Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 01,2005 00:00

ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ Մայրաքաղաքի հնագույն վայրերից մեկը՝ Երեւանյան լճի ձախ ափին 30 մ բարձրության վրա գտնվող եւ 6 հա տարածք զբաղեցնող «Շենգավիթ» հնագիտական թանգարանը անտերության է մատնված: Բնակատեղին 6 հազար տարվա պատմություն ունի: Առաջին պեղումներն այստեղ կատարել է պրոֆեսոր Եվգենի Բայբուրդյանը: Ավելի ուշ, 1950-ական թվականներին, Սանդրո Սարդարյանն է մեծածավալ պեղումներ կատարել, որոնց հիման վրա էլ 1960-ական թվականներին հիմնադրվել է «Շենգավիթ» թանգարանը: Վերջին անգամ 2000թ. Շենգավիթ համայնքում պեղումներ է կատարել հնագետ Հակոբ Սիմոնյանը, որոնց ժամանակ հայտնաբերված արժեքավոր շատ իրեր հանձնեց Հայաստանի պատմության թանգարանին: «Շենգավիթ» թանգարանի վարիչ Ալվինա Հարությունյանի հավաստմամբ՝ տարբեր տարիներին կատարված պեղումներից հայտնաբերվել են հնագիտական արժեք ներկայացնող բազմաթիվ նյութեր (խեցեղեն, ոսկյա եւ արծաթյա իրեր եւ այլն), որոնց մեծ մասը պահվում են Հայաստանի եւ արտերկրի տարբեր թանգարաններում: Խարխուլ տնակում տեղավորված թանգարանն (տանիքը պարբերաբար կաթում է) այսօր զուրկ է անգամ կենցաղային տարրական պայմաններից: «Շենգավիթն» ունի երեք աշխատակից եւ չորս պահակ, ովքեր, պարսպի բացակայության պատճառով, չեն կարողանում կանխել չորքոտանիների մուտքը արգելոց-թանգարանի տարածք: «Շենգավիթի» տարածքն ամբողջությամբ պեղված չէ, եւ հնագիտական արժեք ներկայացնող բազմաթիվ նյութեր այսօր կորստյան վտանգի առջեւ են կանգնած: Երկու տարի առաջ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրում ներառված էին նաեւ Էրեբունի, Կարմիր-Բլուր եւ Շենգավիթ թանգարանները: Նախատեսված էր երեք թանգարանների համար էլ նոր շենքեր կառուցել: Սակայն հետագայում այդ երեք թանգարաններն էլ դուրս մնացին «Մշակույթ» ծրագրից: «Էրեբունի» թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանը չկարողացավ ստույգ պատասխանել այն հարցին, թե ինչու «Էրեբունին» եւ իր մասնաճյուղերը դուրս մնացին «Մշակույթ» ծրագրից: Միայն ասաց, որ 200 հազար ԱՄՆ դոլար նախատեսված էր «Էրեբունի» թանգարանի համար, իսկ 100-հազարական ԱՄՆ դոլար էլ՝ «Շենգավիթի» եւ «Կարմիր բլուրի» համար: Նա վերստին հավաստեց, որ «Շենգավիթ» եւ «Կարմիր բլուր» թանգարաններն աղետալի վիճակում են, շտապ վերանորոգում են պահանջում եւ այլն: Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն էլ հավաստեց. «Նախագիծը կար, նախահաշիվները կազմել էինք, հանձնել «Մշակույթ» ԾԻԳ-ին»: Իսկ թե ինչու թանգարանները դուրս մնացին, նա չկարողացավ բացատրություն տալ: «Մշակույթ» ԾԻԳ-ից էլ հայտնեցին, որ ԾԻԳ-ը միայն շինարարական աշխատանքների պատվիրատուն է, եւ նա չի կազմում վերանորոգման կարիք ունեցող մշակութային օբյեկտների ցուցակը: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանի հավաստմամբ էլ՝ նախարարությունը Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ԾԻԳ-ին է ներկայացրել վերանորոգման կարիք ունեցող բոլոր մշակութային օբյեկտների ցանկը: Եվ քանի որ ֆինանսավորողը Լինսի հիմնադրամն է, իրենք էլ սեփական հայեցողությամբ ընտրել են եւ վերանորոգել այն օբյեկտները, որոնք համարել են առավել առաջնահերթ: ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել