Չայկովսկու դպրոցում «հեղափոխություն» չեղավ Նորանշանակ տնօրեն Անահիտ Շահբազյանը: Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական 64-ամյա դպրոցի նոր տնօրեն է նշանակվել նախկին փոխտնօրեն, դաշնակահարուհի, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Շահբազյանը: Նորանշանակ տնօրենի հետ զրույցից առաջ լսեցինք երաժշտարվեստում ճանաչված մասնագետների խոսքը նրա մասին: Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը հայտնեց, որ տիկին Շահբազյանը 25 տարի նույն դպրոցում աշխատել է որպես փոխտնօրեն. «Նա Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ է, ուսանել է հորս՝ Գեորգի Սարաջյանի մոտ, ապա ուսումը շարունակել Մոսկվայում: Կարծում եմ, ավելորդ է խոսել Անահիտի մասնագիտական կարողությունների մասին: Տարիներ շարունակ աշխատելով դպրոցի նախկին տնօրեն Տատյանա Հայրապետյանի հետ՝ նա իր մեծ ներդրումն է ունեցել դպրոցի ուսումնական ընթացքի կազմակերպչական աշխատանքներում: Ի դեպ, դպրոցի վաստակաշատ տնօրեն Տատյանա Բագրատովնան էլ էր Անահիտին տեսնում տնօրենի պաշտոնում»: Դաշնակահար, կոնսերվատորիայի պրոֆեսոր Իգոր Յավրյանը նշեց, որ կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի համար միեւնույն չէր, թե ով կզբաղեցնի տնօրենի աթոռը. «Մենք՝ երաժիշտներս, հեղափոխություն կամ հեղաշրջում չենք սիրում: Ուրախ ենք, որ դպրոցի կոլեկտիվը միաբերան մշակույթի նախարարությանը ներկայացրեց իր թեկնածուին ու վերջինս էլ հաստատվեց: Քանի որ այդ դպրոցի շրջանավարտներն են հիմնականում գալիս կոնսերվատորիա ուսանելու, վստահ ենք, որ ավանդույթներով հարուստ դպրոցը այսուհետեւ էլ կլինի այնպիսին, ինչպիսին եղել է»: Իսկ Անահիտ Շահբազյանը «Առավոտին» ասաց հետեւյալը. «Չայկովսկու դպրոցն ունի մշակութային հարուստ ավանդույթներ, ես այսուհետեւ եւս շարունակելու եմ դրանք: Ինչ վերաբերում է նախկին տնօրենին՝ Տատյանա Բագրատովնային, նրան հանգիստ չենք թողնելու. նրա խորհուրդների ու փորձառության կարիքը ոչ միայն ես, այլեւ բոլորս ունենք: Առաջիկայում նախատեսված է արտերկրից վարպետության դասընթացներ անցկացնելու համար հրավիրել անվանի երաժիշտների, միայն մեր դպրոցի շրջանակում անցկացնել մրցույթներ, կազմակերպել պատանի երաժիշտների համերգներ Հայաստանից դուրս»: Տնօրենը գտնում է, որ լավ կլիներ Չայկովսկու անվան դպրոցն ավելի մեծ հոգածության արժանանար: Նա փաստեց, որ Մոսկվայի հանրահայտ Կենտրոնական երաժշտական դպրոցը գտնվում է Ռուսաստանի կառավարության հովանու ներքո. «Այդ դպրոցի դահլիճի ակուստիկան ոչ միայն չի զիջում Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճի ակուստիկային, այլեւ գերազանցում է: Իմ երազանքն է տեսնել մեր դպրոցը վերանորոգված»,- ասաց նորանշանակ տնօրենը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ