Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Սեպտեմբեր 01,2005 00:00

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՆՔ ՏԱԼՈՒ Երեկ ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը լրագրողներից ներողություն խնդրեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չի կարող անձամբ մասնակցել նախապես հրավիրված մամուլի ասուլիսին: Նա ներկա էր լինելու սահմանադրական բարեփոխումների խնդրով հրավիրված ԱԺ նիստին: Ռուբեն Հայրապետյանը նպատակահարմար էր գտել, որպեսզի լրագրողներին հետաքրքրող հարցերին պատասխանի հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը: Ասուլիսն սկսվեց անմիջապես հարցերից: «Առավոտը» հետաքրքրվեց, թե իրականում ինչպե՞ս է ստացվել, որ Անդրեյ Մովսիսյանը եւ Ապուլա Էդիմա Բետեն Հոլանդիայի եւ Չեխիայի հետ հանդիպումներին նախապատրաստվող հավաքներին չեն մասնակցում: «Մենք մշտապես Անդրեյին մեր տեսադաշտում ենք պահել,- ասաց Ա. Մանուկյանը:- Նա հիմա լավ մարզավիճակում է ու ֆեդերացիայի համապատասխան անձինք ազգային հավաքականի գլխավոր մարզչին տվել են նաեւ նրա թեկնածությունը: Հենկ Վիսմանը համաձայնել էր հրավիրել նաեւ Մովսիսյանին ու սահմանված կարգով հրավերը ժամանակին ուղարկվել է: Սակայն իմ ու Անդրեյի հեռախոսազրույցի ժամանակ նա պատճառաբանեց, իբր ներկայումս ինքը «Մոսկվա» ակումբի հիմնական կազմում է ամրապնդվել եւ եթե բացակայի, կարող է տեղը կորցնել: Այսինքն, հրաժարվեց: Իհարկե, դա սարքովի պատճառաբանություն էր, քանի որ բոլորն էլ լավ գիտեն, որ ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի որակավորման փուլի պաշտոնական հանդիպումների ընթացքում բոլոր ազգային առաջնություններում ընդմիջում է հայտարարվում: Այնպես որ, Անդրեյը ցանկություն ունենալու դեպքում, առանց որեւէ խնդրի, կարող էր գալ, մարզվել, խաղալ ու հանգիստ վերադառնալ իր հարազատ ակումբ: Իսկ ինչ վերաբերում է Բետեին, նա «Փյունիկ» ակումբի անդամ է, ու ակումբը պետք է պատասխանի, թե ինչու նա հավաքականում չէ»: Արայիկ Մանուկյանը հավելեց, որ իր ունեցած տեղեկություններով Բետեն հիմա Հայաստանում չէ: Իսկ թե որտե՞ղ է նա, ինչո՞ւ եւ ինչո՞վ է զբաղվում, պետք է հարցնել «Փյունիկի» ղեկավարությանը: Պատասխանելով մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, Աշոտ Մանուկյանը եւ Արայիկ Մանուկյանը ասացին, որ հրավիրված բոլոր 21 ֆուտբոլիստներն էլ ժամանել են Երեւան ու երեկ առավոտյան արդեն երկրորդ մարզումն են անցկացրել: Վնասվածքներ ունեցողներ չկան, բոլորի տրամադրությունն էլ մարտական է: «Հոլանդիան, անկասկած, անհամեմատ ուժեղ հավաքական ունի: Սակայն մեր թիմը պայքարելու է: Մենք կորցնելու ոչինչ չունենք: Նրանք կորցնելիք ունեն: Համոզված եմ, որ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հետաքրքիր ու դիտարժան ֆուտբոլ է լինելու»,- ասաց Աշոտ Մանուկյանը: Թեեւ հակիրճ՝ անդրադարձ եղավ նաեւ մեր՝ մինչեւ 17, 19, 21 տարեկանների հավաքականներին, հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի ներկայիս վիճակին, կազմակերպվող «Զվարճալի ֆուտբոլ» եւ «Կաշվե գնդակ» մրցումներին, որոնք անցած տարվա համեմատությամբ բավականին առաջընթաց են ապրել հատկապես մասսայականության առումով: Արայիկ Մանուկյանն արդարացիորեն նշեց, որ, ցավոք, Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները պատշաճ ուշադրություն չեն հատկացնում դրանց ընթացքին ու լուսաբանմանը՝ չնայած մամուլի ասուլիսներում մշտապես հետաքրքրվում են դրանց իրական վիճակով: «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե ֆեդերացիայում ինչպե՞ս են վերաբերվում ընդհանրապես կանանց ֆուտբոլին, որին թե ՖԻՖԱ-ն, թե ՈՒԵՖԱ-ն այսօր առաջնային նշանակություն են տալիս: Տողերիս հեղինակը վերջերս հնարավորություն է ունեցել Օսլոյում ներկա լինել «Նորվեգիայի գավաթի» խաղարկությանը, որտեղ մինչեւ 16 տարեկան աղջիկների խմբում բավականաչափ հաջող հանդես եկավ Երեւանի «Քոլեջ» ակումբի «Նոր Նորք» թիմը՝ խմբային մրցաշարի արգելքն անցնելով 1-ին տեղով: Հատուկ մեր աղջիկների խաղը դիտելու էին գալիս Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահը, ՈՒԵՖԱ-ի առաջին փոխնախագահ Պեռ Օմդալը, որը նաեւ ՈՒԵՖԱ-ում Հայաստանի պատասխանատուն է: «Պատշաճ, թեեւ կանանց ֆուտբոլը հայերի հոգեմտածելակերպին այնքան էլ չի համընկնում»,- պատասխանեց Աշոտ Մանուկյանը: Անկեղծ ասած, դրան այնքան էլ համամիտ չենք, Հայաստանում կանանց ֆուտբոլը ավելի մեծ հոգատարության կարիք ունի: Վերջերս մի անգամ ներկա եղանք հանրապետության առաջնության հերթական տուրի հանդիպումներից մեկին: Այն ընթանում էր Աբովյան քաղաքի, ինչպես ժողովուրդն է ասում, կորած դաշտերից մեկում, առանց բժիշկների ներկայության, որը հենց ՈՒԵՖԱ-ի պահանջով պարտադիր է: Մինչդեռ, համոզված ենք, որ եթե այդ խաղերին տրամադրվեն ավելի բարվոք դաշտեր՝ նստելատեղերով, քիչ հանդիսականներ չեն հավաքվի: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել