Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐ

Սեպտեմբեր 01,2005 00:00

ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑՈՒ ԱՉՔԵՐՈՎ Հայաստանի հմայքը՝ մեր հույն բարեկամի դիտարկմամբ Այսօր շատերը Հայաստան են գալիս որոշակի ծրագրերի շրջանակներում՝ արդեն պլանավորած հանգիստն անցկացնելու Գառնի-Գեղարդում, Դիլիջանում, Հանքավանում կամ Սեւանում: Բնականաբար, տեղի գործակալությունների աշխատակիցները հոգ են տանում, որ հյուրերը լավ տպավորություններով վերադառնան հայրենիք (հյուրերին կոնկրետ վայրերով են ման տալիս, համեմատաբար որակյալ տրանսպորտային, սննդային պայմաններ են ապահովում), ու դա մասամբ հաջողվում է: Բայց երբ արտասահմանցին Հայաստան է գալիս անհատական այցով ու հյուրընկալվում սովորական հայի բնակարանում, Հայաստանը ներկայանում է իր ամբողջական հմայքով: Ազգությամբ հույն Բրախնոս Ֆոտին, Հունաստանից իր հայուհի կնոջ՝ Վարդուհու հետ Հայաստան է եկել ընդամենը մի քանի օր առաջ, բայց արդեն հասցրել է ծանոթանալ տեղի խնդիրներին՝ էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խափանումներ, բանալիներով աշխատող կամ ընդհանրապես չաշխատող վերելակներ, պիտանելիության ժամկետից դուրս սնունդ եւ այլն: Մեր տանը հյուրընկալած Ֆոտին առաջին օրը զարմանալով վերելակի աշխատել-չաշխատելու վերաբերյալ կնոջ անհանգստության վրա, այժմ արդեն տնից դուրս չի գալիս, մինչեւ համապատասխան ճշտումներ չի անում վերելակների մասին: Դեռ օդանավակայանից դուրս չեկած՝ «վրա են տվել» բեռնակիրները ու սայլակներով հյուրերի տոպրակները մի քանի մետր քշելու համար նրանցից պոկել են 15 եվրո: Ավելի ճիշտ՝ ասել են 1500 դրամ է, բայց քանի որ նրանք դրամ չեն ունեցել, եվրոյով ստիպված են եղել վճարել 15: «Օդանավակայանը քաղաքի հայելին է, բայց ներս մտնելուն պես աղբի հոտից խելագարվում ես, գետինները ջարդած են, իսկ պատուհանագոգերն ու պատերն այնքան կեղտոտ են, որ չես կարողանում մի տեղ հենվել»,- ասում է Հունաստանի օդանավակայանում աշխատող Բ. Ֆոտին: Երբ նա դեռ հայրենիքում է եղել, իր ընկերներից մեկը, որը քիչ, թե շատ ծանոթ է եղել Հայաստանին, նրան խորհուրդ է տվել չգալ՝ վախեցնելով, թե լույս չկա, ջուր չկա, չես հարմարվի տեղի պայմաններին եւ այլն: Բայց քանի որ այստեղից անընդհատ լսել են, որ Հայաստանն առաջվանը չէ, փոխվել է, այնուամենայնիվ, «ռիսկի» է դիմել: Այցելության հենց առաջին օրը «թարսի պես» էլեկտրաէներգիան 2 ժամով անջատվեց (մարդը սովոր չէր մոմով զուգարան մտնել, ջուր լցնելով լվացվել): Բացի այդ, Երեւանի «Ջրմուղ-կոյուղուց» հայտնել են, որ առաջիկա օրերին ջրի գրաֆիկը խախտվելու է: Թեեւ փորձեցինք համոզել, որ նման բաներ այնքան էլ հաճախ չեն լինում, սա բացառիկ դեպք էր եւ այլն, արտասահմանցու զարմանքը մեծ էր. «Մեզ մոտ, եթե անգամ 5-10 տարին մեկ լույսերն անջատելու լինեն, պիտի 1 ամիս առաջ թաղամասի բոլոր բնակիչներին փոստով ծրար ուղարկեն, ներողություն խնդրեն ու անպայման փոխհատուցում տան»: Ֆոտիի համար հաջորդ անհասկանալի բանը Հայաստանում վարորդի եւ ոստիկանի փոխհարաբերություններն են: Ըստ նրա, ոստիկաններն այստեղ շատ-շատ են. «ամեն քայլափոխի կանգնեցնում են, որ բարեւ տաս ու ափի մեջ փող դնես»: «Այստեղ շատ են խախտումներ անում, որովհետեւ քաղաքացին քաղաքացուն չի հարգում, իրար կյանքի հետ են խաղում, քշում են՝ ոնց ուզում են»,- ասում է Ֆոտին: Նա նաեւ զարմացել էր, որ «փողոցներում լավ չեն երեւում երթեւեկության նշանները, եւ տվյալ հատվածում արագության առավելագույն չափի ցուցումները»: Իսկ գիշերը մեքենայով զբոսնելիս երկար տարածության վրա հանդիպած միակ լուսաֆորը նրան անկեղծ բավականություն պատճառեց: Մինչդեռ, խոսքը մեր մեջ, դրանք ընդհանրապես չկան կամ էլ «թաքցրած» են մի ծառի տակ: Ֆոտիի պատմելով՝ Հունաստանում բենզալցակայան մտնելու համար ոչ միայն պարտավոր ես հանգցնել ծխախոտը, այլեւ պիտի անջատես բջջայինները, էլ ուր մնաց թե՝ բջջայինով խոսելով մեքենա վարես: Ինչ վերաբերում է երթուղայիններին, թեեւ նրան դեռ բախտ չի վիճակվել վայելել քաղաքային տրանսպորտով երթեւեկելու «հաճույքը», բայց կողքից՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու նկատել է, որ դրանք գերբեռնված են: Ֆոտիի պատմելով՝ Հունաստանում երթուղային տաքսիներն անպայման ունենում են օդակարգավորիչներ, իսկ կանգառի համար զգուշացնելուց առաջ ոչ թե գոռում ես՝ «հոպար կամ ուստա, ստեղ մի տեղ պահի», այլ սեղմում ես նստարանիդ կողքի լույսերով զանգը: Սրանք մեր հույն բարեկամի առաջին չորս օրվա տպավորություններն են, անհարմար զգալով՝ սպասում եմ հետագա 15 օրվա ընթացքում նրա «դիտարկումներին»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել