկ Վահան Հովհաննիսյանն է դա հասկանում: Հենց
դա նկատի ունենալով նա պետք է հետեւություններ աներ 2003թ. -ին, երբ իրենք լինելով
իշխանություններ, կեղծեցին նախագահական, խորհրդարանական ընտրությունները, երբ 2004-ի
ապրիլին ժողովրդի դեմ բռնություններ կիրառեցին եւ այսպես շարունակ: ՀՀ իշխանությունների
հենց այդ գործողությունների «շնորհիվ» Հայաստանը հայտնվեց եվրոպական կառույցների
ուշադրության կենտրոնում եւ այս վիճակում: Նաեւ Տիգրան Թորոսյանը կարեւորեց ժողովրդավարության
դերը նույն համատեքստում: Բա էս մի քանի տարվա ընթացքում մենք ի՞նչ ենք ասում: Նշանակում
է, այն՝ ինչ ժամանակին արել են իշխանությունները ներկայացնող այդ մարդիկ՝ արել են
Ղարաբաղի դեմ: Դա գոնե պետք է խոստովանեն»,- ասաց Ա. Սարգսյանը: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ