Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարգիս

Սեպտեմբեր 01,2005 00:00

Սարգիս Հովիվյանը հաղթեց քաղաքապետին Ում մեղքով ձախողվեց ֆուտբոլի դպրոցի շինարարությունը «Իմ պատվին եւ առողջությանը մեծ վնաս է հասցվել: Հայ ժողովրդի մեջքը քաղաքապետարանը կոտրել է»,- երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը: Վերջինիս երազանքն էր ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց կառուցել: Այդ նպատակով վաստակավոր մարզիչ Հովիվյանին Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում վարձակալության իրավունքով տրամադրվել է 12400 քմ մակերեսով հողատարածք: Ս. Հովիվյանը 2000թ. սկսած՝ հողի հարկ է մուծել: Մինչ օրս այդ գումարը կազմել է 410 հազար դրամ: Անդորրագրերը երեկ ներկայացվեցին դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանին: Երեւանի քաղաքապետի 2000թ. ապրիլի 25-ի որոշման մեջ նշվում էր, որ դպրոցի շինարարությունն իրականացնելու նպատակով 20 տարի ժամկետով այն հատկացվելու է Ս Հովիվյանին՝ վարձակալության իրավունքով: Սակայն 2001-ի սեպտեմբերի 3-ին, 2003-ի հունվարի 21-ին, 2004-ի հունվարի 9-ին քաղաքապետը փոփոխություն է կատարում իր իսկ որոշումների մեջ: Երեկ, դատավարության ժամանակ, քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Կարինե Դանիելյանը նշեց, որ որեւէ աշխատանք չի կատարվել տարածքում, եւ այն վերածվել է աղբանոցի: Քաղաքապետ Երվանդ Զախարյանը վարձակալության իրավունքով Հովիվյանին տրամադրված տարածքի փոխարեն, նրան առաջարկում է «տարածքի փոխանակում, համարժեք եւ լրացուցիչ 2664,0 քմ մակերեսով հողամասեր», սակայն 15 տարի ժամկետով: Իրենց հայցում քաղաքապետը վտարման պահանջ էր դրել մի տարածքից, որի վրա մինչ օրս իր որոշումներն են փռված՝ սեւագրությունները: «Առավոտի» տեղեկություններով, այդ տարածքը տրվելու է դեսպանատներից մեկին: Քաղաքապետի ներկայացուցիչը չպատասխանեց դատավորի այն հարցին, թե ո՞րն է վտարման իմաստը, երբ, ըստ իրենց, ոչինչ չի արվել եւ Հովիվյանն ըստ էության չի զբաղեցրել այդ տարածքը: Անշարժ գույքի կադաստրի Կենտրոնի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ, երրորդ անձ ներգրավված Վահրամ Ռոստոմյանը գտնում էր, որ առանց մրցույթի իրավունք չունեին հողակտորը տրամադրել Հովիվյանին: Իսկ մնացած հարցերից նա զգուշորեն խուսանավում էր, պատասխանելով, որ իրենք ընդամենը գրանցող մարմին են: Կադաստրի ներկայացուցիչը, դուրս գալով իր լիազորությունների սահմանից, կարծիք հայտնեց, թե պետք է կնքվեր հողի հետ կապված ոչ թե վարձակալության, այլ՝ փոխանակման պայմանագիր: Հովիվյանի փաստաբանի՝ Սամվել Վարդանյանի հարցին, թե ինչո՞ւ չեք դիմել քաղաքապետարան՝ մրցույթի հետ կապված պարզաբանումներ ստանալու, կադաստրի ներկայացուցիչը պատասխան չգտավ: Դատական նիստի ժամանակ տեղեկացանք նաեւ, որ այս տարիների ընթացքում Հյուսիսային պողոտայի ողջ շինարարական աղբը լցվել է Հովիվյանին տրամադրված հողամասը, եւ Հովիվյանը դիմել է քաղաքապետարան՝ դադարեցնել այն, ցանկապատել տարածքը, սակայն քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկել: Երեկ դատարանը մերժեց քաղաքապետի հայցը, բավարարեց Սարգիս Հովիվյանի պահանջը՝ պարտավորեցնելով գրանցել վիճելի հողատարածքը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել