Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՀԱ

Սեպտեմբեր 01,2005 00:00

ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» ԵԽԽՎ-ն Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին իր բանաձեւում ափսոսանքով էր նշել կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ «երկխոսության խզման» մասին, կարեւորելով համաձայնությունը: Մեղրամիսն ավարտվեց Խորհրդարանում երեկ վեճերը սկսվեցին դեռ առավոտից, երբ շարունակվում էր նախօրեին սկսված բանավեճը, թե արդյոք սահմանադրության փոփոխությունների 1-ին ընթերցմամբ ընդունված դրույթների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար պիտի՞ տրամադրվի ԱԺ կանոնակարգով սահմանված 30-օրյա ժամկետը: Նիստը նախագահողներն ի պատասխան ժամանակ չտրամադրելը հիմնավորում էին խրթին բացատրություններով, թե իրականում սա առաջին ընթերցում էր երկրորդ ընթերցման մեջ: Շավարշ Քոչարյանը վարման կարգի շուրջ ելույթ ունենալու համար համառորեն ձայն էր խնդրում, եւ ի վերջո, հունից դուրս գալով, Տիգրան Թորոսյանը գոռաց. «Ձեզ ոչ ոք իրավունք չի տվել խոսելու: Հանգիստ նստեք ձեր տեղը: Սա ձեզ համար միտինգ չէ»: Շավարշ Քոչարյանն ի պատասխան նետեց, թե ուժային մեթոդներ են կիրառում, եւ այդպես էլ ընդունելու են սահմանադրությունը: Քիչ անց սահմանադրական փոփոխությունների 2-րդ ընթերցմամբ քննարկվող հոդվածների շուրջ իր ելույթում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովին, ԱՄՆ դեսպանին ընդդիմությունից պաշտպանելու կոալիցիայի, եւ մասնավորապես Տիգրան Թորոսյանի ջանքերին՝ Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «Վա՜յ ԱՄՆ-ին, եթե իր պաշտպանը Տիգրան Թորոսյանն է»: Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը… Մի բախում էլ եղավ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի միջեւ: Առաջինն առանց անուններ տալու նշել էր, թե սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզում են մասնագետներ, որոնց գիտեն իբրեւ բուհերում ուսանողներից $50-100 կաշառք վերցնողների: Ռաֆիկ Պետրոսյանը նախապես ճշտել էր, որ խոսքն իր մասին չէ, սակայն հատուկ ելույթ ունեցավ ու պաշտպանեց իր իրավաբան գործընկերներին. «Հայտարարողն այն անձն է, ով իր 2, մեղմ ասած, թույլ երեխաներին աղաչանքներով ու պաղատանքներով է ավարտել տվել: Մարդը, որը նախկին իր ԲԽՍՍ-ական թալանված փողերով այսօր ունի 2 եւ ավելի մեծ ֆաբրիկաներ՝ խոսում է այն դասախոսների հասցեին, որոնք իրեն ընդառաջել են: Եվ այսօր էլ ցանկանում է նույն անգրագետ երեխաներից մեկին մագիստրատուրա ընդունել եւ մերժել են նրան: Այսինքն՝ այդ մարդը հարամում է այն աղբյուրը, որից ջուր է խմել իր ընտանիքի հետ միասին»: Հանձնաժողովի նախագահը նաեւ հայտարարեց. «Հաստատ համոզված եմ, այսօր երեկոյան նրա սեփական զավակները նրա դատաստանն անելու են իրենց տանը»: Պատերազմի «հրձիգը» Սակայն ամենաշատը լեզվակռիվների «օբյեկտ» դարձավ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Առիթ դարձավ երեկվա նրա առաջին ելույթը, որի ընթացքում անդրադարձավ Գալուստ Սահակյանի նախօրեին արված հայտարարությանը, թե ՀՀԿ-ն պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին: Գեղամյանը սա որակեց իբրեւ «ավետիս» ժողովրդին, քանի որ «ճիշտ նույն մարդիկ պաշտպանում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին» եւ հայտնի է, թե հետո ինչ եղավ: «Ազգային միաբանության» առաջնորդը հակադարձեց նաեւ Տիգրան Թորոսյանին: Վերջինս ասել էր, որ եթե ընդդիմությունն այժմ պիտի քննադատեր ԵԽԽՎ ղեկավարներին՝ ինչո՞ւ էր ամիսներ առաջ նրանց դռները կոտրում՝ պաշտպանություն փնտրելով: Ի պատասխան պրն Գեղամյանն ասաց, թե չեն ջարդում այն դռները, որոնք բաց են: Ու նաեւ պատմեց, որ երբ ԵԽԽՎ-ում «պատվիրակության անդամներից մեկը կմկմալով տեքստ էր կարդում՝ ազերիները եւ թուրքերը հեգնանքով նայում էին՝ է՞ս չեք դուք»: Եվ ձեռքն ուղղեց Տիգրան Թորոսյանի կողմը: Իր հերթին հետո նա էլ հակադարձեց, թե Գեղամյանն այդ դռները երբեք չի ջարդել. «Երբե՛ք որեւէ հանձնաժողովում, կամ լիագումար նիստի հետ կապված չի ներկայացրել որեւէ առաջարկ: Ոչ թե որեւէ մեկի ելույթով է պատմությունը կերտվում, այլ փաստաթղթերով»: Հավելեց, թե «պարկեշտ չէ, որ հայ մարդը հայ մարդու հետ փորձում է հարցեր լուծել թուրքերին եւ ադրբերջանցիներին վկայակոչելով»: Բազեի թռիչքը «Ազգային միաբանության» առաջնո րդի ելույթի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Արմեն Աշոտյանը պարզել էր 6:0 գրությունը: Հետո պարզաբանեց, որ այդպիսով գնահատել է պրն Գեղամյանի արտիստիզմը՝ ինչպես արվում է գեղասահքի ժամանակ. «Հայ թատրոնը կորցրել է մեծ դերասանի: Չգիտեմ՝ ինչ է շահել հայ քաղաքականությունը: Այնուհանդերձ՝ այսօրվա դրությամբ դեռ ոչինչ չի շահել»: Արմեն Աշոտյանը ելույթում առանց անուններ տալու՝ անդրադարձավ նաեւ Արշակ Սադոյանին: Վերջինս նախագահի անձեռնմխելիության դրույթի կապակցությամբ այն օրինակն էր բերել, որ եթե նախագահը թքի էլ պատգամավորի երեսին՝ մինչ լիազորությունների ավարտը չի կարող ենթարկվել որեւէ պատասխանատվության: Ահա եւ այս առնչությամբ «բազեների» առաջնորդն ասաց, թե «մազոխիստական մղձավանջով տառապած՝ 2-3 անգամ վայելում էր այն դրվագը, պատկերացնելով, թե երկրի նախագահն ինչպես պիտի թքի իր նման պատգամավորի երեսին: Այն աստիճանի էր հասել այդ մազոխիստական մղձավանջը, որ այդպես էլ չհասկացա՝ մանկական տարիքի կոմպլե՞քս է, թե՞ հաճելի որոշակի պահեր եք ապրում այդ ընթացքում»: Սադոյանն ի պատասխան բղավեց, թե ի՞նչ պիտի սովորեր Խաչիկյանից, ու Աշոտյանը խոստացավ, որ իր հետ կխոսեն հետո: «Մեկ այլ պատգամավոր՝ այստեղից արտահայտելով իր էրոտիկ, այդպես էլ չկայացած մանկական ֆանտազիաներն ինչ-որ մեկի ինչ-որ տեղերից կախվելու՝ չգիտես ինչու, կոալիցիային է փորձում կախել ժողովրդից»,- Աշոտյանն այս կերպ պատասխանեց Հմայակ Հովհաննիսյանի հորինած զավեշտին հայկական ռադիոյի պատասխանի մասին, որ եթե Վենետիկի հանձնաժողովը պաշտպանի կոալիցիայի սահմանադրական փոփոխությունները, «ապա կկառչեն ոչ միայն ժողովրդի ոտքերից, այլ նաեւ մարմնի այլ մասերից»: Աշոտյանը հավելեց, թե գուցե սա էրոտիկ ֆանտազիա չէ, այլ «մազի ներկի տոքսիկոզ, որ թունավորել է իրեն»: Ու ներկայացրեց սեփական ստեղծագործությունը. «Հայկական ռադիոյին վերջերս հարցնում են՝ եթե Հայաստանում լինի թավշյա հեղափոխություն, ի՞նչ գույնի այն կլինի: Հայկական ռադիոն պատասխանում է՝ նայեք… պատգամավորի մազերին՝ ա՛յդ գույնի»: Հմայակ Հովհաննիսյանը տեղից նետեց՝ «սափրագլուխ չի լինի»: Աշոտյանը, որ սափրագլուխ է՝ պատասխանեց. «Մազը զորություն ունենար՝ այծը տերտեր կլիներ, դուք էլ՝ նախագահ»: Եվ արցունքի երկու կաթիլ… Հմայակ Հովհաննիսյանն ավելի վաղ մի բախում էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ էր ունեցել: Պատգամավորը բավական խոհափիլիսոփայական մի ելույթ էր սկսել, թե ստիպված է իր հերոսների հետ միասին՝ «քայլել այս կյանքով, բոլորին երեւացող ժպիտը դեմքիս, եւ բոլորից թաքնված արցունքներն աչքերիս…», իսկ Գալուստ Սահակյանը սկսեց տեղից նկատողություն անել, թե «մի՛ գոռգոռա»: Այդժամ Հմայակ Հովհաննիսյանի քնարական տխրությունը փոխվեց բարկության ու նա բացականչեց. «Ես հասկանում եմ, որ այստեղ «դերժիմորդաներ» եք բոլորդ: Հասկանում եմ, որ այս դահլիճում միայն մի շտրիխ է բացակայում, որ մենք լիովին ունենանք «հոկտեմբերի 27»-ի պատկերը՝ Նաիրի Հունանյա՛նը»: Իսկ Աշոտյանին նախ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հակադարձեց՝ նշելով, թե Գեղամյանի հասցեին «արտահայտություններ կարող է անել գոնե նրա կալիբրն ունեցող քաղաքական գործիչը»: Ինքը՝ Գեղամյանը, երիտասարդ հանրապետականի ելույթի առնչությամբ այս զուգահեռն արեց. «Հին Երեւանում եթե որեւէ դուրսպրծուկ ուզում էր աչքի ընկնել՝ հայհոյում էր ամենասիրված, պաշտված մարդկանց՝ Փայլակ Սիմոնյանին, օղորմածիկ Նորիկ Թադեւոսյանին: Հետո շանսատակ էին անում, բայց ասում էր՝ ես կռիվ եմ տվել Փայլակի կամ Նորիկի հետ: Ճիշտ նույն սինդրոմն է»: Այս անգամ էլ նրան հակադարձեց Գալուստ Սահակյանը. «Ժարգոնով խոսում են կա՛մ գողերը, կա՛մ բառիգները»: Էլի լավ պրծանք Բախումներն այն սրության էին, որ եւս մի քայլ ու կվերածվեին ձեռնամարտի: Մանուկ Գասպարյանն անգամ հարկ համարեց «փառք ու պատիվ» ասել կոալիցիային, որ նիստերի դահլիճ չէին կանչել բախումներ հրահրողներին: Խոսքը թերեւս Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) մասին էր, որը բացակայում էր երեկվա նիստից: Սակայն կոալիցիայից միայն ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն էին կոչ անում խորհրդարանական ամբիոնը չօգտագործել անձնական վիրավորանքներ հասցնելու համար: Լեւոն Մկրտչյանը հենց նման «քննարկումներով» բացատրեց, թե ինչու ժողովրդի ընտրյալները «ոչ մի հենք չեն թողնում ժողովրդի համար, որ վերջապես հասկանա՝ ինչ է պետականությունն ու պետությունը»: Եվ ԱԺ-ում կատարվածի առնչությամբ ասաց. «Սա՛ է մեր պատկերը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել